Սույն թվականի հունիսի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին։
Միջոցառումները մեկնարկեցին ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում, որտեղ տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի
հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված հիշատակի նստարանի բացումը։ Կարմիր ժապավենը կտրեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը։ Նստարանին տեղադրված է հուշատախտակ, որի վրա գրված է․ «Նվիրվում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30 և կենտրոնի հիմնադիր տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակի հիշատակին»։
Հոբելյանական միջոցառումները տեղափոխվեցին ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, որտեղ հավաքվել էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, կենտրոնի աշխատակիցները, պրոֆեսոր Սաղաթելյանի աշակերտները, ընկերները, ընտանիքի անդամները։
«Արմեն Սաղաթելյանը լավ գիտնական և գիտության լավագույն կազմակերպիչներից էր։ Իր անձնակազմն իր փոքր ընտանիքն էր, իրենցով էր ապրում, առաջ տանում իր աշխատանքային գործունեությունը և հասնում հաջողությունների։ Ես պետք է նաև նշեմ Արմենի նվիրվածությունն Արցախին։ Արմենի նմանների գործը պետք է պատմություն դառնա։ Մենք պետք է հիշենք Արմեն Սաղաթելյանին որպես մեծ գիտնականի, լավ ընկերոջ, հայրենասերի», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը ներկայացրեց կենտրոնի գիտական ուղղությունները, նվաճումները, որոնց հիմքում կանգնած է Արմեն Սաղաթելյանը։ Ներկայացնելով կենտրոնի անձնակազմին՝ Լիլիթ Սահակյանը հիշեց Արմեն Սաղաթելյանի մտքերը։
«Պրոֆեսոր Սաղաթելյանն ասում էր, որ գիտական անձնակազմը պետք է լինի ընտանիքի նման․ լինեն երեխաներ, ծնողներ և մեծեր։ Շատ դժվար է ծնողների համար։ Ելնելով այսօրվա գիտության պահանջներից՝ պետք է մեծերին
հարգես, պատվես այնպես, որ չնեղանան, իսկ փոքրերին պետք է մեծացնես։ Միշտ ասում էր՝ պետք է իրար հետ ընկերություն անեք, ձեր նեղ ուղղվածությունից դուրս գաք», - ասաց նա։
Միջոցառման ժամանակ ցուցադրվեց Արմեն Սաղաթելյանի հիշատակին նվիրված ֆիլմ։ Լիլիթ Սահակյանը շնորհակալագրեր հանձնեց կենտրոնի մի շարք աշխատակիցների՝ երկարատև, նվիրյալ և բարեխիղճ աշխատանքի համար։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․06.2023թ.