|
|
|
|
|
Նորություններ / Պահոց
01/09/2021
Որոնք են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում օտարածին բուսատեսակները՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բացահայտումը
|
|
|
|
|
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ իրականացրել են ինվազիվ՝ օտարածին բուսատեսակների դաշտային ուսումնասիրություններ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) և ստեղծել են օտարածին բուսատեսակների ցանկեր:
Այս օտարածին բույսերը ագրեսիվ են, ներթափանցում են բնական էկոհամակարգեր՝ լիովին փոխելով դրանք և հանգեցնելով կենսաբազմազանության կորստի, առանձին դեպքերում հսկայական վնասներ հասցնելով տնտեսությանը: «Հետազոտությունը ոչ միայն հիմնարար աշխատանք է, այլև հիմք է ծառայելու օրենսդրական փաստաթղթերի մշակման, հատուկ պահպանվող տարածքներում պահպանության միջոցառումների մշակման և իրականացման համար», - ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը, ով ղեկավարում է գիտական խումբը: Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Գիտնականներն առաջարկել են կազմակերպել ինվազիվ բույսերի տարածման մշտադիտարկում, լրացուցիչ ուսումնասիրություններ, նաև մշակել դրանց վերահսկմանը, ներթափանցմանն ու տարածման կանխմանն ուղղված միջոցառումներ։ Այդ բույսերն են`
- «Խոսրովի անտառ» արգելոցում՝ Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Հոտոտ արևելյան, Դառը բիան, Կառ փշոտ, Սպիտակ ակացիա:
- «Էրեբունի» պետական արգելոցում՝ Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Կանճրակ թուրքեստանյան, Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Կոնիզա կանադական, Դառը բիան, Կառ փշոտ:
- «Շիկահող» պետական արգելոցում` Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Անթեմ տրիումֆետիի, Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Տատասկ ալեհեր, Կոնիզա կանադական, Բալդրղան թավոտ, Կտուցախոտ արևելյան, Սպիտակ ակացիա, Կաթնափուշ բծավոր, Լվածաղիկ սովորական, Խռնդատ փռված:
- «Սևան» ազգային պարկում՝ Հազարտերևուկ ասպիրակի, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Տատասկ ալեհեր, Գինազոխ բծավոր, Չիչխան դժնիկանման, Սպիտակածաղիկ սովորական, Կառ փշոտ, Կտուցախոտ արևելյան, Լվածաղիկ սովորական, Խռնդատ փռված, Անմեռուկ չռված:
- «Արփի լիճ» ազգային պարկում՝ Գազ այծմորուքանման, Խիժաճարճատուկ կնյունանման, Տատասկ ալեհեր, Սպիտակածաղիկ սովորական, Լվածաղիկ սովորական:
- «Դիլիջան» ազգային պարկում՝ Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Ամբրոզիա օշինդրատերև, Տատասկ ալեհեր, Հոտոտ խաղողատերև, Կոնիզա կանադական, Բալդրղան Սոսնովսկու, Բալդրղան թավոտ, Սպիտակ ակացիա:
- «Արևիք» ազգային պարկում` Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Կանճրակ թուրքեստանյան, Տերեփուկ վրացական, Տատասկ ալեհեր, Հոտոտ արևելյան, Կոնիզա կանադական, Դառը բիան, Կառ փշոտ, Սպիտակ ակացիա, Կաթնափուշ բծավոր, Լվածաղիկ կուսատերև, Խռնդատ փռված, Անմեռուկ չռված:
Ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ)՝ «Ինվազիվ բուսատեսակների կողմից Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հասցվող վտանգների գնահատում» թեմայի ֆինանսավորման շրջանակներում։ Ծրագրի արդյունքում 2020թ. լույս է տեսել «Բույսեր նախահարձակներ. Հայաստանի առավել կարևոր էքսպանսիվ և ինվազիվ բուսատեսակները» 88 էջանոց մենագրությունը, որի համահեղինակներն են Գեորգի Ֆայվուշը, Ալլա Ալեքսանյանը, Հռիփսիմե Հովհաննիսյանը: (https://www.researchgate.net/publication/346051947_ Aggressive_plants_The_most_important_invasive_and_expanding_plants_of_Armenia):
«Չնայած այն փաստին, որ մենագրությունը լույս է տեսել հայերենով, սակայն մեծ հետաքրքրություն է առաջացրել օտարերկրյա գործընկերների շրջանում, ովքեր, առցանց ծանոթանալով գրքին, բազմաթիվ դրական կարծիքներ են հայտնել՝ կարևորելով նման հետազոտությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային գիտական հանրության համար։ Մենագրությունը մեծ դրական արձագանք է գտել նաև Հայաստանի գիտնականների և Շրջակա միջավայրի նախարարության կողմից»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության բաժնի վարիչ, միջազգային ծրագրերի փորձագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը:
Նա նշեց, որ հետազոտության արդյունքները դեռևս մշակման փուլում են և ընդգրկվելու են հոդվածների շարքում։ «Այս հետազոտությունը միայն սկիզբն է այն հսկայածավալ ուսումնասիրությունների, որոնք պլանավորել ենք իրականացնել առաջիկա տարիներին գիտության այս ուղղությամբ՝ ընդգրկելով նաև միջազգային գործընկերներին», - ասաց Գեորգի Ֆայվուշը։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն 01.09.2021թ. |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
Կայքը հաճախել են 7 156 353
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|