|
|
|
|
|
News
20/04/2023
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2022 թվականի գործունեության արդյունքները
|
|
|
|
|
Սույն թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց բաժանմունքի 2022 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:
Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.
- ««Ադրբեջան». պատմաժողովրդագրական քննություն» ( Զեկ.`ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա.Ա.Մելքոնյան)
- Սևանա լճի արևելյան ափերի նորագույն հնագիտական հետազոտությունները (Զեկ.` պ.գ.թ., փ.գ.դ. Ա.Ա.Բոբոխյան)
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Պատմության, Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղյանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտները, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 6 ակադեմիկոս և 15 թղթակից անդամ: Բաժանմունքի գիտական կազմակերպությունները հրատարակել են 127 մենագրություն (8-ը` արտասահմանում), 11 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 1081 հոդված (262-ը՝ արտասահմանում), 204 թեզիս (59-ը՝ արտերկրում կազմակերպված միջազգային գիտաժողովների ժողովածուներում):
2022 թվականին հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» և «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականների 3-ական համարներ, «Հայկական տնտեսագիտական հանդեսի» 1 համար: Թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար: Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակել է «Լեզու և լեզվաբանություն», Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը` «Գրականագիտական հանդես», Արվեստի ինստիտուտը՝ «Արվեստագիտական հանդես» պարբերականների 2-ական համարներ:
Կազմակերպվել է 88 գիտաժողով, որից 25-ը՝ միջազգային, 63-ը՝ հանրապետական։
Կարևորագույն արդյունքներ
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
- «Հայաստանը և հայությունը նորագույն ժամանակաշրջանում: Հայկական հարց և Հայոց ցեղասպանություն» թեմայի շրջանակներում ռուսերենով հրատարակվել է 1920-1930-ական թվականներին քեմալական Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին բռնակցված հայկական տարածքների հիմնախնդրին վերաբերող կոլեկտիվ աշխատություն:
- «Աղբյուրագիտություն և պատմագրություն» թեմայի շրջանակներում հրատարակվել է Ալբերտ Խառատյանի «Զմյուռնիայի և Էգեյանի առափնյակի հայկական այլ գաղթօջախները (XVI-XIX դ. I կես)» մենագրությունը: ՀՀ ԳԱԱ
Արևելագիտության ինստիտուտ
- «Հին, միջնադարյան և նոր շրջանի արևելյան աղբյուրները Հայաստանի և հայերի մասին: Թուրքիայի, Իրանի, Կովկասի և Մաշրիքի արաբական երկրների քաղաքական, սոցիալական, մշակութային և էթնիկական պատմության հիմնախնդիրները և Հայաստանը: Միջազգային հարաբերությունները Մերձավոր և Միջին Արևելքում, Արևելյան Ասիայում, Հարավային Կովկասում և Հայաստանի Հանրապետությունը» ծրագրի շրջանակներում hրատարակվել է պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Քոսյանի «Խեթական թագավորություն (քաղաքական պատմություն)» մենագրությունը, որը Խեթական թագավորության քաղաքական պատմության հայերեն լեզվով առաջին ուսումնասիրությունն է: Նույն ծրագրի շրջանակներում լույս է տեսել «Ալբանիա-Աղվանքը հունահռոմեական և հին հայկական աղբյուրներում» մենագրությունը ռուսերեն լեզվով:
- Հետազոտության առարկա է դարձել հայ մեծագույն միջնադարյան աստվածաբան Սբ. Գրիգոր Տաթևացու «Ոսկեփորիկ» գիրքը (ռուսերեն), որտեղ ամփոփված են հայ աստվածաբանական մտքի զարգացման արդյունքները:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
- «Հնագույն և հին Հայաստանի հնագիտական սկզբնաղբյուրների պեղումներ և ուսումնասիրություն» ենթածրագրով իրականացված հնագույն Հայաստանի առանցքային հուշարձաններ Լճաշենի և Լոռի բերդի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներով վերականգնվել է լեռնաշխարհի հատկապես մ.թ.ա. II հազ. զարգացած մշակութային միջավայրը: Հետազոտվել են Առաջավոր Ասիայի և Բալկանների (Հարավային աղեղ) հնագույն մշակույթների փոխհարաբերության, էթնիկ խմբերի տեղաշարժերի, ծագման ընդհանրության և այլ հարցերը։
- Աննախադեպ քանակի ԴՆԹ անալիզները, ինչպես նաև ինստիտուտի հետազոտողների ներկայացրած մշակութային համատեքստի վերլուծությունները նպաստել են տարածաշրջանի հնագույն անցյալի վերակազմության, հնդեվրոպական լեզուներով խոսող հանրույթների բնակության հնագույն օջախների, դրանց տարածման, ինչպես նաև հայոց ազգածագման խնդիրների՝ հնարավորինս լուսաբանմանը։ Այդ հետազոտությունները վերականգնում են նաև հին Հայաստանի բնական լանդշաֆտի զարգացման օրինաչափությունները: Արդյունքների վերաբերյալ հրապարակվել է 4 հոդված հեղինակավոր «Science» և «Nature» հանդեսներում:
- Հետազոտություններ են իրականացվել Արցախի կոթողային մշակույթի, մշակութային ժառանգության պահպանման խնդիրների, վանքերի ու եկեղեցիների ցուցակագրման, Քաշաթաղի շրջանի ամրոցների վերաբերյալ։ Պոզնանի համալսարանի մասնագետների հետ համագործակցությամբ իրականացվել է երկրորդ արցախյան պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված շուրջ 20000 հայերի մանրամասն մարդաբանական հետազոտումը: Հիշյալ հետազոտությունների արդյունքները տպագրվել են հայերեն, անգլերեն և լեհերեն լեզուներով:
- «Առօրեականությունը անցյալում և ներկայում. մարդաբանական ուսումնասիրություններ» ենթածրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունները հնարավորություն են ընձեռում դիտարկել հայկական քաղաքը համաշխարհային ուրբանիզացիոն գործընթացների համատեքստում:
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն
- «Շիրակի հնագիտական և պատմազգագրական ուսումնասիրություններ-3» գիտական թեմայի շրջանակներում՝ Ազատանի երկաթիդարյան ամրոց-բնակավայրում պեղվել է 2 դամբարան։
- 2019-2021 թվականներին պեղված դամբանային համալիրների ընձեռած տեղեկությունների հիման վրա կատարվել է Լեռնակերտի Վերի Բերդի դամբանադաշտի հնահասարակության սոցիալ-ժողովրդագրական դրության հետազոտություն:
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
- Համակողմանի ուսումնասիրվել են Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախմբի բարբառային միավորների, դրանց լեզվական հատկանիշների, տարածագործառական յուրահատկությունները: Նորովի արժևորվել ու մեկնաբանվել են բարբառախմբում ընդգրկված Ղարաբաղի, Հադրութի, Շամախիի, Բուրդուրի, Կռզենի, Մեհտիշենի բարբառների մի շարք իրողություններ: Իրականացվել է Ղարաբաղի բարբառի հնաբանությունների հետազոտություն, որը որոշակի նյութ է տալիս ոչ միայն բարբառային հայերենի, այլև հայոց լեզվի պատմության տարբեր հարցերի, քերականական այս կամ այն կարգերի առաջացման, նրանց զարգացման ընթացքի բացահայտման վերաբերյալ։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են ինստիտուտի կազմակերպած «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովում, գիտական տարբեր հանդեսներում և ժողովածուներում։
- Հրապարակվել է «Նույնանիշների՝ XVIII դարից ավանդված ձեռագիր բառարանների քննություն» մենագրությունը: Առաջին անգամ հետազոտվել են Մատենադարանի ձեռագրացուցակներում վկայված հինգ ձեռագրեր, որոնք ամփոփում են նույնանիշների՝ XVIII դարից ավանդված ձեռագիր բառարաններ:
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- «Հայ գրականության պատմություն և տեսություն» թեմայի շրջանակում կատարված «Հայաստանը և հայերը եվրոպական ուղեգրողների գրառումներում. Վաղ քրիստոնեական լեգենդներ և ավանդություններ» (հեղինակ՝ բ.գ.թ. Գ. Կարագյոզյան) աշխատանքում համաքրիստոնեական մի շարք ավանդությունների և միջնադարյան լեգենդների հայկական խմբագրությունները համեմատվել են եվրոպացի հեղինակների նույն այդ թեմաներով հայկական միջավայրում կատարված գրառումների հետ:
- Բ.գ.թ. Հ. Որսկանյանի «Ներսես Շնորհալին և հայ միջնադարյան հանելուկները» աշխատանքում հանելուկները համեմատվել են միջնադարյան գրականության տարբեր ժանրերի հետ:
ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
- «Հանքարդյունաբերության զարգացման միտումները, հնարավորությունները և հեռանկարները` ներկան և ապագան Սյունիքի մարզում» թեմայի շրջանակներում մշակվել են երաշխավորություններ հանքավայրերի արդյունավետ շահագործման համար, առաջարկվել են կարճաժամկետ, միջնաժամկետ հատվածի կտրվածքով առաջնայնություն տալ այն ապրանքային խմբերին, որոնք համարվում են մրցունակ, համեմատական առավելություններ ունեցող և կարևոր են արտահանման ծավալների աճ ապահովելու տեսանկյունից:
- «Պարենային անվտանգության հիմնահարցերը ՀՀ տնտեսական անվտանգության համակարգում» թեմայի շրջանակներում բացահայտվել է, որ աշխարհում ռեսուրսների սակավության, կլիմայի գլոբալ փոփոխության, բնակչության աճի և սննդի պահանջարկի աճի ներկա պայմաններում շրջանաձև տնտեսությունը ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, կայուն զարգացման ու վերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման մոդելների ստեղծման համար հույս ներշնչող ռազմավարություն է։
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
- «Հայ հասարակության փիլիսոփայական, սոցիալ-քաղաքական և իրավագիտական հիմնախնդիրներ (պատմություն և արդիականություն)» թեմայի շրջանակներում իրականացվել են.
- ՀՀ-ում քաղաքական վարչակարգի ժողովրդավարական անցման և քաղաքական մշակույթի էվոլյուցիայի գործընթացի վերլուծություն, արցախյան պատերազմի և ադրբեջանական ագրեսիայի սոցիալ-քաղաքական հետևանքների հաղթահարման առումով տարածաշրջանային անվտանգության հաստատման համար հայեցակարգային ռազմավարության (կոնսոցիատիվ ռազմավարություն) կիրարկման ուղղությամբ հետազոտությունները:
- ՀՀ-ում նախատեսվող սահմանադրական բարեփոխումների համատեքստում սահմանադրաիրավական և դատաիրավական հիմնախնդիրներին վերաբերող հետազոտություններ:
- Հայկական քաղաքակրթական և մշակութային ինքնության, մարդկային ինքնության և համակեցության, երիտասարդության արժեքային կողմնորոշումների և այդ համատեքստում տեղի ունեցող փոխակերպումների, արվեստի տեսության փիլիսոփայական արժևորման և գեղագիտության վերաբերյալ ուսումնասիրությունները:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ
- «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» հետազոտության շրջանակներում առաջին անգամ իրականացվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանում պահվող՝ ժողովրդական հոգևոր երգերի և եկեղեցական տարբեր արարողություններում հնչող երգերի գիտարշավային ձայնագրությունների (1927-1999թթ.) երաժշտագիտական քննությունը։
- Ավարտվել են «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի 14-րդ՝ Ջավախքի ժողովրդական հոգևոր երգերին նվիրված հատորի հրատարակման նախապատրաստական աշխատանքները:
- Քննության են առնվել դրամայի արտատեքստային նախադրյալները, վերանայվել է դրամայի դասական տեսությունը և առաջին անգամ իրականացվել է ժողովրդական դատական խաղերի տեսական-թատերագիտական վերլուծությունը:
Կիրառական արդյունքներ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
- ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն ակտիվորեն ներգրավված է եղել գիտակիրառական գործունեության իրականացման մեջ, որի գլխավոր նպատակն է դիվանագիտական և գիտական շրջանակների ներգրավմամբ ձևավորել գիտական և հանրային դիվանագիտության հարթակներ ինստիտուտի հովանու ներքո:
- Կազմակերպվել են Հայաստան-Իրան, Հայաստան-Սիրիա, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Ճապոնիա, Հայաստան-Հնդկաստան միջազգային գիտաժողովներ: Հրատարակվել է «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան», «Հայաստան-Չինաստան. ձեռքբերումներ և հեռանկարներ» (անգլերեն) միջազգային գիտաժողովների նյութերի և «Արևելաասիական ուսումնասիրություններ» ժողովածուի 5-րդ հատորը:
- 2022 թվականին ինստիտուտի գիտաշխատողներն ակտիվորեն ներգրավված են եղել ՀՀ արտաքին քաղաքականության շուրջը ծավալվող խոսույթում:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
- «Կիրառական ազգագրության» խումբն իրականացրել է հետազոտական և վերլուծական ենթածրագրեր՝ էթնիկ, կրոնական, լեզվական, հասարակական խմբերի (փախստականներ, հարկադիր տեղահանվածներ) ինքնությունների պահպանության, ձևափոխման, դրանց հասարակական, քաղաքական, մշակութային, գաղափարական պատճառների, ինչպես նաև անհատական, հասարակական, կոլեկտիվ հիշողության ձևավորման մարդաբանական օրինաչափությունների և քաղաքականության շուրջ:
- «Ազգագրության բաժինը» ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ-նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկում հայկական արժեքներն ընդգրկվելու մանրամասն առաջարկներ է մշակել «Վարդավառ․ ջրի տոն» միացյալ հայ-իրանական հայտի կազմումը և ներկայացումը», «Տոլմա պատրաստելու և կիրառման ավանդույթը», «Ժենգյալով հացի պատրաստման և կիրառման ավանդույթը»։
- Ստեղծվել է https://monumentwatch.org/ եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) ակադեմիական հարթակը, որը ներկայացնում է Արցախի մշակութային ժառանգությունը:
- Վերականգնվել, հետազոտության ու թանգարանացման համար նախապատրաստվել են 15 հուշարձաններից հայտնաբերված տարբեր դարաշրջանների գտածոներ՝ 350 խեցանոթ, ավելի քան 15000 խեցատ, շուրջ 120 մետաղից, ապակե, քարե և ոսկրե մեծարժեք առարկաներ:
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
- Ավարտվել են «Արդի հայերենի ուղղագրական բառարան»-ի, «Նոր բառեր»-ի Է պրակի կազմման և խմբագրման աշխատանքները, կատարվում է «Հայերենի բարբառագիտական բառարան»-ի շարունակական համալրում նոր բառահոդվածներով, հրապարակվել են կոլեկտիվ մենագրություններ, գրական լեզվի կանոնարկման ու ուսուցման խնդիրներին առնչվող ձեռնարկներ:
ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
- «Հանքարդյունաբերության զարգացման միտումները, հնարավո-րությունները և հեռանկարները` ներկան և ապագան Սյունիքի մարզում» թեմայի շրջանակներում առանձնացվել են առաջնայնությունները կարճաժամկետ, միջնաժամկետ ժամանակահատվածներում:
- «Պարենային անվտանգության հիմնահարցերը ՀՀ տնտեսական անվտանգության համակարգում» թեմայի շրջանակներում առաջարկվել է.
- զարկ տալով հայրենական արտադրանքների արտադրությանը առաջ-նային անհրաժեշտության պարենամթերքների գծով ինքնաբավության մակարդակը հասցնել նվազագույնը 75-80%-ի:
- Ֆորսմաժորային իրավիճակներից խուսափելու համար ստեղծել առաջնային անհրաժեշտության պարենամթերքների 15-20%-ի չափով պետական պահուստ:
- Ներմուծվող պարենամթերքներն աստիճանաբար տեղական արտադրությամբ փոխարինման խթանում. հատկապես` ցորենի, շաքարի, բուսական յուղի, հատիկաընդեղեն մշակաբույսերի, խոզի և թռչնի մսի ինքնաբավության բարձրացման նպատակով սուբսիդավորման ծրագրերի իրականացում:
- Գծային տնտեսությունից անցում շրջանաձև տնտեսության:
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Ինստիտուտի կիրառական աշխատանքների արդյունքներն արտացոլվել են Պետաիրավական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատողների՝ ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովի կազմում ակտիվ աշխատանքներում, ՀՀ Փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի հետ համատեղ իրականացված կիրառական հետազոտություններում:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին 20.04.2023թ. |
|
|
|
|
Notices
Publications in Press
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
This site has been visited 7 156 078
times since 01.01.2005
|
|