Սույն թվականի հուլիսի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման ընդլայնված նիստը, որին մասնակցեցին երիտասարդ գիտաշխատողներ ՀՀ գիտական տարբեր ինստիտուտներից և կենտրոններից։ Քննարկվեցին երիտասարդ գիտնականների արդի խնդիրները, գիտության զարգացման հեռանկարները:
![](https://www.sci.am/images/2021/240703_163124_b_20240603_body_1.jpg)
Նիստը վարեցին ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների միավորման փոքր խորհրդի անդամ Բաբկեն Հովհաննիսյանը։
![](https://www.sci.am/images/2021/240703_163131_b_20240603_body2.jpg)
Քննարկվեց «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է միավորել ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները և ԲՈՒՀ-երը։ Երիտասարդ գիտնականները նշեցին, որ ծրագրի վերաբերյալ լիարժեք տեղեկացված չեն, ուստի հրատապ են համարում հանդիպել անմիջապես ծրագրի պատասխանատուների հետ՝ քննարկելու ծրագիրը։
![](https://www.sci.am/images/2021/240703_163138_b_20240603_body3.jpg)
Քննարկման մասնակիցները նշեցին գիտական առողջ սերնդափոխության, գիտական համայնքի զարգացման գործընթացում բարեփոխումների անհրաժեշտության մասին:
Կարևորվեց միջգիտակարգային և միջազգային համագործակցությունը՝ որպես գիտության զարգացման հեռանկար։ Նաև կարևորվեց գիտահանրամատչելի միջոցառումների անցկացումը կրթական տարբեր հաստատությունների ներգրավմամբ։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
03․07․2024թ․