Ապրիլի 21-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին, ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներին, գիտնականներին, հյուրերին:
2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ համակարգում աշխատում է 3451 մարդ, այդ թվում՝ 2152-ը գիտաշխատող, որոնցից 282-ն ունեն գիտությունների դոկտորի, 1012-ը՝ թեկնածուի գիտական աստիճան: ԳԱԱ կազմակերպություններում ներկայում սովորում է 95 ասպիրանտ:
2022 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
«Հաշվետու տարում մեր հիմնական առաքելությունը պետք է լիներ Գիտությունների ազգային ակադեմիայի նոր կանոնադրության ընդունումը և դրա հիման վրա ակադեմիայի նախագահությունում և համակարգում նախատեսվող բարեփոխումների ծրագրի սկսումը։ Սակայն դա կապված էր կրթության և գիտության նոր օրենքի ընդունման կամ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին գործող օրենքում որոշ փոփոխություններ կատարելու հետ, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել, թեպետ դրա համար ակադեմիայի ղեկավարությունն իր լիազորությունների շրջանակներում արել է ամեն ինչ», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։
Խոսելով ՀՀ ԳԱԱ ֆինանսավորման մասին՝ Աշոտ Սաղյանը նշեց, որ ԳԱԱ բյուջետային և արտաբյուջետային ընդհանուր ֆինանսավորումը 2022 թվականին կազմել է 17 միլիարդ 251 միլիոն դրամ, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 68.1%-ով:
2022 թվականին իրականացվել է 43 բազային ֆինանսավորման ծրագիր, 7 նպատակային ֆինանսավորման ծրագիր, 325 Գիտության կոմիտեի դրամաշնորհային թեմատիկ ծրագիր, 141 տնտեսական պայմանագրային ծրագիր: ՀՀ ԳԱԱ ինստիտուտների կողմից իրականացվել է 65 միջազգային դրամաշնորհային ծրագիր, կազմակերպվել է 51 միջազգային գիտաժողով, սիմպոզիում և այլ միջոցառումներ: Շարունակվում է եվրոպական «Հորիզոն 2020» ծրագրի 9 և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի 5 նախագծերի իրականացումը: «Հորիզոն 2020»-ի շրջանակներում 6 միլիոն 244 հազար եվրոյի դրամաշնորհներ են հատկացվել ՀՀ ԳԱԱ 12 գիտահետազոտական կազմակերպությունների: 2022 թվականին հրապարակվել է 1486 հոդված գրախոսվող ամսագրերում, որոնցից 623-ն՝ արտասահմանում, 152 մենագրություն և ժողովածու, որոնցից 19-ն՝ արտասահմանում, 14 ուսումնական ձեռնարկ և դասագիրք։
Աշոտ Սաղյանը հատուկ ուշադրություն դարձրեց կիրառական գործունեությանը՝ նշելով, որ 2022 թվականի ընթացքում ԳԱԱ կազմակերպությունները ստացել են 16 արտոնագիր: Նա ներկայացրեց ակադեմիայի համակարգում գիտական արդյունքների ապրանքայնացման մի շարք հաջողված օրինակներ: «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում արտադրվում են օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուներ, «Նարինե» պրոբիոտիկի տարատեսակներ, դեղապատրաստուկներ, բուսական յուղեր, կենսապարարտանյութեր։ «Հաշվետու տարում սկսվել է պատիճավորված լիոֆիլիզացված պրոբիոտիկի սերիական արտադրությունը, արտադրանքներն իրացվում են տեղական և եվրոպական շուկայում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի «ՆԱՐԱՐԳԻՆ» նոր կոմպլեքս պրեպարատը, որը երկու շտամների կուլտիվացման արգասիք է: Պրեպարատը մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական շուկայում»,- ասաց Աշոտ Սաղյանը։
Նա նշեց, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների մեծ մասը իրականացնում է կիրառական ծրագրեր, որոնք ունեն պահանջարկ նաև արտասահմանում։ «Ցավոք, պետական գերատեսչությունների կողմից պահանջարկով պայմանավորված որևէ պատվեր առ այսօր չի իջեցվել ակադեմիայի վրա»,- ասաց Աշոտ Սաղյանը:
2022 թվականին ԳԱԱ-ն շարունակել է միջազգային համագործակցությունն արտասահմանյան գիտական կառույցների և գիտությունների ակադեմիաների հետ: Ստորագրվել է գիտական համագործակցության պայմանագիր Ուզբեկստանի գիտությունների ակադեմիայի հետ, նախապատրաստվել է համաձայնագիր Չեռնոգորիայի ակադեմիայի հետ, որը կստորագրվի 2023 թվականի հունիսին: Մշակվում են համագործակցության պայմանագրեր Ռումինիայի, Չեխիայի, Ավստրիայի, Լիտվայի և Վրաստանի ակադեմիաների հետ: Քննարկման փուլում են «Ռոսատոմ» կորպորացիայի և «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի հետ համագործակցությունների ձևաչափերը: «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միջև 2021 թվականին ստորագրված գիտատեխնիկական համագործակցության Ճանապարհային քարտեզը ներառված է հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության պայմանագրում: Համագործակցային ծրագրերի արդյունավետությունը զգալիորեն կբարձրանար, եթե ստեղծվեր երկկողմ գիտական համագործակցության հարթակ, ինչը հնարավոր է իրականացնել, մասնավորապես, ՀՀ գիտության կոմիտեի և ռուսաստանյան գիտական հիմնադրամի միջև պայմանագրի ստորագրման պարագայում: Պայմանագրի չկնքման պատճառով առնվազն 36 համատեղ ծրագիր այսօր չեն շարունակվում»,- ասաց Աշոտ Սաղյանը։
ՀՀ ԳԱԱ նախագահը խոսեց նաև գիտության ոլորտում ՀՀ կառավարության նախաձեռնությունների մասին, որոնք վերաբերվում են գիտության և բարձրագույն կրթության ինտեգրմանը: «Այդ ուղղությամբ ընդունված է պաշտոնական 3 փաստաթուղթ՝ 1 օրենք և 2 որոշում: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ՀՀ վարչապետին ներկայացնի ԲՈՒՀ-ական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք։ Աշխատանքային խումբն ավարտել է իր աշխատանքը, և նախապատրաստվում է համապատասխան տեղեկանքը: Ակադեմիական կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի ինտեգրման վերաբերյալ ՀՀ ԳԱԱ-ն ներկայացրել է իր տարբերակը: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, հայկական Սփյուռքի հնարավորությունները, ՀՀ գիտության և բարձրագույն կրթության բնագավառների ավանդույթները, դրանց ունեցած ուրույն տեղը միջազգային գիտակրթական տարածքում և գիտության ու կրթության անցնցում զարգացման անհրաժեշտությունը՝ Հայաստանի համար գիտության և բարձրագույն կրթության ինտեգրման արդյունավետ մոդելն ակադեմիական կազմակերպությունների պահպանումն է մեկ համակարգի մեջ, անշուշտ, բարեփոխված ու նոր բովանդակությամբ և դրա սիներգետիկ փոխգործակցությունը գիտակրթական կազմակերպությունների և տնտեսվարող սուբյեկտների հետ: Բովանդակային առումով այն նման է Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի՝ CNRS-ի մոդելին: Համաձայն առաջարկվող մոդելի՝ ԳԱԱ-ն կապող կամուրջի դեր է կատարում կրթության և տնտեսության միջև. հիմնարար հետազոտությունների մասով այն ինտեգրվում է ԲՈՒՀ-ական համակարգի հետ, իսկ կիրառական հետազոտությունների ուղղությամբ համագործակցում է պետական կառավարման մարմինների և գերատեսչությունների, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների հետ», - ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահը։
Աշոտ Սաղյանը խոսեց ՀՀ կառավարության՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնության մասին: Նա նշեց, որ գաղափարն արդիական է. այն կխթանի համապատասխան ստեղծագործ միջավայրի ձևավորումը, հնարավորություն կտա լուծել երկրի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ, կնպաստի կրթության և գիտության զարգացմանը: «Սակայն, միևնույն ժամանակ, «Ակադեմիական քաղաք»-ի ստեղծումը չպետք է խաթարի գիտության ոլորտի անցնցում զարգացումը»,- ասաց Աշոտ Սաղյանը՝ հավելելով, որ ներկայում քննարկման փուլում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ներկայում Ազգային ժողովում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն պարունակում է մի շարք դրույթներ, որոնք նոր մոտեցումներ են գիտության բնագավառի համար և կան դրույթներ, որոնք անմիջապես վերաբերում են ԳԱԱ-ին: Ակադեմիայի կառավարման համակարգում նախատեսվում է կատարել հետևալ փոփոխությունները.
- Ակադեմիան ձևավորում է կառավարման խորհուրդ` ներառելով ակադեմիայից, կրթության, գիտության և էկոնոմիկայի ոլորտների լիազոր մարմիններից առաջադրված ներկայացուցիչներ:
- Կառավարման խորհուրդն իրականացնում է ակադեմիայի համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, այդ թվում՝ դրանց կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:
- Ակադեմիան ունի ղեկավար կազմ, որն իրականացնում է ակադեմիայի գիտական, գիտատեխնիկական և գիտաօժանդակ գործունեության ընթացիկ ղեկավարումը: Ղեկավար կազմի մեջ մտնում են ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս-քարտուղարը, նախագահի տեղակալները և բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները:
ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ արդեն իսկ ակադեմիայում ներդրվել են մի շարք նոր նախաձեռնություններ, դրանցից են.
- գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառին վերաբերող հարցերի քննարկման մշտական բաց հարթակի ստեղծումը
- գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակի ստեղծումը
- մասնագիտական պրոբլեմային 6 խորհուրդների ձևավորումը՝ 1) Հատուկ նշանակության հիմնախնդիրների պրոբլեմային խորհուրդ, 2) Ներդրումային հիմնահարցերի պրոբլեմային խորհուրդ, 3) Սեյսմաբանության, սեյսմական շինարարության, բնական և տեխնածին աղետների պրոբլեմային խորհուրդ, 4) Կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդ, 5) Տերմինաբանության պրոբլեմային խորհուրդ, 6) Պատմագիտության և մշակութաբանության պրոբլեմային խորհուրդ:
«Մենք սկսել ենք նաև քննարկումներ ՀՀ ԲՈՒՀ-ական համակարգի ներկայացուցիչների հետ գիտության և բարձրագույն կրթության բնագավառների զարգացման հեռանկարների, ինտեգրման եղանակների, ինչպես նաև դրանց կայուն զարգացումն ապահովող միջոցառումների քննարկման ու համատեղ առաջարկների մշակման նպատակով: Հաջորդը գործարարների և արտադրողների հետ շարունակական հանդիպումների շարքն է ԳԱԱ համակարգում կիրառական հետազոտությունները խրախուսելու, համագործակցության հնարավորությունները և համատեղ ծրագրերը քննարկելու նպատակով»,- ասաց Աշոտ Սաղյանը:
ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ ԳԱԱ խնայողությունների և արտաբյուջետային միջոցների հաշվին ձևավորվում է Գիտության ոլորտում երիտասարդ գիտնականների ամրապնդման խրախուսման ֆոնդ: Ներդրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգ։
2023 թվականի հոկտեմբերի 12-ին և 13-ին նշվելու է Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյա հոբելյանը, ինչի համար ստեղծված է հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ։ Աշոտ Սաղյանը նշեց, որ հոբելյանական միջոցառումներին մասնակցելու հրավեր են ընդունել մի քանի տասնյակ եվրոպական և ԱՊՀ երկրների ակադեմիաներ և գիտաարտադրական և գիտաինովացիոն կազմակերպություններ։
Տարեկան ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ 2022 թվականի գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:
ԳԱԱ նախագահության նիստերում ընտրվել և վերընտրվել են 20 գիտական կազմակերպությունների տնօրեններ: Հաստատվել է «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Ֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիր և ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկայի հայկական հանդես»-ի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար, նշանակվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար:
2022 թվականին ականավոր կենսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արդեմ Սարգսի Փաթափությանն ընտրվել է ԳԱԱ պատվավոր անդամ:
ՀՀ ԳԱԱ բաժանմունքներում մշտապես քննարկվել են գիտական աշխատանքների արդյունավետության բարձրացման, կիրառական նշանակություն ունեցող ուսումնասիրությունների ընդլայնման, գիտական կազմակերպությունների աշխատանքի գնահատման հարցերը: Քննարկվել են բաժանմունքների բարեփոխումների հնարավոր ուղղությունների հարցերը: Լսվել և ընդունվել են որոշումներ ինստիտուտների ներքին կառուցվածքի օպտիմալացման՝ գործող գիտական լաբորատորիաների և խմբերի լուծարման, միավորման, խոշորացման և նորերի ստեղծման հարցերի վերաբերյալ: Շարունակաբար քննարկվել են ինստիտուտների միջև հնարավոր միջառարկայական հետազոտություններ իրականացնելու, ԲՈՒՀ-երի համապատասխան ամբիոնների հետ համագործակցելու հարցերը:
Ակադեմիան անդրադարձել է ՀՀ կառավարությունից և վերադաս մարմիններից ստացված բոլոր փաստաթղթերին, ներկայացրել է իր առաջարկություններն ու դիտողությունները: Հատուկ ուշադրությամբ և մանրամասն քննարկվել են բարձրագույն կրթությանը, գիտությանը, երկրի պաշտպանությանը, առաջավոր տեխնոլոգիաներին, գիտության ֆինանսավորմանն առնչվող օրենսդրական և իրավական ակտերի նախագծերը և ներկայացվել են համապատասխան դիտողություններ և առաջարկություններ:
ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովին ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հայաստանի զարգացման ուղին պայմանավորված է գիտական ներուժն օգտագործելով։ Եթե մենք ուզում ենք աշխարհում ունենալ մեր տեղը, միայն գիտության շնորհիվ կարող ենք դա անել։ Կարևոր է հասկանալ՝ ինչ գիտություն ենք ուզում։ Այսօրվա տնտեսության զարգացման գործում մեծ խնդիր ունենք գիտահետազոտական ինստիտուտների բացակայության, օրինակ՝ ռազմարդյունաբերության։ Մենք պետք է ունենանք լուրջ գիտահետազոտական բազա ռազմաարդյունաբերություն ունենալու համար։ Ակադեմիան իր յուրահատուկ դերն ունի և շարունակելու է ունենալ։ Մենք ուզում ենք, որ ակադեմիան ավելի արդյունավետ աշխատի, այլ կարծիք չկա։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ունենք այդ հնարավորությունը, բազան, միտքը և պետք է օգտագործենք այն։
Միջազգային մեր հանդիպումներում մենք հանդես ենք գալիս որպես մշակույթ և գիտություն կրող ժողովուրդ։ Եկեք աշխատենք միասին»։
Տարեկան ժողովի ժամանակ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վեհարի Սաքանյանը հանդես եկավ «Կենսատեխնոլոգիան բժշկության համար. քաղցկեղի թիրախավորված թերապիա» զեկուցմամբ։
Ելույթներերով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Փախչանյանը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.04.2023թ.