Սույն թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Մոլեկուլային գենետիկական մոտեցումները, որպես կենսաբազմազանության գնահատման և մոնիթորինգի գործիք» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը։ Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնը և ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) և աջակցությամբ։
Դպրոցի շրջանակներում սեպտեմբերի 25-ին և հոկտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Մոլեկուլային գենետիկական մոտեցումները, որպես կենսաբազմազանության գնահատման և մոնիթորինգի գործիք» խորագրով նիստեր։ Ողջյունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանն ասաց․ «Վերջին տասնամյակներում մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի և գոնեմիկայի տեխնոլոգիական զարգացումը մեծապես նպաստել է նաև հարակից դիսցիպլինների, մասնավորապես, կենսաբազմազանության համապարփակ ուսումնասիրմանը։ Հատկապես
արդյունավետ է մոլեկուլային տարբեր մարկերների կիրառումը, որպես գերճշգրիտ մոլեկուլային գործիք՝ գենետիկական անձնագրավորման, գեների ալելային բազմաձևության գնահատման, տարբեր ռեզիստենտ գեների նույնականացման գործում։ Սեկվենավորման տեխնոլոգիական առաջընթացում մեծ դերակատարում ունի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը: Այնտեղ ավելի քան տասը տարի ակտիվ տարվում է ՀՀ խաղողի կենսաբազմազանության ուսումնասիրությունը՝ ներառյալ գենետիկական ռեսուրսների ինվենտարիզացիան, գենետիկական և ֆենոտիպային անձնագրավորումը, ամբողջական գենոմի սեկվենավորումը և ստացված տվյալների թվայնացումը միջազգային տվյալների բազաներում։
Ժամանակակից մոլեկուլային մեթոդներն ակտիվորեն ներդրվում են նաև ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում: Եվ հետագայում մեր երկրի գենետիկական ռեսուրսների պահպանումը, կայուն օգտագործումն ու մատչելիությունը պետք է հիմնվի մոլեկուլային կենսաբանության նորագույն մեթոդների վրա»։
Նիստերին մասնակցեցին գիտնականներ և ուսանողներ Հայաստանի և արտերկրի գիտական և կրթական հաստատություններից։
Ներկայացվեցին հետաքրքիր դասախոսություններ, զեկուցումներով հանդես եկան գիտաշխատողներ Գերմանիայից, Իտալիայից, Հայաստանից, Սերբիայից և Ֆրանսիայից։ Մասնակիցները ծանոթացան կենսաբազմազանության ոլորտում առաջատար հետազոտությունների արդյունքներին, կիրառվող նոր գիտական մոտեցումներին ու հեռանկարներին։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08․10.2024թ.