2023 թվականի օգոստոսի 8-25-ը Մոլեկուլային և տեսական կենսաբանության դպրոցը (ՄՏԿԴ) ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) հետ համատեղ տարբեր երկրներից ավագ դպրոցի ավելի քան 40 աշակերտների համար կազմակերպել է միջազգային երեքշաբաթյա ամառային դպրոց։ Նպատակը համատեղ գիտական աշխատանքի իրականացումն է 18 երկրներից հրավիրված 60 գիտնականների ղեկավարությամբ:
Աշակերտներին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու գիտական միջավայրում, իսկական լաբորատորիաներում իրականացվող գիտափորձերին, ինչը թե՛ ինտելեկտուալ, թե՛ գործնական տեսակետից կարևոր փորձառություն կլինի, իսկ մասնագիտական կողմնորոշման առումով որոշիչ նշանակություն կունենա ապագայում գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող աշակերտների համար։
ՄԿԻ-ում դպրոցականներին հյուրընկալել են Մարդու գենոմիկայի (ղեկ.՝ Ա. Առաքելյան), Միկրոօրգանիզմների գենոմիկայի (ղեկ.՝ Ա. Սեդրակյան), Մոլեկուլաբջջային իմունաբանության (ղեկ.՝ Գ. Մանուկյան) լաբորատորիաներում, որտեղ իրականացվում են տարաբնույթ նախագծեր համեմատական և ֆունկցիոնալ գենոմիկայի, մոլեկուլային մանրէաբանության, մոլեկուլային իմունաբանության, կենսաինֆորմատիկայի և այլ ոլորտներում։
Ծրագրի համակարգողներն են ՄՏԿԴ-ի գիտական տնօրեն Ֆյոդոր Կոնդրաշովը և ՄԿԻ-ի գիտական գծով փոխտնօրեն Գոհար Ցականովան։
«Այս գիտական դպրոցում ձեռք բերված փորձառությունն անմոռանալի է լինելու աշակերտների համար։ Վստահ եմ, որ նրանցից շատերը, զգալով այս աշխատանքի բարդությունն ու միաժամանակ անսահման հետաքրքրությունը, գիտությամբ զբաղվելու որոշում են կայացնելու հենց այստեղ՝ այս դպրոցում, իրական գիտնականների հետ շփման և իրական գիտական միջավայրում առաջին աշխատանքն իրականացնելու շնորհիվ»,- նշեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։
Ամառային դպրոցի ընթացքում աշակերտները լսում են դասախոսություններ, տիրապետում գիտական մեթոդներին, սովորում են կատարել հաշվարկներ և ստուգել աշխատանքային վարկածներ՝ մոլեկուլային և տեսական կենսաբանության տարբեր ոլորտներում:
Օգոստոսի 23-ին նախատեսված գիտաժողովում աշակերտները հնարավորություն կունենան գիտական շրջանակներին ներկայացնելու իրենց ստացած գիտելիքներն ու կատարած գիտափորձերի արդյունքները։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․08․2023թ․