Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքն արձանագրելուց անցել է գրեթե մեկ տարի, սակայն մինչ այժմ որոշված չէ, թե կորոնավիրուսի որ մուտացիաներն են տարածված մեր երկրի հիվանդների շրջանում: Մինչդեռ մուտացիաների իմացությունը կարևորագույն նշանակություն ունի հիվանդության համաճարակային վիճակը հասկանալու համար: Այդ հարցին առաջին անգամ անդրադարձել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողները: Վերջիններս իրականացրել են նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ։ Վիրուսի տարբերակների նույնականացման և գենոմում առկա մուտացիաների վերլուծության աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Այդուհանդերձ, նախնական տվյալներով բոլոր նմուշներում առկա է D614G մուտացիան վիրուսի ելունի S գենում, որն ապահովում է վիրուսի փոխազդեցությունը մարդու բջիջների հետ։ Վիրուսի այդ տարբերակն ի հայտ է եկել 2020 թվականի փետրվար ամսին և ամենատարածվածն է աշխարհում: ՀՀ գիտաշխատողների կողմից ուսումնասիրված 12 նմուշներում չեն հայտնաբերվել նոր կորոնավիրուսի բրիտանական կամ հարավաֆրիկյան տարբերակները։ Վերլուծությունները շարունակվում են։
Ուսումնասիրության համար նմուշները տրամադրվել են ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոնի կողմից։ Ուսումնասիրության արդյունքները տրամադրվելու են կենտրոնին՝ համաճարակային վիճակի հետագա վերլուծության համար:
3-րդ սերնդի սեքվենատորը և անհրաժեշտ հարակից սարքերը ձեռք են բերվել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի աջակցությամբ Հայ-Ռուսական համալսարանում իրականացվող ծրագրով և Seeding Labs սարքավորումների 2017 և 2019 թվականների դրամաշնորհների շրջանակներում։ Անհրաժեշտ նյութերի մի մասը տրամադրել է Շվեդիայի Կառոլինսկա ինստիտուտի պոստդոկ, կենսաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Ներսեսյանը, իսկ մյուս մասը ձեռք է բերվել Հայ-Ռուսական համալսարանի ֆինանսավորմամբ։ Կենսաինֆորմատիկական վերլուծությունը կատարվել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ամպային հաշվողական ռեսուրսներով:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
29.01.2021թ.