Սույն թվականի ապրիլի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում մեկնարկեց «Օպերատորների տեսություն և հարմոնիկ անալիզ» թեմայով «OTHA-Spring-2023» միջազգային գիտաժողովը։ Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ ստեղծման 80-ամյակին։
Գիտաժողովին մասնակցում են առաջատար մաթեմատիկոսներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Մեքսիկայից, Իսրայելից, Պորտուգալիայից, Ղազախստանից, Հայաստանից։
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը նշեց, որ գիտաժողովն ավանդաբար անցկացվում է Դոնի Ռոստովում (ՌԴ)։ Այս տարի այն որոշվեց անցկացնել Հայաստանում՝ խորացնելու համագործակցությունը մաթեմատիկայի բնագավառում:
«Սա շատ լավ հնարավորություն է ամրապնդելու մեր կապերն արտասահմանյան գիտական կենտրոնների հետ և ստեղծելու նոր համագործակցություններ։ Սա հատկապես կարևոր է երիտասարդ մաթեմատիկոսների համար, ովքեր այս միջոցառման շնորհիվ ծանոթանում են առաջատար մաթեմատիկական կենտրոններում կատարվող հետազոտություններին», - ասաց ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը։
«Այսօր մեր համար մեկ խնդիրը երիտասարդ կադրերի պատրաստումն է, և ես հույս ունեմ, որ նման հեղինակավոր միջոցառումների արդյունքում Հայաստանում գիտական ոլորտն ավելի գրավիչ կդառնա երիտասարդների համար», - նշեց ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը։
Հարավային դաշնային համալսարանի տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնի տնօրեն, «Journal of Mathematical Sciences» (Series A) գիտական ամսագրի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Ալեքսեյ Կարապետյանցը շեշտեց համագործակցության զարգացման կարևորությունը։ Նա նշեց, որ նախատեսվում է գիտաժողովի արդյունքներին նվիրված հրապարակում «Journal of Mathematical Sciences» ամսագրում, որը բացի անգլերենից կլինի նաև հայերեն լեզվով։
Գիտաժողովի շրջանակներում միջազգային հրատարակչական «Springer» ընկերությունը կազմակերպել է մասնագիտական գրքերի ցուցադրություն։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն ապրիլի 20-ին՝ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում։
Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը և ՌԴ Հարավային դաշնային համալսարանը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19․04․2023թ․