Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը ներկայացրեց 2024թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:
Տարեկան ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.
- «Խիստ ցրող օբյեկտների օպտիկական թափանցող պատկերագրում» (զեկ.՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Վ. Պապոյան)
- «Ակտիվ գալակտիկաների բազմալիքային որոնումներ և ուսումնասիրություններ» (զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ա.Մ. Միքայելյան)
- «Բլազարների ճառագայթման ուսումնասիրությունը մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով» (զեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Ն.Վ. Սահակյան)
- «Ակուստիկ ալիքների ազդեցությամբ նոր բյուրեղների ստացում և աճեցում» (զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ռ.Պ.Սուքիասյան):
- Հաղորդում ՌՖԷ-ում կատարվող և նախատեսվող կարևոր նշանակության հետազոտությունների վերաբերյալ (զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Տ.Վ. Զաքարյան)
- «Մութ նյութի մասնիկների որոնում Bell II դետեկտորով. տեսության և փորձի համընկնում» (հեռավար զեկ՝ ՀՀ ԳԱԱ արտ. անդամ Ա. Յու. Խոջամիրյան)։

Բաժանմունքի կազմում ընդգրկված են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները և ԻԿՐԱՆԵՏ-Հայաստան միջազգային կազմակերպությունը:

Բաժանմունքն ունի 4 ակադեմիկոս, 10 թղթակից անդամ և 22 արտասահմանյան անդամ։ Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 3 արտոնագիր։ Գիտաշխատողները տպագրել են 4 մենագրություն, 3 հանրապետական ուսումնական ձեռնարկ, 231 հոդված, 151 թեզիս։ Բաժանմունքի գիտահետազոտական ինստիտուտներն անցկացրել են 29 միջոցառում, այդ թվում՝ սեմինարներ, միջազգային ու երիտասարդ գիտնականների գիտաժողովներ։

Ձևավորվել և գործում են ԳԱԱ Ներդրումային հիմնահարցերի ու Հատուկ նշանակության հիմնախնդիրների մասնագիտական խորհուրդներ: Բաժանմունքը հրատարակում է «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. ֆիզիկա», «Աստղաֆիզիկա», «Armenian journal of physics» ամսագրերը։

ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողով որոշեց․
- քննարկել կազմակերպությունների՝ տարիներ առաջ հաստատված թեմատիկայի վերանայման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով արդիականությունը, հանրապետության համար կարևորությունը և կադրերով ապահովվածությունը:
- Կարևորել հիմնարար հետազոտությունների արդյունքների հիման վրա հանրապետության՝ հատկապես անվտանգային և առողջապահական բնագավառներում կիրառման նպատակով հեռանկարային նորարական աշխատանքների իրականացումը:
- Նախատեսել հանրապետական և միջազգային գիտական համագործակցության վերաբերյալ տնօրենների զեկույցներ (5 սեմինար)։
- Կազմակերպել արտասահմանյան գիտնականների սեմինարներ, համատեղ իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ (8 սեմինար)։
- Ձևավորել նախաձեռնող խումբ տիեզերական հետազոտությունների բնագավառի աշխատանքները համակարգելու, միջգիտակարգային ծրագրեր մշակելու և ՀՀ ԳԱԱ նախագահությանն առաջարկներ ներկայացնելու համար:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.04.2025թ.