Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդող այս ամիսներին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության գործելաոճը, սոցցանցերում և միջազգային հարթակներում տիրաժավորվող կեղծիքն ու ռազմատենչ հռետորաբանությունը կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը վիժեցնելու և Արցախը հայաթափելու համար։
Տարիներ շարունակ հայերին և հայկականությունը մերժող ատելության խոսքի շնորհիվ այսօր արդեն հայատացությունն ադրբեջանական հանրության ինքնության կարևոր բաղադրիչի է վերածվել։
Վերջին հարյուրամյակում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ուծացման, էթնիկ զտումների, պարբերաբար կրկնվող զանգվածային կոտորածների պրակտիկաներում «հաջողություններ գրանցած» Ադրբեջանի ղեկավարությունը տարածաշրջանի պատմության կեղծման, հայոց մշակութային ժառանգության ոչնչացման կամ «ալբանականացման» քաղաքականությունն այս օրերին դարձրել է ազգային նպատակ: Իլհամ Ալիևի մասնակցությամբ Շուշին ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակելու հիմնազուրկ առաջարկի քննարկումները, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնելու մասին Ադրբեջանի ճարտարապետների ասոցիացիայի նախագահի հայտարարությունը, Դադիվանքում ուդի Ռաֆիկ Դանաքարիին սպասավոր նշանակելու և թատերականացված «ծիսական» արարողությունների ցուցադրությունը, Արցախում 300 «աղվանական» եկեղեցիների մասին լրատվամիջոցներով սադրիչ հայտարարությունն այդ քաղաքականության կենսագործման ակնհայտ վկայություններն են: Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացվում է, որպես աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ՝ այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակով գոյատևող ուդի ժողովրդի ներկայացուցիչներին: Ներկայումս ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիական» եկեղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարևոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ունի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող և ադրբեջանական աճպարար պատմաբանների կողմից աղվանական հռչակված եկեղեցիները: Գիտական առումով որևէ քննադատության չդիմացող և քաղաքական առումով բարոյականության հետ նվազագույն աղերս չունեցող նման գործելակերպի ողջ զազրելիությունն ավելի հստակ է դառնում, երբ ետադարձ հայացք ենք նետում Աղվանից եկեղեցու պատմությանը և ուդի ժողովրդի անցած պատմական ուղուն:
Պատմական փաստերը վկայում են, որ Աղվանից եկեղեցին պատմության ողջ ընթացքում սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցուն, առաքելական քարոզության շրջանից հետո վերահաստատվել է Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի կողմից 330-332 թթ. և հետագա պատմության ողջ ընթացում «ի հոգևորս» մաս է կազմել Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի։ Աղվանից եկեղեցու առաջնորդները ձեռնադրվել են Հայոց եկեղեցու կաթողիկոսների կողմից, կամ, երբեմն՝ նրանց համաձայնությամբ:
Զարգացած միջնադարում Աղվանից եկեղեցին ամբողջապես հայկականանում է, երբ 15-րդ դարի սկզբից Գանձասար է փոխադրվում կաթողիկոսական աթոռը, «Աղվանից կաթողիկոս» կապակցությունը մնում է որպես անցյալից ավանդված պատվո անուն:
Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կոծկելու համար Ադրբեջանի առաջին դեմքի մակարդակով հայտարարություններ են տարածվում, որ հայերն իբրև թե ոչնչացրել են Արցախի տարածքում գտնվող թվով 67 մզկիթներից 64-ը: Այս հայտարարությունն ակնհայտ սուտ է և քաղաքական ենթատեքստ ունի: Բավական է նշել, որ Ադրբեջանի կառավարության 1988թ հաստատված և պետական պահպանության տակ առնված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում և հարևան շրջաններում արձանագրված է 27 մզկիթ: Այս ցանկում արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղում իբրև թե 282 հուշարձան կա: Այսօր Լեռնային Ղարաբաղի սահմաններում հաշվառված և գրանցված շուրջ 3900 հուշարձան կա, այդ թվում՝ 241 վանք ու եկեղեցի: Դաշտային հետազոտական աշխատանքների շնորհիվ հիմնովին թարմացվել է նաև Քարվաճառի ու Քաշաթաղի հուշարձանների ցանկը: Վկայագրվել և գրանցվել է շուրջ 750 հուշարձան, այդ թվում 53 վանք ու եկեղեցի: Այս տվյալներն ինքնին ցույց են տալիս, որ փաստերի կեղծումը Ադրբեջանի պետական քաղաքականության կարևոր մասն են կազմել տասնյակ տարիներ:
Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններից հետո այս հուշարձանների զգալի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել և վաղ թե ուշ Նախիջևանի տարածքի հայկական մշակութային ժառանգության ճակատագրին են արժանանալու՝ ավերվելու են, կամ, լավագույն դեպքում, անվանափոխվելու և «աղվանականացվելու են»:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթարության ապահովումը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու, հումանիտար ճգնաժամը հաղթահարելու առանցքային պայմաններից մեկն է և անհետաձգելի լուծում է պահանջում:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան առանձնապես գնահատում է Դադիվանքի պահպանության ռուսական խաղաղապահների հանձնառությունը և գտնում, որ այդ հանձնառության շրջանակները պետք է ընդլայնվեն՝ պատմամշակութային հուշարձաններում վանդալիզմի և ավերումների դեպքերը հնարավորինս բացառելու համար:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի այս տարվա հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) զեկույց-բանաձևում Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության ապահովման, հայկական մշակութային ժառանգության պահպանման, իրենց նախկին բնակության վայրեր տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, ռազմագերիների և զոհվածների մարմինների՝ առանց հապաղելու փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ դրույթների ամրագրումը և հույս հայտնում, որ կմշակվեն գործուն մեխանիզմներ դրանց լուծման համար:
Առանձնակի կարևորելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017 թ. մարտի 24-ի նստաշրջանում ընդունված թիվ 2347 բանաձևում ամրագրված դրույթներն առ այն, որ «մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, թալանը և մշակութային արժեքների մաքսանենգությունը զինված բախումների, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորումների կողմից, և, այս համատեքստում, պատմական արմատների ու մշակութային բազմազանության ժխտման փորձերը կարող են թեժացնել և սրել հակամարտությունները, խոչընդոտել հետհակամարտական ազգային հաշտեցումը, այս կերպ խաթարելով տուժած երկրների անվտանգությունը, կայունությունը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը», ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան դիմում է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ խնդրելով օժանդակել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (UNESCO)՝ ռազմական գործողությունների տարածքում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկում իրականացնելու համար: Միաժամանակ կոչ ենք անում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կառույցներին՝ Թանգարանների միջազգային խորհրդին (ICOM), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդին (ICOMOS), Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանսին գործուն քայլերով օժանդակել և խրախուսել UNESCO-ին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
03.02.2021թ.