Սույն թվականի հունիսի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը։ 125 գիտական հայտերից ANSEF-ի հետազոտական խորհուրդն ընտրել է 22-ը: Գիտական խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 70-ն է։ Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 ԱՄՆ դոլար։ Դրամաշնորհները նախատեսված են կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության, բժշկության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
Դրամաշնորհառուներին շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և շնորհակալություն հայտնեց ANSEF-ին գիտնականներին աջակցելու համար։ «Անցած 30 տարիների ընթացքում մեր ամենամեծ խնդիրներից է եղել երիտասարդ գիտնականներին գիտության մեջ պահելը։ Ես հիշում եմ՝ ինչքան էին ուրախանում
երիտասարդները, երբ ստանում էին ANSEF-ի դրամաշնորհային ծրագրերը։ Այդ առաքելությունը պետք է շարունակել նաև այսօր։ Ես մաղթում եմ բոլորիդ՝ կանգ չառնեք, առաջ գնաք, մնաք գիտության մեջ և ասեք ձեր խոսքը», - ասաց Աշոտ Սաղյանը։
Հայ օգնության ֆոնդի փոխտնօրեն, ANSEF-ի կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը նշեց, որ անցած 23 տարիների ընթացքում ներկայացվել են 3292 դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 589 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 2170 գիտնականներ: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3 միլիոն դրամ։«Տարիներ շարունակ ANSEF-ը փորձել է անել հնարավորը գիտությունը Հայաստանում առաջ մղելու համար։ Կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է։ Շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում, որ դուք զբաղվում եք ձեր սիրելի գործով և առաջ մղում գիտությունը և նորարարական միտքը», - ասաց Էդուարդ Կարապետյանը։
«ANSEF-ը, նախևառաջ, մշակութաստեղծ երևույթ է։ 21-րդ դարում, երբ ազգերի մրցակցությունն առավելապես անցել է գիտատեխնոլոգիական ոլորտ, անհրաժեշտություն կա փոխվելու։ Այս առումով պրոֆեսոր Թերզյանի նախաձեռնությունը բացառիկ էր։ Այն առաջին անգամ առաջ էր մղում Սփյուռքի շրջանակներում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված, հայաստանակենտրոն և նմանատիպ գործունեության կարևորությունը։ Այսօր դուք եք առաջամարտիկները, դուք եք ապագան։ Եղեք ակտիվ, եղեք մշակութաստեղծ գործունեության մասնակից։ Շնորհավորում եմ ձեզ և մաղթում կանաչ ճանապարհ», - ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը։
ANSEF-ի կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը դրամաշնորհների հավաստագրեր հանձնեց ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտից Լիլիթ Դարբինյանին, Զարուհի Կարաբեկյանին, ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնից Աննա Զաքոյանին, Լուսինե Դանիելյանին, Անի Պալոյանին, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտից Մերինե Սարգսյանին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտից Վահրամ Սերոբյանին, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի
ինստիտուտից Նարինե Խաչատրյանին, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից Սերգեյ Ամիրխանյանին, Տիգրան Քոթանջյանին, Մարինե Սամսոնյանին, Երևանի պետական համալսարանից Անուշ Ասատրյանին, Աստղիկ Ղազարյանին, Լևոն Հարությունյանին, Արմինե Քոսյանին, Վադիմ Օհանյանին, Հովիկ Փանոսյանին, Արամ Սահարյանին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից Տիգրան Պետրոսյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանից Քնար Խաչատրյանին, Հայ-Ռուսական համալսարանից Գրիգոր Մանթաշյանին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի և «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շնորհիվ դրամաշնորհ ստացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի գիտաշխատող Նաիրա Սահակյանը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02․06.2023թ.