Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Հերիքնազ Վանիկի Որսկանյանը։
Հերիքնազ Որսկանյանը ծնվել է 1970 թ-ին։ 1994 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը՝ հայոց լեզու և գրականություն մասնագիտացմամբ։ 1994-1997 թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ։ 2006 թ-ին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
Հերիքնազ Որսկանյանը 1993 թ-ից աշխատել է Վաղարշապատի թիվ 9 և թիվ 7 դպրոցներում։ 2015-2022 թթ-ին եղել է Վաղարշապատի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալն ուսումնական աշխատանքների գծով։ 1998 թ-ից նա աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 2013 թ-ից ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է, նաև գիտքարտուղարը։ 2015 թ-ից զբաղեցրել է ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը։ 2023 թ-ից ինստիտուտի Հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Հերիքնազ Որսկանյանի գիտական հետաքրքրությունների ոլորտներն են հայ հին և միջնադարյան գրականությունը և հայ նոր գրականությունը։ Նա հեղինակ է 1 մենագրության՝ «Ներսես Շնորհալու պոեմները», 33 հոդվածի։ Մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովների:
2015 թ-ին Հերիքնազ Որսկանյանը ստացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումը, իսկ 2018 թ-ին պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ Վաստակագրով։
Հերիքնազ Որսկանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի 2023-2026 թթ-ի զարգացման ծրագիրը։ Նա նշեց, որ ինստիտուտի զարգացման ռազմավարական ուղղություններն են ազգային ինքնության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետազոտությունների խթանումը, հայ գրականության միջազգային ճանաչելիության բարձրացումը, միջազգային համագործակցության ամրապնդումը, միջգիտակարգային ուսումնասիրությունների, երիտասարդ գիտնականների պատրաստվածության զարգացումը, ինստիտուտի հետազոտությունների թվայնացման և հանրայնացման մակարդակի բարձրացումը:
«Մենք նպատակ ունենք իրականացնել Արցախի թեմային նվիրված հետազոտություններ, հրատարակել ‹‹Հայ գրականության պատմության››, հայ դասականների երկերի ակադեմիական հատորներ, գրողների կյանքի և ստեղծագործության տարեգրություններ, ապահովել համագործակցություն գիտական կենտրոնների և թանգարանների հետ», - ասաց Հերիքնազ Որսկանյանը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20․09․2023թ․