Սույն թվականի ապրիլի 29-ին տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որի ժամանակ ամփոփվեցին ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ԳԱԱ ինստիտուտների տնօրենները, գիտաշխատողները: Տարեկան ընդհանուր ժողովի պատվավոր հյուրն էր համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը:
2021թ-ին անցկացվել են ՀՀ ԳԱԱ կառավարման մարմինների ընտրություններ: ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվել ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, փոխնախագահ՝ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը, ակադեմիկոս-քարտուղար՝ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, ԳԱԱ գիտական բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներ են հաստատվել և ԳԱԱ նախագահության անդամ ընտրվել ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյանը (Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք), Ռադիկ Կոստանյանը (Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք), Լևոն Թավադյանը (Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք), Յուրի Սուվարյանը (Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք), թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը (Բնական գիտությունների բաժանմունք): ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ են ընտրվել նաև ակադեմիկոսներ Գեղամ Գևորգյանը, Գագիկ Ղազինյանը, Ռադիկ Մարտիրոսյանը, Աշոտ Մելքոնյանը, Գևորգ Պողոսյանը, թղթակից անդամներ Արսեն Հախումյանը, Վազգեն Մելիքյանը: Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ալեքսեյ Սերգեևը ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:
Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքները, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպություններում կատարվել են հիմնարար ու կիրառական բնույթի հետազոտություններ գիտության տարբեր ոլորտներում:
Ակադեմիկոս Սաղյանը նշեց, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ակտիվորեն մասնակցել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակման և ակադեմիային վերաբերող որոշ կետերի փոփոխման աշխատանքներին: Օրենքով Գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանի Հանրապետության հիմնադրած, հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է, որը կազմակերպում, իրականացնում և համակարգում է գիտելիքի վրա հիմնված տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման համար անհրաժեշտ հիմնարար և կիրառական հետազոտությունները:
ԳԱԱ կազմում ներկայում գործում են 32 գիտական ինստիտուտներ և կենտրոններ, որոնք բաշխված են 5 բաժանմունքներում՝ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիայի և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների:
2021թ-ին ԳԱԱ ինստիտուտները կազմակերպել և անցկացրել են 37 միջազգային և 42 հանրապետական գիտաժողովներ: ԳԱԱ համակարգի գիտահետազոտական կազմակերպություններն իրականացրել են գիտական և գիտահետազոտական աշխատանքներ 5 նպատակային, 44 բազային, 186 տնտեսական պայմանագրային ծրագրերով, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ 313 աշխատանք: Ստացված արդյունքներով հրապարակվել են 160 մենագրություն և ժողովածու, որից 20-ը՝ արտասահմանում, 21 ուսումնական ձեռնարկ և դասագիրք, 1550 հոդված գրախոսվող ամսագրերում, որից 615-ը՝ արտասահմանում, 481 հոդված գիտաժողովների նյութերի ժողովածուներում, որից 210-ը՝ արտասահմանում, 349 թեզիս, որից 187-ը՝ արտասահմանում: ԳԱԱ կազմակերպությունները ստացել են 18 արտոնագիր:
2021թ-ին ԳԱԱ-ն շարունակել է ակտիվ համագործակցությունը միջազգային գիտական կառույցների և գիտությունների ակադեմիաների հետ. Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի հետ ստորագրվել է գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզ: ԳԱԱ պատվիրակությունները մասնակցել են «Անկախ պետությունների համագործակցության 30 տարին. արդյունքներ, հեռանկարներ» միջազգային գիտագործնական համաժողովին, Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստին, ԱՊՀ անդամ պետությունների գիտնականների 3-րդ համաժողովի աշխատանքներին:
ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպություններում իրականացվել է գիտական կադրերի որակավորում, ըստ որի արդյունքների, համաձայն ՀՀ կառավարության 2021թ-ի մայիսի 13-ի N 747-Լ որոշման, բարձրացվել են գիտաշխատողների աշխատավարձերը: ԳԱԱ համակարգի գիտնականներն անմիջական մասնակցություն են ունեցել հանրապետության ռազմարդյունաբերական համակարգի տարբեր օղակների աշխատանքներին:
2021թ-ին սկսվել և այժմ մշակման ավարտական փուլում է ՀՀ ԳԱԱ 2022-26թթ. զարգացման ռազմավարությունը, որը նպատակ ունի բարձրացնել ակադեմիայի կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների արդյունավետությունը, ամրապնդել գիտություն-կրթություն-արտադրություն կապը, խթանել գերազանցությունը, նպաստել ակադեմիայի կազմակերպությունների ինտեգրմանը միջազգային հետազոտական տարածք՝ արդյունքում ապահովել ակադեմիայի համակարգի կայուն զարգացումը:
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ուշադրություն դարձրեց գիտության արդյունավետության հարցին. «Հայաստանի գիտության գիտաչափական գնահատման համար անհրաժեշտ է առաջնորդվել միջազգային գիտական հանրության կողմից ընդունված չափանիշներով: «Scopus»-ում, որը հայտնի գիտատեղեկատվական շտեմարան է, 1996-2020թթ-ի ընթացքում Հայաստանի կողմից հրապարակվել է 19089 հղվող փաստաթուղթ: Ըստ H-Index-ի, որը գիտնականի ազդեցության չափիչ գործիք է, Հայաստանը տարածաշրջանում 3-րդն է՝ Թուրքիայից և Ուկրաինայից հետո: Հրապարակումների քանակով՝ 1 միլիոն բնակչության հաշվարկով, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի, 2019թ-ին 416 հրապարակումներով Սևծովյան ավազանի տարածաշրջանի երկրներում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Կարելի է եզրակացնել, որ եթե գիտությունը դիտարկենք որպես բնագավառ, որի գործառույթը նոր գիտելիքի ստեղծումն է, իսկ վերջնարդյունքը՝ գիտական արտադրանք տալը, ծախսերի արդյունավետության տեսակետից այն մեր Հանրապետության ամենաարդյունավետ բնագավառներից մեկն է»:
Նա շեշտեց գիտական կադրերի երիտասարդացման անհրաժեշտությունը. «2022թ-ի հունվարի դրությամբ ԳԱԱ համակարգում աշխատում է 3492 մարդ, որից 2020 մարդ զբաղվում է գիտահետազոտական աշխատանքով: Մենք ունենք երիտասարդների ներհոսքի դրական դինամիկա, սակայն ունենք 40-50 տարեկան գիտական կադրերի խիստ պակաս»:
Աշոտ Սաղյանն անդրադարձավ ԳԱԱ կառուցվածքային բարեփոխումների հարցին՝ նշելով, որ մշակվում է բարեփոխումների ծրագիրը, որով նախատեսվում է կենտրոնացնել ԳԱԱ ռեսուրսները գիտության արդի չափանիշներին համապատասխան հիմնարար և հանրապետության տնտեսության պահանջներից բխող կամ ազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված հետազոտությունների վրա, ձևավորել ժամանակակից հետազոտական ծրագրեր իրականացնող գիտահետազոտական խոշոր կենտրոններ:
«Խնդիրները շատ են, և դրանք պետք է հրատապ լուծում ստանան: ԳԱԱ համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի, դա այսօր խիստ պահանջված է և անհրաժեշտ է ակադեմիայի երբեմնի բարձր հեղինակության վերականգնման համար, ակադեմիայի և գիտնականների հանդեպ վերադաս մարմինների երբեմնի վստահության վերականգնման համար, ակադեմիայի միջազգային հեղինակության բարձրացման համար: Մենք ձեզ հետ միասին դրան կհասնենք, քանի որ կա վճռականություն, կա պատասխանատվության զգացում և բարեփոխումների իրականացման փորձ: Կարևոր է, որ դա իրականացվում է լիազոր մարմինների հետ համաձայնեցված: Դրա համար առկա է կառավարության ֆինանսական հովանավորությունը: Անշուշտ, կկարողանանք իրականացնել բարեփոխումներ, դրա համար մեկ բան է պետք. մեր լիազորություններից մեզ չզրկեն, թողնեն ակադեմիայի նախագահությունը զբաղվի բարեփոխումներով: Վերջը լավ է լինելու, մենք համոզված ենք», - ասաց Աշոտ Սաղյանը:
Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտակազմակերպական գործունեությունը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը խոսեց գիտական արդյունքի միջազգայնացման խնդրի մասին: «Մենք պետք է բազմաթիվ քայլեր անենք մեր ամսագրերում օտարալեզու բովանդակություն աճեցնելու համար: Բարձրագույն որակավորման կոմիտեի նոր պահանջներում նշված է նվազագույնը 10 տոկոս, բայց ես կարծում եմ, որ մեր ազգային անվտանգության, պաշտպանության տեսակետից անհրաժեշտ է հասնել շատ ավելի մեծ քանակության, որովհետև բոլոր որոնողական համակարգերը հղում են անում առցանց հանրագիտարաններին, որոնք էլ իրենց հերթին հղում են անում միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակված հոդվածներին», - ասաց Արթուր Իշխանյանը:
Նա նշեց, որ ԳԱԱ-ն անդրադարձել է ՀՀ կառավարությունից և վերադաս մարմիններից ստացված բոլոր փաստաթղթերին, ներկայացրել է իր առաջարկություններն ու դիտողությունները: Հատուկ ուշադրությամբ և մանրամասն քննարկվել են բարձրագույն կրթությանը, գիտությանը, երկրի պաշտպանությանը, առաջավոր տեխնոլոգիաներին, գիտության ֆինանսավորմանն առնչվող օրենսդրական և իրավական ակտերի նախագծերը և ներկայացվել են համապատասխան դիտողություններ և առաջարկություններ:
Ըստ ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտակազմակերպական գործունեության հաշվետվության՝ ԳԱԱ ակադեմիայի 5 գիտական բաժանմունքներում անցկացվել է 14 ընդհանուր ժողով, բաժանմունքների բյուրոների 67 նիստ, այդ թվում՝ արտագնա և ընդլայնված նիստեր: Բաժանմունքների ընդհանուր ժողովներում լսվել և քննարկվել են բաժանմունքների 2020թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Բաժանմունքների բյուրոների նիստերում քննարկվել և հաստատվել են 2021թ-ի աշխատանքային պլանները, քննարկվել են ինստիտուտների 2021թ-ի բազային, թեմատիկ, նպատակային ծրագրերով, միջազգային դրամաշնորհներով և պայմանագրերով ֆինանսավորման հարցերը: Քննարկվել են 2021թ-ի սեպտեմբերին բաժանմունքների ինստիտուտներում անցկացված գիտաշխատողների ատեստավորման արդյունքները: Քննարկվել են գիտական աշխատանքների արդյունավետության բարձրացման, կիրառական նշանակություն ունեցող ուսումնասիրությունների ընդլայնման, գիտական կազմակերպությունների աշխատանքի գնահատման, բաժանմունքների բարեփոխումների հնարավոր ուղղությունների հարցերը: Ընդունվել են որոշումներ ինստիտուտների ներքին կառուցվածքի օպտիմալացման հարցերի վերաբերյալ:
Ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն ասաց, որ ՀՀ ԳԱԱ նախագահությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ անվանակոչելու առաջարկով:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունեց ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին և նշեց, որ իր համար պատիվ է ներկա գտնվել հոգեհարազատ միջավայրում:
«Մենք կարիք ունենք պետական քաղաքականության մեջ մեր խոսքն ասելու ժամանակ հաշվի առնել գիտական հիմնավորումները: Մենք կարիք ունենք անաչառ գնահատականներ տալու և՛ ստեղծված իրավիճակին, և՛ ապագային, որը կդառնա նաև պետական քաղաքականություն: Եթե փորձեք հիմա գնահատել, թե ինչով են պայմանավորված եղել մեր անհաջողությունները, ապա կհասկանաք, որ դրա պատճառը գիտությունից հեռվանալն է: Մենք կարիք ունենք նորից վերադառնալ այդ սկզբնաղբյուրին, որը կոչվում է միտք, անաչառություն, ազնվություն, իրատեսություն: Մենք այլ ռեսուրս չունենք, քան մարդն է՝ իր գիտելիքով, իր ունակություններով, իր նախաձեռնություններով: Հայաստանի իշխանության բոլոր օղակները՝ կառավարությունը, Ազգային ժողովը, նախագահական ինստիտուտը ձեր կողքին են, ձեր բոլոր նախաձեռնություններին աջակցողն են, պատրաստ են քննարկել ցանկացած բարդ հարց, որը կարող է ծագել: Մենք վաղվա օրվա մեր պետությունը կառուցելու մեջ միայն և միայն միասին կարող ենք լինել», - ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Ժողովի ժամանակ ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենները: Նրանք բարձրացրեցին «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների, երիտասարդ կադրերի պատրաստման, սարքավորումների արդիականցման, Ադրբեջանի կողմից գրավված տարածքների պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների պաշտպանության ապահովման անհրաժեշտության հարցերը: Բարձրացվեց նաև ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում բազմաբնակարան համալիրի կառուցումը կասեցնելու հարցը: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը հանդես եկավ «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29.04.2022թ.