Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը ներկայացրեց 2024թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.
- «Աբովյանի յուրօրինակ մագնետիտ-ապատիտային հանքավայրը Հայաստանում և դրա կապը Երևանի աղային ավազանի հետ» (Уникальное Абовянское магнетит-апатитовое месторождение в Армении и его связь с Ереванским солевым бассейном), զեկուցող` ե.գ.թ. Ն.Ա.Նեկրիլով
- «Հին դեղամիջոցներին՝ նոր կյանք», զեկուցող՝ ք.գ.թ. Շ.Շ.Դաշյան
- «Նորարարական լուծումներ նանոէլեկտրոնիկայում առաջադեմ նանոնյութերի կիրառմամբ», զեկուցող՝ ֆ.-մ.գ.թ. Մ.Ա.Երանոսյան
- «Ցինկսիլիկատային ֆոտոկատալիզատորների միկրոալիքային սինթեզ», զեկուցող՝ կ. գ.ա. Ա.Ս.Պետրոսյան
ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտները, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի, Արմենակ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներ, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն):

Բաժանմունքն ունի ԳԱԱ 5 ակադեմիկոս, 5 թղթակից անդամ և 16 արտասահմանյան անդամ: 2024թ․ բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 202 հոդված, 84 թեզիս, 5 մենագրություն և 2 ուսումնական ձեռնարկ: Ստացվել է 11 արտոնագիր։
Անցկացվել է 4 ընդհանուր ժողով, հանձնաժողովի 1 և բյուրոյի 14 նիստ, 5 խորհրդակցություն, ԳԱԱ սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության, բնական և տեխնածին աղետների հիմնախնդիրների պրոբլեմային խորհրդի ենթահանձնաժողովի 2 նիստ: Պրոբլեմային խորհրդի ենթահանձնաժողովի նիստերում քննարկվել են «Էկոատոմ» ՍՊԸ-ի ներկայացրած «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա լաք էթինոլի օգտահանման տեխնոլոգիան, հավանության է արժանացել ներկայացված տեխնոլոգիան գործնականում ներդնելու առաջարկությունը, «Փի Էս Այ» ՍՊԸ-ի մշակած սենսորային տեխնոլոգիան ու դրա կիրառությունները (հիմնականում սահմանների հսկման համար), հավանության է արժանացել առաջարկվող սենսորային տեխնոլոգիան։
ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը որոշեց դրական համարել բաժանմունքի 2024թ. գործունեությունը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.04.2025թ.