National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
21/04/2023
ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2022թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց 2022թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները. 

  1. «Շրջակա միջավայրի գիտություններից մինչև պարենային անվտանգություն (նվիրվում է Էկոկենտրոնի ստեղծման 30 և հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանի 70-ամյակներին)» (Զեկ.` աշխ.գ.թ. Լ.Վ. Սահակյան)
  2. «Արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թունաբանական հետազոտություններում» (Զեկ.` ֆ.-մ.գ.թ. Զ. Է. Նավոյան)
  3. «Պարկինսոնի հիվանդության պաթոգենեզը և թիրախային մոլեկուլները» (Զեկ.` կ.գ.թ. Վ.Հ. Քնարյան)
  4. «Հայաստանը՝ խաղողի տնայնացման բնօրրան. ամբողջական գենոմի սեքվենավորման արդյունքներ» (Զեկ.` կ.գ.թ. Ք.Ս. Մարգարյան)
  5. «Կենսաբանական ինվազիաները որպես կարևորագույն սպառնալիք կենսաբազմազանության համար» (Զեկ.` կ.գ.թ. Ա. Ս. Ալեքսանյան)
  6. «Հայաստանի ինվազիվ ու էքսպանսիվ միջատները և դրանց վնասակարության ուսումնասիրությունը» ( Զեկ.` կ.գ.թ. Գ.Հ.Կարագյան)
  7. «Ցիանոբակտերիալ ռեկոմբինանտ շտամների կառուցումը 5-ամինալևուլինաթթվի արտադրության նպատակով» (Զեկ.` կ.գ.թ. Բ.Ա. Հարությունյան)
  8. «Միջուկային քրեագիտության կարողությունների զարգացումը Հայաստանում» (Զեկ.` կ.գ.թ. Օ.Ա.Բելյաևա)         
  9. «Կովկասի կենսաբազմազանության CABOL գենետիկական  ուսումնասիրությունը Հայաստանում» (Զեկ.` կ.գ.դ. Մ.Ս.Առաքելյան)

Բաժանմունքի կազմում ընդգրկված են հետևյալ գիտահետազոտական կազմակերպությունները` Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ, Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ: 

Բաժանմունքի կազմում ընդգրկված են 7 ակադեմիկոս, 8 թղթակից և 27 արտասահ-մանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր: 

2022թ-ին տպագրվել է 244 հոդված (176-ն՝ արտասահմանում), 98 թեզիս (70-ն՝ արտասահմանում), 6 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ, հատկացվել է 3 արտոնագիր: Անցկացվել է հանրապետական և միջազգային 17 միջոցառում, որոնց մասնակցել է 827 մարդ (84-ն՝ արտերկրից): 

Կարևորագույն գիտական արդյունքներ

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

  • Բացահայտվել են ոչ սպիտակուցային ամինաթթուներ և պեպտիդներ, որոնք օժտված են յուրահատուկ հակամանրէային ակտիվությամբ, պրոտեազներ արգելակելու ունակությամբ և կարող են նպաստել նոր հակամանրէային դեղերի ստեղծման:
  • Իրականացվել է Escherichia coli-ի argE և Geobacillus stearothermophilus թերմոֆիլ բակտերիայի ama գեների մոլեկուլային կլոնավորումը: Ուսումնասիրվել են կառուցված ռեկոմբինանտ շտամների հատկությունները:
  • Առաջին անգամ կառուցվել են ցիանոբակտերիալ (Synechocystis sp.) ռեկոմբինանտ 5-ամինալենուլինաթթվի շտամ-արտադրիչներ, որոնք կրում են ֆոտոսինթեզող բակտերիա Rhodobacter sphaeroides-ի hemA գենը։
  • Գենետիկա-սելեկցիոն եղանակով ստացվել են Brevibacterium flavum շտամի L-տրիպտոֆան սինթեզող մուտանտներ: Ցույց է տրվել, որ խորը ֆերմենտման պայմաններում մուտանտները սինթեզում են 2-3 գ/լ նպատակային ամինաթթու:
  • Մշակվել և վալիդացվել են ճարպաթթուների, որոշ մոնո- և դիշաքարների որակական և քանակական որոշման մեթոդներ:
  • Ուսումնասիրվել է պալարաբակտերիաների կիրառման հնարավորությունը ցիանոբակտերիաների հետ համատեղ սոյայի և սիսեռի բույսերի բերքատվությունը բարձրացնելու համար։ Նշված մանրէների միջև բացահայտվել է ընդգծված սիներգիզմ, որը բերում է բույսերի արտադրողական ցուցանիշների մինչև 70% բարձրացմանը։
  • Հրապարակվել են մանրէների կուլտուրաների կատալոգների հաջորդ 3 հատորները՝ նվիրված խմորասնկերին, կաթնաթթվային, սպոր չառաջացնող և սպոր առաջացնող բակտերիաներին:
  • Կազմակերպվել է Lactobacillus acidophilus MDC9602 և L. rhamnosus MDC9631 կաթնաթթվային բակտերիաների կիրառմամբ «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելման սերիական արտադրությունը։

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

  • Միջգիտակարգային հետազոտությունների շրջանակներում առաջին անգամ իրականացվել է հող-բույս համակարգում տոքսիկ տարրերի անցման և կուտակման առանձնահատկությունների ուսումնասիրում՝ կոմպոզիցիոն տվյալների անալիզի և տարածաժամանակային քարտեզագրման համադրմամբ: Պարզվել է, որ, չնայած II ենթաընտրանքի հողերում կապարի ցածր պարունակությանը՝ գրանցվել են փոխանցման գործակցի համեմատաբար բարձր արժեքներ:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

  • Նկարագրվել է գիտության համար բզեզների 3 նոր տեսակ Հայաստանից և 10՝ այլ կենդանաշխարհագրական մարզերից: 
  • Հայաստանում հայտնաբերվել է մրջնառյուծի խիստ հազվագյուտ Dendroleon pantherinus տեսակը:
  • Հայաստանի ֆաունայի համար հայտնաբերվել է բզեզների 6 և երկթև միջատների 1 նոր տեսակ, տզերի 4 և սարդերի 45 նոր տեսակ: 
  • Գրանցվել է կիսակարծրաթևերի 2 ինվազիվ տեսակ։
  • Ավարտվել են ցեոլիտային սորբենտի ստացման աշխատանքները։ Նպատակային սորբենտով Սևանա լճի «ծաղկած» ջուրը մաքրելուց հետո ջրի մեջ զգալիորեն կրճատվում է բիոգեն տարրերի պարունակությունը, նվազում է գենաթունային ազդեցության մակարդակը։ 
  • Կենսամարկերների մեթոդով գնահատվել է Սևանա լճի գետերի աղտոտված տարածքների հիդրոբիոնտների վիճակը: Գրանցվել է հակաօքսիդանտային գլուտաթիոն-S-տրանսֆերազ և գլուտաթիոն ռեդուկտազ ֆերմենտների բարձր ակտիվություն Մասրիկ և Գավառագետ գետերի առավել աղտոտված հատվածներից վերցրած փորձանմուշներում։
  • Մակերևութային ջրերի նմուշներից իմունոֆլորեսցենտ միկրոսկոպիայի միջոցով հայտնաբերվել և qPCR-ով նույնականացվել է նախակենդանիների 2 մակաբույծ տեսակ (Cryptosporidium parvum և Giardia duodenalis)։ 
  • Վերջին 50 տարիների ընթացքում 1-ին անգամ որոշվել է Արաքս գետի մերձսահմանային փակ գոտու ջրլող թռչունների տեսակային կազմը, կարգավիճակը, կենսամիջավայրի պիտանելիությունը, առկա և հնարավոր սպառնալիքները, հողօգտագործման ձևերը և  մարդածին ճնշման աստիճանը:
  • Վերջին 50 տարիների ընթացքում 1-ին անգամ որոշվել է Արաքս գետի մերձսահմանային փակ գոտու ջրլող թռչունների տեսակային կազմը, կարգավիճակը, կենսամիջավայրի պիտանելիությունը, առկա և հնարավոր սպառնալիքները, հողօգտագործման ձևերը և  մարդածին ճնշման աստիճանը:

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ

  • Կազմվել է Հարավային Կովկասի երկամյա տերեփուկների բանալին:
  • Սևանա լճում, Ծովագյուղի շրջակայքում հայտնաբերվել են ռուփիայի նոր տեսակներ:
  • Հայաստանի պալեոֆլորայի համար բացահայտվել է 2 նոր ցեղ և 23 նոր տեսակ: 
  • Կազմվել է «Հայաստանի ֆլորա և բուսականություն» վայրի և մշակովի պտղատու բույսերի հավաքածուի տվյալների էլեկտրոնային շտեմարան:

ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

Առաջին անգամ հաստատվել է. 

  • բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում Ղրիմի գյուղատնտեսության գիտահետազոտական ինստիտուտից ստացված միկորիզային պատրաստուկի դրական ազդեցությունը Հնդկաստանից ներմուծված թանկարժեք դեղաբույս աշվագանդայի արդյունավետության և կենսաքիմիական ցուցանիշների վրա:
  • ԱՄՆ-ից ներմուծված արժեքավոր դեղատու և սննդային բույս մորինգայի մեկուսացված կուլտուրայի ստացման և կլոնալ միկրոբազմացման  արդյունավետությունը in vitro մշակույթում:
  • հիդրոպոնիկ պայմաններում և հողում մեղրախոտի բուսահումքի Se ուլտրամիկրոտարրով հարստացման հնարավորությունը և ուղիները: 

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

  • Բացահայտվել է միացություն, որը, ճնշելով պիրիմիդինային նուկլեոտիդների սինթեզում ներգրավված ֆերմենտի ակտիվությունը, ցուցաբերում է լայն սպեկտրի հակավիրուսային ակտիվություն վիրուսային տարբեր ընտանիքների ներկայացուցիչների նկատմամբ:
  • Մշակվել է հակաֆոսֆոլիպիդային սինդրոմի փորձարարական մոդել: 
  • Մշակվել է գլիոբլաստոմայի քսենոգրաֆտային մոդել՝ գլխուղեղի նեյրոնային և անոթային խանգարումների հետազոտությունների համար:

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

  • Ռևմատոիդ արթրիտով հիվանդների սինովիալ հեղուկներից ցիտրուլինացված ադենոզինդեամինազի դեմ ստացվել են հակամարմիններ, որոնցով հայտնաբերվում է ցիտրուլինացված ադենոզինդեամինազի առկայությունը սինովիալ հեղուկներում: 
  • Ազնվամորուց անջատած սուպերօքսիդ գեներացնող կոմպլեքսի ազդեցությամբ լակտո և բիֆիդում բակտերիաների թիվը ավելանում է 4-8, իսկ  E.coli-ինը՝ 5 - 10 անգամ:
  • Դեղերի թիրախային առաքման համակարգում թիրախի ճանաչման բաղադրիչ օգտագործվել են լեկտինները, իսկ տրանսպորտային համակարգ՝ ֆերիտինը: 
  • Ստացված ալբումինային մասնիկները կիրառվել են փորձարարական ինսուլտի պայմաններում։  Պոլիէթիլենգլիկոլով (ՊԷԳ) պատված ալբումինային մասնիկները ավելի երկար են մնում արյան հոսքում չպատված մասնիկների համեմատությամբ:
  • Սինգլետային թթվածինը մարող L-հիստիդինի և հիդրօքսիլ ռադիկալը մարող D-մաննիտոլի օպտիմալ կոնցենտրացիաները նվազեցնում են  ֆոտոգունաթափման աստիճանր և բարձրացնում պորֆիրինների և ֆոլաթթվի կոմպլեքսների ֆոտոդինամիկ թերապիայի արդյունավետությունը: 
  • LVV-հեմորֆին-3-ի և ուրոկորտին-3-ի համատեղ ներարկումը դիաբետիկ առնետներին կարգավորում է ինսուլինի և գլյուկագոնի արտազատումը ենթաստամոքսային գեղձի կղզյակներում և դրանց կոնցենտրացիան արյան պլազմայում: 

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

  • Մշակվել են մարդու արյան պլազմայից ալբումինի և նորմալ իմունոգլոբուլինի պատրաստուկների արտադրման տեխնոլոգիաները, ստացվել են փորձնական առաջին նմուշները:
  • Պարզաբանվել է կենդանական թույներից ստացված նեյրոպրոտեկտորների ազդեցությունը Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների in vitro և in vivo մոդելների վրա:
  • Կիրառական արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

  • Շարունակվել են սննդամթերքի սպառման և քիմիական վտանգների պարունա-կության տվյալների համադրմամբ ռիսկի գնահատման աշխատանքները: ՀՀ-ում արտադրված հում կաթի մեջ որոշ քիմիական վտանգների՝ քլորամֆենիկոլ (լևոմիցետին), ստրեպտոմիցին և դեքսամետազոն դեղամիջոցների ներգործությամբ պայմանավորված հանրային առողջապահական ռիսկերը հավանական չեն։ 
  • ՀՀ արհեստական լճակային տնտեսություններում աճեցված ձկան մսի մեջ հետազոտված հակամանրէային նյութերից ամոքսացիլինի և բենզիլպենիցիլինի մնացորդային պարունակությունները նմուշների 2%-ում գերազանցել են թույլատրելի մակարդակները։ Բնակչության կողմից ձկան սպառման արդյունքում հակամանրէային նյութերի՝ հակաբիոտիկների և ազոլների ներգործությամբ պայմանավորված քրոնիկ ռիսկերը թույլատրելի տիրույթում են: 
  • Լանդշաֆտների էկոլոգիական մոնիթորինգի հեռազննման համակարգի ստեղծման նպատակով շարունակվել են Հայաստանում արբանյակային լուսանկարների հավաքագրման և մշակման բազմաչափ տեղեկատվական համակարգի (տեղեկատվական խորանարդ, http://datacube.sci.am) ստեղծման աշխատանքներն Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և Ժնևի համալսարանի հետ:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակում շարունակվել են Սևանա լճի կենսառեսուրսների գնահատման աշխատանքները։ Խեցգետնաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ Սևանա լճի խեցգետնի պոպուլյացիայի վիճակը շարունակում է վատանալ: 
  • Ձկնային պաշարների փոփոխությունները տարեսկզբին և տարեվերջին պարզելու նպատակով ձայնախորաչափային դիտարկումներն ընթացիկ տարում իրականացվել են ոչ միայն աշնանը, այլև ամռանը։ Տարեսկզբին սիգի ընդհանուր պաշարը լճի պելագիալում կազմել է 5049.28 տ, որի մեջ արդյունագործական պաշարների մասնաբաժինը կազմել է մոտ 757.39տ:  Որոշվել է անհրաժեշտության դեպքում առաջարկել ձկան որսի լրացուցիչ քվոտայի հատկացում շուրջ 300 տոննա սիգի համար: Այսպիսով, 2022թ. ձկան որսի թույլատրելի ընդհանուր քվոտան կազմել է 600 տոննա:
  • Շրջակա միջավայրի նախարարության պատվերով գնահատվել է 2022-23թթ. հիմնական որսատեսակների պոպուլյացիաների արդի վիճակը: 

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

  • Ուսումնասիրվել է դեղերի թիրախային առաքման համակարգը, որպես թիրախի ճանաչման բաղադրիչ օգտագործվել են լեկտինները, իսկ որպես տրանսպորտային համակարգ՝  ֆերիտինը (երկաթի պահեստային սպիտակուց): Բակտերիաների ճանաչման համար ցորենի սերմերից ստացվել է մանոզի և N-ացետիլ գլյուկոզամինի նկատմամբ սպեցիֆիկ լեկտին: Դեղորայքի բեռնման համար ստացվել է երկաթից զուրկ ապոֆերիտին՝ ցածր pH-ի պայմաններում նատրիումի դիթիոնիտով մշակված: Լեկտինը, որպես բակտերիա կապող սպիտակուց թեստավորելու համար օգտագործվել են լեկտինով սենսիբիլիզացված անիզոտրոպ արծաթի նանոմասնիկներ: Այսպիսի նանոմասնիկների և բակտերիաների փոխազդեցությունը հանգեցրել է նանոմասնիկների օպտիկական սպեկտրի փոփոխությանը: Ցույց է տրվել, որ ստացված լեկտինը կապում է B.subtilis-ը: Հաջորդ փուլում ստացվել է լեկտին-ապոֆերիտին կոնյուգատը: Ապոֆերիտինը լիցքավորվել է հակաբիոտիկով ստանդարտ մեթոդով՝ ֆերիտինի մեկ մոլեկուլին բաժին  է ընկել հակաբիոտիկի 10-15 մոլեկուլ: Հայտնաբերվել է, որ կոնյուգատի հակաբակտերիալ ակտիվությունը զգալիորեն բարձր է ազատ հակաբիոտիկի համեմատությամբ:
  • Հետազոտվել է ազնվամորուց անջատած սուպերօքսիդ գեներացնող կոմպլեքսի չափաբաժնի կախյալ ազդեցությունն աղիքային միկրոֆլորայի Lactobacillus acidophilus, L.rhamnosus և Bifidobacterium bifidum  բակտերիաների ու Escherichia coli М 17 ոչ պաթոգեն շտամի աճի և զարգացման վրա: Կոմպլեքսի ազդեցությամբ լակտո և բիֆիդում բակտերիաների թիվն ավելացել է 4-8, իսկ  E.coli բակտերիաներինը՝ 5-10 անգամ:  

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

  • Կազմակերպվել է Lactobacillus acidophilus MDC9602 և L. rhamnosus MDC9631 կաթնաթթվային բակտերիաների կիրառմամբ «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելման սերիական արտադրությունը։ Չեխիայի Հանրապետության «GESMED» ընկերության հետ կնքվել է արտադրանքը մատակարարելու պայմանագիր:
  • Շարունակվել է «Նարինե» կաթնաթթվային մթերքի արտադրությունը մրգային և ըմպելի տարբերակներով և բնական օշարակների (ծիրան, դեղձ, սև թութ, բալ) կիրառմամբ: Շարունակվել է Lactobacillus acidophilus MDC9602 կաթնաթթվային բակտերիայի կիրառմամբ «Նարինե» կենսաբանորեն ակտիվ հավելման սերիական արտադրությունն աղիներում լուծվող դեղապատիճներով։ 
  • Շարունակվել է գյուղատնտեսության համար անհրաժեշտ համալիր կենսապարարտանյութերի՝ «Էկոբիոֆիդ»-ի և «Էկոբիոֆիդ+»-ի արտադրությունը: Արտադրվել է շուրջ 3 տ կենսապարարտանյութ, որն իրացվել է հանրապետության տարբեր գյուղական տնտեսություններում:
  • Շարունակվել է Հայաստանի դեղագործական շուկայում պահանջարկ ունեցող պատրաստուկների (3% և 30% ջրածնի պերօքսիդ, բորաթթու, մագնեզիումի սուլֆատ, կալիումի պերմանգանատ, ամոնիումի ջրային լուծույթ, գերչակի յուղ, գլիցերին, 5% յոդի լուծույթ) արտադրությունը: Պայմանագրային հիմունքներով վերոհիշյալ պատրաստուկներն իրացվում են «Նատալի-Ֆարմ», «Վագա-Ֆարմ», «Ֆարմ-Դոմ», «Յունիֆարմ», «Սանուս», «Արմֆարմացիա», «Ալտա» և այլ մեծածախ ցանցերում:
  • Շարունակվել է չիչխանի, կտավատի, պուտավոր կաթնափուշի, նշի, սև և սպիտակ քունջութի, դեղձի, ծիրանի, սև չամանի, դդմի և սև սալորի կորիզների բնական բուսական յուղերի արտադրությունը, ինչպես նաև կազմակերպվել է նոր արժեքավոր բուսայուղի՝ նռան յուղի արտադրությունը։

ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

  • Առաջին անգամ Հայաստան են ներմուծվել արժեքավոր տերևային բանջարեղեն թաթսոյը և աղցանային մանանեխը (Brassica juncea (L.) CZERN.), ընկուզավորներ գետնանուշը (Arachis hypogaea L.) և չուֆան (Cyperus esculentus L.), որոնք հարմարվել են Արարատյան դաշտի հիդրոպոնիկ պայմաններին և ձևավորել բարձր բերք: 
  • ԱՄՆ-ից ներմուծվել են նոր դեղաբույսի (Սուտերլանդիա թփային-Sutherlandia frutescens (L.) R.Br.), կանադական սպիտակ հուդայածառի (Cercis Canadensis f. alba «Royal White») սերմեր, Իտալիայից՝ սպիտակ հուդայածառի սերմեր (Cercis album),  կատարվում են դրանց նախնական հետազոտություններ:
  • Ինստիտուտում աճեցվում են մի շարք սննդաբույսեր և թեյաբույսեր, որոնք կարող են օգտագործվել որպես մթերքներ՝ թեյեր, հրուշակեղեն և այլն:  
  • Իրացվել են գիտափորձերի արդյունքում արտադրված մոտ 600 հատ տարբեր ծառաթփերի (կենսածառ, սոսի, գիհի, կաղնի, սոֆորա, հուդայածառ, մետաքսածառ) տնկիներ և բուսահումք: 
  • Մշակվել են ճշգրիտ գործնական ռադիոպաշտպանիչ առաջարկներ, որոնց կիրառումը հիդրոպոնիկայում և ագրոհամակեցություններում թույլ կտա ստանալ ռադիոէկոլոգիապես առավել անվտանգ բուսահումք:  

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

  • Բացահայտվել է միացություն, որը, ճնշելով պիրիմիդինային նուկլեոտիդների սինթեզում ներգրավված DHODH ֆերմենտի ակտիվությունը, ցուցաբերում է լայն սպեկտրի հակավիրուսային ակտիվություն վիրուսային տարբեր ընտանիքների ներկայացուցիչների (ԽԱԺՎ, կարդիովիրուս A, մարդու գրիպի A և B վիրուսներ, SARS-CoV-2) նկատմամբ:
  • Վայոց ձորի մարզում (գ. Արտաբույնք, ծ.մ. 2050 մ բարձրություն) հիմնվել է խաղողի բարձրադիր օրգանական այգի, որպես այլընտրանք կլիմայական փոփոխություններին, որն իր բնույթով և ծավալներով առաջինն է Հայաստանում:
  • Մշակվել է քիմիական նյութերի գենաթունային ակտիվությունը կանխագուշակող մոդել՝ հիմնված մեքենայական ուսուցման և խորը նեյրոնային ցանցերի ալգորիթմների վրա։ Մոդելը վավերացվել է անկախ տվյալների կիրառմամբ, Վյուրցբուրգի դեղաբանության և թունաբանության ինստիտուտում:

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ

  • Կոբրայի թույնի և խնկածաղկի եթերայուղի համակցված պրեպարատի հակացավային և հակաբորբոքային ազդեցությունների հետազոտությունն անցել է երկրորդ փուլ, ներկայում քննարկվում է քսուքի կրիչների ընտրության հարցը:
  • Մշակվել են մարդու արյան պլազմայից ալբումինի և նորմալ իմունոգլոբուլինի պատրաստուկների արտադրության տեխնոլոգիաները, ստացվել են փորձնական առաջին նմուշները:
  • Պարզաբանվել է կենդանական թույներից ստացված նեյրոպրոտեկտորների ազդեցությունը Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների in vitro և in vivo մոդելների վրա:
  • Ավարտվել են մոդիֆիկացված նանոմասնիկների և 5-ֆտորուրացիլի համակցված ազդեցության վերլուծության աշխատանքները Քրոքերի սարկոմայի և ռաբդոմիոսարկոմայի աճի ու զարգացման ժամանակ:
  • «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համատեղ դրամաշնորհի շրջանակում իրականացվել են «Վիրտուալ իրականությունը որպես կախվածության գնահատման և շտկման միջոց» հետազոտությունները, ապա-բջջայնացված ծայրամասային նյարդերի վրա Էլեկտրահաղորդիչ նյութերի ազդեցությունների գնահատման աշխատանքները, կարճաժամկետ պլաստիկութ-յունը որպես ախտաբանական կենտրոնական թիրախների և Ալցհեյմերի հիվանդության բուժման բացահայտման մարկեր մշակումների առաջին փուլը:


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.04.2023թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 072

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am