«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ»:
Մրցույթի նպատակներն են խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, խրախուսել հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներով անգլիալեզու տպագրությունը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։
Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով, անցկացվում է երեք ենթածրագրով՝
- առաջին՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար դրամաշնորհի տրամադրում: Մրցույթին ներկայացված հոդվածի քառորդը ընտրվում է տվյալ ամսագրի բոլոր կատեգորիաների քառորդներից ամենաբարձրը` համաձայն 2023 թվականի տվյալների։ Նախկինում տպագրված հոդվածների դեպքում ընտրվում է տպագրության տարվա առավելագույն քառորդը,
- երկրորդ՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ըստ տվյալ կատեգորիայի ամսագրերի դասակարգման առաջին (Q1) քառորդի առաջին հինգ ամսագրերում տպագրած հոդվածի համար դրամաշնորհի տրամադրում,
- երրորդ՝ հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներով (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ցանկի 5-րդ և 6-րդ բաժիններում ընդգրկված մասնագիտություններով) «Scimago Journal & Country Ranking (SJR)» պորտալի առնվազն Q4 քառորդում ընդգրկված ամսագրերում տպագրված գիտական հոդվածների համար դրամաշնորհի տրամադրում:
Մրցույթին յուրաքանչյուր գիտական հոդված կարող է ներկայացվել մեկ անգամ։ Ներկայացվող գիտական հոդվածը պետք է հրապարակված և հասանելի լինի առցանց կամ տպագիր տարբերակով։ Գիտական աշխատանքի հրապարակման (publication date) կամ առցանց հասանելի դառնալու (available online) ամսաթիվը պետք է լինի 2023 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Հայտատուն մրցույթին կարող է ներկայացնել մեկ գիտական հոդված։ Առաջին և երկրորդ ենթածրագրերին ներկայացված գիտական հոդվածը պետք է տպագրված լինի ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների ազդեցության գործակից (այսուհետ՝ ԱԳ) ունեցող ամսագրերում։ Հայտատուի կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետությունում և այդ կազմակերպությունը պետք է նշված լինի տպագրված հոդվածում որպես հեղինակի պատկանելության (affiliation) վայր։
Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ մրցույթի հայտին՝ այստեղ։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26․06․2024թ․