ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
26/01/2023
Մեկնարկեց «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» ծրագիրը

Սույն թվականի հունվարի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպումը։

Ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մշակելու են նոր համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հենքի վրա։ Կստեղծվի ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև, որը կծառայի որպես հարթակ՝ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար։

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արամ Մեյմարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Սվիտլանա Շիտիկովան, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրեններ, ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, Ուկրաինայի Սումիի ազգային ագրարային համալսարանի, Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ։ Միջոցառումը բացեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ «Մենք ականատես ենք, թե ինչպես է ավիրվում Արարատյան դաշտի բնությունն արտեզյան աղբյուրների ոչ ռացիոնալ օգտագործման հետևանքով, ոչնչացվում Սևանա լճի կենդանական և բուսական աշխարհը, իսկ հիդրոէլեկտրակայանների շահագործումն ազդում է էկոցենոզների վրա: Ցավոք, բնակչության զգալի մասը լիովին չի զգում բնապահպանական աղետի մասշտաբները, և, հետևաբար, էկոլոգիական  կրթությանն ուղղված այս կարևոր ծրագրի մեկնարկը  մեզ համար  չափազանց արժեքավոր է։  Առանձնապես ողջունելի է ծրագրում Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնների ակտիվ մասնակցությունը։ Ակադեմիայի նախագահության անունից հաջողություն եմ մաղթում ձեր գերազանց նախաձեռնությանը», - ասաց Ռուբեն Հարությունյանը։

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ասաց․ «Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ստեղծել և զարգացնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական ծրագրեր Հայաստանում և Ուկրաինայում, որոնք համարժեք կլինեն եվրոպական նմանատիպ առաջատար ծրագրերին, կարձագանքեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը։ Նաև կստեղծվեն լաբորատորիաներ Հայաստանում և Ուկրաինայում»։ Արմեն Սարգսյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Հիդրոկենսաբանություն և ակվակուլտուրա» ամբիոնը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասաց․ «Հայաստանում, կլիմայի փոփոխությամբ և ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, մեծացել է գոլորշիացման մակարդակը, նկատվում է ջրային ռեսուրսների սակավության խնդիր, ուստի ջրային կենսաբանական պաշարների արդյունավետ կառավարումը կարևորվում է։ Ձկնային պաշարների պահանջարկը բավարարելու հուսալի աղբյուր է ակվակուլտուրան, որի զարգացման համար կարևոր նշանակություն ունեն ձկների կառուցվածքային կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկությունների մասին խորը գիտելիքները, դրանց վրա հիմնված ապագա ձկնաբույծի կարողություններն ու հմտությունները։ Շրջակա միջավայրի նախարարությունը ողջունում է մագիստրոսական նոր կրթական ծրագրի ներդրման մտահղացումը, ինչը հիմք կհանդիսանա ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների կառավարիչների պատրաստման համար»։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց․ «Այսօր ձկնաբուծության ոլորտը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի արագ զարգացող  ճյուղերից է։ 2022 թվականին այս ոլորտում արտադրանքը հասել է 25 հազար տոննայի, 2021 թվականի հետ համեմատ աճը եղել է շուրջ 25 տոկոս։ Ամբողջ աշխարհում աճում է պահանջարկը պարենի նկատմամբ, միաժամանակ, գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ։ Դրանցից առանձնացնեմ գլոբալ տաքացումը, որը պարտադրում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործում, ինչը կապահովի գյուղատնտեսության ոլորտի հավասարաչափ զարգացում։ Մենք կարող ենք ունենալ ավելի շոշափելի արդյունքներ, եթե ոլորտն ապահովված լինի բարձրորակ մասնագետներով, ովքեր կառաջնորդվեն նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով»։ 

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, շնորհավորելով ծրագրի մասնակիցներին, ասաց․ «Մենք կունենանք նոր մասնագետներ, ովքեր կբերեն նոր մոտեցումներ՝ ինչպես գործել գյուղատնտեսության, ակվակուլտուրայի, ձկնային տնտեսությունների ոլորտներում»:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն ասաց․ «Սա այն եզակի հնարավորությունն է, երբ գիտական կազմակերպությունները և ԲՈՒՀ-երը կարող են միավորել իրենց ջանքերը՝ խթանելով հետազոտահեն, գիտահեն կրթությունը։ Մենք և մեր գործընկերները կաշխատենք լավագույն կերպով այս ծրագիրն իրականություն դարձնելու համար։ Այս համագործակցությունը նաև նոր ծրագրերի, նոր գաղափարների լայն հարթակ է»։

Հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը կնքեցին համագործակցության հուշագիր։ 

«Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից։ Եվրոպական գործընկերներն են Դուբրովնիկի համալսարանը, Պորտոյի համալսարանը, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանը Նիտրայում։ Ուկրաինական գործընկերներն են Սումիի ազգային ագրարային համալսարանը, Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26.01.2023թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 157 444

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:12, 22/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: