ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորը վշտով տեղեկացավ վաստակաշատ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Կալիֆոռնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան մասին։
Ռիչարդ Հովհաննիսյանը կյանքից հեռացել է 90 տարեկան հասակում սույն թվականի հուլիսի 10-ին՝ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
Ռիչարդ Հովհաննիսյանի հիմնարար աշխատությունները վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության հարցերին, Հայաստանի առաջին Հանրապետության, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությանը և պատմագրությանը: Նրա՝ Հայաստանի առաջին Հանրապետության պատմությանը նվիրված քառահատոր արժեքավոր աշխատությունը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլերեն և հայերեն հրապարակումներն էական ներդրում են հայոց պատմության բարդագույն խնդիրների հետազոտության և գիտական մեկնաբանման գործում։ Պրոֆեսոր Հովհաննիսյանը բազմիցս մասնակցել է նշված հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային գիտաժողովների, ներկայացրել իր հիմնավոր և սկզբունքային դիտարկումները հայկական պետականության և Հայոց ցեղասպանության շարժառիթների ու հետապնդվող նպատակների մասին։
Ռիչարդ Հովհաննիսյանը եղել է Կալիֆոռնիայի (Լոս Անջելես) պետական համալսարանի պրոֆեսոր (1969թ-ից), հայոց և կովկասյան պատմության բակալավրի, մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի կոչումներ շնորհող ծրագրերի ղեկավար (1962թ-ից), Հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի վարիչ (1987թ-ից)։ Նա Ամերիկայի հայկական համագումարի և հայագիտական ընկերակցության հիմնադիր անդամներից է, վերջինիս առաջին նախագահը։ Անդամակցել է միջազգային և ամերիկյան գիտական ու հասարակական մի շարք կազմակերպությունների։
Ռիչարդ Հովհաննիսյանն արժանացել է ԵՊՀ և Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման: Պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Կիլիկիո ասպետ» շքանշաններով: Ռիչարդ Հովհաննիսյանի անունով է կոչվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը սգում են ականավոր գիտնականի մահը և ցավակցում պրոֆեսոր Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13.07.2023թ․