Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովի ընթացքում 2024թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները․

- Օմեգա-սահմանափակ տեսքի ֆունկցիաների տեսության մասին (զեկ.` ֆ․-մ․գ․դ․Ա․Մ․ Ջրբաշյան)
- Մագնիսապես ակտիվ սալերի և թաղանթների մագնիսաառաձգական տատանումներն ու կայունությունը (զեկ.` ֆ․-մ․գ․թ. Մ․Ա․Միկիլյան)
- Նոր բավարար պայման կողմնորոշված գրաֆների համիլտոնյանության համար (զեկ.` ֆ․-մ․գ․թ. Ս. Խ․Դարբինյան)

ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:

Բաժանմունքն ունի ՀՀ ԳԱԱ 8 ակադեմիկոս, 6 թղթակից անդամ, 24 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր: 2024թ. բաժանմունքի գիտնականների կողմից հրատարակվել է 5 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ, 170 հոդված: Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 3 միջազգային գիտաժողով։ Միջազգային ֆինանսավորմամբ իրականցրել է 4 ծրագիր Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում:

Հրատարակվել են «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր (4 համար). Մաթեմատիկա» և «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը, ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագիր» (տեխնիկական գիտություններ սերիա) (4 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն՝ «Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար): Բաժանմունքի ինստիտուտների գիտական մասնագիտական խորհուրդներում պաշտպանվել է 3 թեկնածուական ատենախոսություն։

ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը որոշեց․
- շարունակել առանձնակի ուշադրություն դարձնել Հանրապետության համար հատուկ նշանակության խնդիրների լուծմանը;
- հատուկ ուշադրություն դարձնել բաժանմունքի ինստիտուտների միջև միջգիտակարգային հետազոտությունների իրականացմանը;
- ընդլայնել բաժանմունքի ինստիտուտների համագործակցությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ;
- առաջարկել «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա», «Mathematical Problems of Computer Science» և «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. տեխնիկական գիտություններ» հանդեսների խմբագրակազմերին ակտիվ միջոցներ ձեռնարկել «Scopus» շտեմարանի ցուցակային կազմում այդ ամսագրերն ընդգրկելու ուղղությամբ;
- առաջարկել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին գիտական աստիճանաշնորհման ցուցակում ընդգրկված ամսագրերի և հրատարակչությունների համար սահմանել տեղական նշանակության ազդեցության գործոն (impact factor)։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.04.2025թ.