ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) հստակեցրին համագործակցության ուղղությունները հուլիսի 7-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ նախագահության արտագնա նիստում:
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում ասաց. «ՀՀ ԳԱԱ ինստիտուտների առաջատար մասնագետները միշտ էլ կապ են ունեցել մեր ԲՈՒՀ-ական համակարգի հետ, մասնակցել են գիտական հիտազոտություններին:
ՀՀ ԳԱԱ համակարգում կան գիտահետազոտական ինստիտուտներ, որոնց հիմնարար հետազոտությունների մի մասն անմիջապես առնչվում է գյուղատնտեսական հետազոտություններին, գյուղատնտեսական արտադրության խնդիրներին: Դա վերաբերում է համաճարակներին, սննդի անվտանգությանը և նոր գաղափարներին, որոնք կապված են արտադրության արդյունավետության հետ: Հաշվի առնելով այն առաջարկները, որոնք կձևակերպվեն որպես հիմնարար և կիրառական բնույթի համատեղ հետազոտություններ, կդիմենք պետական պատվերի ձևավորման հարցով ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե»:
Իր ողջույնի ելույթում ՀԱԱՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանն ասաց. «Մեր հիմնական նպատակն է ճշգրտել այն հնարավոր ուղղությունները, որոնք թույլ կտան Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան գիտական կենտրոնների, ինստիտուտների հետ համատեղ ուժերով լուծել խնդիրներն ավելի արագ, ավելի արդյունավետ և նպաստել գյուղատնտեսության զարգացմանը»:
Նիստի ընթացքում ներկայացվեցին գիտական զեկուցումներ հետևյալ հիմնախնդիրների վերաբերյալ.
- բուսաբուծության արդյունավետության բարձրացում
- անասնաբուծություն և տոհմաբուծություն
- բուսական և կենդանական ծագման հումքի վերամշակման տեխնոլոգիաներ
- սննդի անվտանգություն
- գյուղատնտեսական արտադրության մեքենայացում
- հողային և ջրային պաշարների պահպանում, գույքագրում և օգտագործում
- ագրարային քաղաքականության վարում և գյուղատնտեսության կոոպերացիա:
Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ շահագրգիռ գիտական կազմակերպությունների տնօրենները, ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական կազմը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
07.07.2017թ.