Ս.թ. փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը:
Գիտաժողովի մասնակիցներին ուղերձներ կհղեն ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը, ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:
Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, գիտաժողովի կազմկոմիտեի քարտուղար Գոհար Իսկանդարյանը: Ուղերձներ կհղեն ԻԻՀ-ում ՀՀ և ՀՀ-ում ԻԻՀ տարբեր տարիների դեսպանները՝ Վահան Բայբուրդյանը, Գեղամ Ղարիբջանյանը, Գրիգոր Առաքելյանը, Արտաշես Թումանյանը, Արսեն Ավագյանը, Բահման Ղասեմին, Ալի Սաղայիանը, Մոհամմադ Ռայիսին, Սեյյեդ Քազեմ Սաջադին և Աբբաս Բադախշան Զոհուրին:
Գիտաժողովի նիստերի ժամանակ հայ և իրանցի գիտնականները կներկայացնեն գիտական զեկուցումներ՝ նվիրված Հայաստան-Իրան հարաբերությունների պատմությանը և զարգացմանը, Թուրքիայի քաղաքականությանը Իրանի նկատմամբ, ՀՀ հասարակության վերաբերմունքի փոփոխության դինամիկային Իրանի նկատմամբ, լրատվամիջոցների դերին Հայաստանի և Իրանի հարաբերություններում, հայ ազգային փոքրամասնության իրավունքներին Իրանում, Իրանի հայ համայնքի մասնակցությանը ՀՀ-ԻԻՀ միջպետական հարաբերությունների հաստատման և զարգացման գործընթացում, Իրանի և Հայաստանի տնտեսաքաղաքական հարաբերություններին 2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո:
Գիտաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային արխիվի կողմից կկազմակերպվի հայ-իրանական հարաբերություններին նվիրված փաստաթղթերի ցուցադրություն:Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն փետրվարի 10-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստերի դահլիճում և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
08.02.2022թ.