Սույն թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ՔՖԻ) տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանին:
Սեյրան Մինասյանը ներկայացրեց իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ ԳԱԱ ՔՖԻ-ում իրականացված աշխատանքները և նախատեսվող զարգացման ծրագրերը: Ինստիտուտը 3 տարվա ընթացքում ստացել է շուրջ 30 դրամաշնորհ ու ծրագրային պատվեր։ Ինստիտուտի բյուջեն աճել է 4-5 անգամ։ Վերազինվել է ինստիտուտի գիտահետազոտական բազան և ենթակառուցվածքը։ Ինստիտուտի գիտական անձնակազմն երիտասարդացել է։
Առաջիկա տարիներին ՀՀ ԳԱԱ ՔՖԻ-ում իրականացվելիք միջոցառումների մասին Սեյրան Մինասյանը նշեց, որ նախատեսվում է Բարձր էներգիական նյութերի և պրոցեսների ուսումնասիրության նոր լաբորատորիայի ստեղծում, Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի հետ բազային 2 լաբորատորիաների ստեղծում, ինչը հնարավորություն կտա իրականացնել համատեղ գիտակրթական ծրագրեր: Նախատեսվում է նաև արտերկրից գիտնականների ներգրավմամբ 3-4 նոր լաբորատորիաների և խմբերի ստեղծում, գիտական հաշվողական երկու հանգույցի ստեղծում։
Սեյրան Մինասյանը ծնվել է 1963թ.՝ ՀՀ Գյումրի քաղաքում: 1985թ․ավարտել է Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետը` ստանալով քիմիկոսի որակավորում: 1988թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան՝ կինետիկա և կատալիզ մասնագիտությամբ: 1988-1991թթ. աշխատել է ԳԱԱ ՔՖԻ-ի Հեղուկաֆազ ազատ ռադիկալային ռեակցիաների լաբորատորիայում՝ որպես ավագ լաբորանտ, այնուհետև որպես գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող: 1991-1992թթ. եղել է Գյումրի քաղաքի Շիրակի շրջանի շրջանային խորհրդի նախագահի տեղակալը: 2004-2013թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում` որպես զարգացման սեկտորի պետ, գիտարտադրական սեկտորի պետ, տնօրենի տեղակալ գիտարտադրական հարցերով: 2018թ-ից ՀՀ ԳԱԱ ՔՖԻ քիմիական անվտանգության ֆիզիկա-քիմիական հիմնահարցերի գիտական խմբի ղեկավարն է: 2019թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ ՔՖԻ-ի տնօրեն:
Սեյրան Մինասյանը շուրջ 120 գիտական աշխատանքի հեղինակ է: Մասնակցել է 4 միջազգային գիտական դրամաշնորհային և մոտ 20 միջազգային փորձագիտական և խորհրդատվական ծրագրերի:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.08.2022թ.