Սույն թվականի մայիսի 22-ին հեռավար եղանակով տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի, Ա.Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներ, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն), Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտները:
2019 թվականին բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 346 հոդված (194-ն արտասահմանյան ամսագրերում), 123 թեզիս (38-ն արտասահմանում), 6 մենագրություն և ստացվել է 4 արտոնագիր:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 8 ակադեմիկոս, 6 թղթակից անդամ և 21 արտասահմանյան անդամ:
Ժողովի ընթացքում 2019թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:
Քիմիական գիտությունների բնագավառում բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն արդյունքներ
- Բացահայտվել և սինթեզվել են մի շարք քիմիական միացություններ, որոնք ցուցաբերել են բարձր հակավիրուսային ակտիվություն (խոզերի աֆրիկյան ժանտախտ), իսկ դրանցից մեկը, որն աչքի է ընկել իր աննախադեպ բարձր ակտիվությամբ առանձնացվել է ավելի խորը կենսաբանական, քիմիական և ֆիզիկոքիմիական հետազոտությունների համար: Այժմ ֆինանսավորում ստանալու ակնկալիքով պատրաստվում է գիտական նախագիծ կառավարությանը ներկայացնելու համար:
- Օպտիմալացվել և ընդլայնվել են երկար կողմնային շղթաներով բազամատեղակալված պիրիմիդինների ստացման համար անիլ-սինթեզի կիրառման սահմանները: Գործնական սինթեզում նշված եղանակի ներմուծումը հեռանկարային հիմք է ստեղծում տարբեր նոր օպտիկա-օրգանական նյութերի (այդ թվում օրգանական լուսարձակող դիոդների, տրանզիստորների, արևային մարտկոցների, լյումինեցենտային սենսորների, ախտորոշիչ նյութերի, կենսաբժշկական կիրառություն ունեցող նյութերի և այլն) ստանալու համար:
- Գծային տաքացման պայմաններում NiWO4 Mg/C համակցված վերականգնմամբ ստացվել է NiW կեղծ համաձուլվածքը:
- Իրականացվել է այրման ռեժիմում նիկելի վոլֆրամատից (NiWO4)` կոմպոզիտային W/Ni նանոփոշու սինթեզ:
- Սերպենտինային միներալներից մշակվել է ստրոնցիումի և բարիումի սիլիկատների ստացման եղանակ՝ կիրառելի լյումինաֆորների ստացման համար:
- Իրականացվել են էլեկտրատեխնիկական կարևոր ցուցանիշով օժտված ցածր ընդարձակման գործակցով սիտալների և ջերմաստիճանից կախված հաղորդականության տիպի փոփոխությամբ ապակեբյուրեղների ստացում՝ կիրառելի միկրոէլեկտրոնիկայում:
Երկրի մասին գիտություններ.
- Արգոն-արգոն հասակագրման և երկրաքիմիական տվյալների հիման վրա անջատվել են Արագածի տուֆերի 6 տարահասակ ժայթքումներ (0.95 – 0.65 Ma), ինչի արդյունքում հնարավոր դարձավ գնահատել Արագած հրաբխի էքսպլոզիվ ժայթքումների հաճախականությունը:
- Սևանա լճի ավազանում հայտնաբերվել և ուսումնասիրվել են գնդաձև նստվածքային առաջացումներ (սևանիտներ), որոնք ձևավորվել են ցիանոբակտերիաների գործունեության արդյունքում, վերջին մի քանի հազար տարիների ընթացքում՝ վկայելով, որ նախկինում լիճն ունեցել է բարձր ջերմային ռեժիմ և ավելի ցածր մակարդակ, իսկ լճում ծաղկման գործընթացները տեղի են ունեցել նաև նախկինում, մինչև մարդածին գործոնների էական ազդեցությունը լճի վրա։
- Ծաղկունյաց անտիկլինորիումի տարահասակ գրանիտոիդների երկրաքիմիական և հասակային հետազոտությունների արդյունքում Հայաստանի տարածքի համար առաջարկվել է մինչքեմբրիից մեզոզոյ ժամանակահատվածի նոր երկրադինամիկ մոդել:
- ՀՀ կառուցվել և հիմնադրվել է տարածաշրջանում միակ, տեխնիկական զինվածության և միջազգային չափորոշիչներին (INTERMAGNET) բավարարող երկրամագնիսական դիտակայան:
- Հայաստանում հիմնադրվել է հայ-չինական «երկրաշարժի մշտադիտարկում և մոդելավորում» համատեղ միջազգային լոբորատորիա:
Կիրառական մշակումների արդյունքներ
Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Իրականացվել է ՀՀ Սևանի և Հրազդանի գետավազանների մակերևութային ջրային մարմինների տարանջատում և գնահատում՝ ըստ ջրաքիմիական, ջրակենսաբանական, ջրաբանական և ջրամորֆոլոգիական ցուցանիշների:
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն
Մշակվել են պոլիմերաանօրգանական կոմպոզիցիտային սորբենտներ, որոնք ստացվել են մի շարք մոնոմերների և ռեակցիոն ընդունակ օլիգոմերների եռաչափ պոլիմերմամբ: Սինթեզված սորբենտներն կիրառելի են կենսաքրոմատոգրաֆիայում, այդ թվում ԴՆԹ-ների անջատման, անալիզի և մաքրման համար:
Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ
Մշակվել են դիոպսիդային և մուլիտային կառուցվածքներով կերամիկական պիգմենտների ստացում լեռնային ապարներից միկրոալիքային եղանակով, որն առանձնանում է սինթեզի ցածր ջերմաստիճանով և բարձր արդյունավետությամբ:
Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
- Կատարվել է Թոլորսի, Սպանդարյանի և Շամբի ջրամբարների պատվարների սեյսմիկ վտանգի և ռիսկի հավանակային և դետերմինիստիկ գնահատում:
- Իրականացված երկրաբանական-երկրաֆիզիկական աշխատանքների արդյունքում Լոռու մարզի ճանապարհների մի շարք սողանքային և քարաթափման տեղամասերի համար ՀՀ ԱԻՆ են ներկայացվել եզրակացություններ և անհետաձգելի հակասողանքային միջոցառումների առաջարկություններ:
- Մշակվել է «ՀՀՇՆ 20.04-2019 Երկաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» նորմատիվային փաստաթուղթը՝ ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանակային գնահատման նոր քարտեզի հիման վրա, մշակված 2017-2018թթ. միջազգային կոնսորցիումի մասնագետների կողմից:
Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
- Նախագծվել, պատրաստվել և փորձարկվել են սեյսմիկ տվիչների նոր տարատեսակներ, որոնք կարող են կիրառվել սեյսմիկ անվտանգության, քաղաքաշինության, ռազմաարդյունաբերության ոլորտներում:
- Նախագծվել, պատրաստվել և կազմակերպվել են հայրենական արտադրության սեյսմիկ կայաններ ՀՀ և ՌԴ: 24 հոկտեմբեր 2019թ. Վլադիկովկասում դիտվել է երկրաշարժ:
- Նախագծվել, պատրաստվել և փորձարկվել է մեծ խորությունների համար ջրի մակարդակի շարժական և ստացիոնար ստուգիչ-չափիչ սարք և համակարգ, որոնք կարող են կիրառվել ջրային էկոհամակարգի մշտադիտարկման գործում:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
25.05.2020թ.