Սույն թվականի մայիսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը հեռավար եղանակով:
Ժողովի ընթացքում 2019թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը: Այսպիսով, բաժանմունքի կազմում ընդգրկված են Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները, ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնը և «Գալակտիկա» ՓԲԸ-ը:
Կազմակերպվել է 11 գիտաժողով, տպագրվել են` 5 մենագրություն (1-ն արտասահմանում), 216 հոդված (124-ն արտասահմանում), 118 թեզիս (35-ն արտասահմանում), 2 ուսումնական ձեռնարկ, ստացել են 3 արտոնագիր:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 6 ակադեմիկոս, 10 թղթակից և 28 արտասահմանյան անդամներ:
Հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը պարգևատրվել է Պրոխորովի անվան մեդալով (ՌԴ), թղթակից անդամ Արամ Պապոյանը արժանացել է միջազգային Օպտիկական ընկերության (OSA) 2019 թ. «օպտիկայի պաշտպան» կոչման, Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ստացել է տուրիզմի միջազգային ակադեմիայի մեդալ (ՌԴ), Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյան՝ Վալերի Բրյուսովի մեդալ (ՌԴ), ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ՝ Պրոխորովի անվան մեդալ (ՌԴ) և “Terra Incognita Award 2019” միջազգային մրցանակ, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների աշխատակիցներ Գայանե Տոնոյանը և Արամ Պետրոսյանը՝ «ԱՐՓԱ հիմնարկի նորարարական մրցույթի երկրորդ մրցանակ»։
Բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն և կիրառական արդյունքներ
Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան (ԲԱ)
Կարևոր արդյունքներ
Երիտասարդ աստղակույտերից մեկում 127 օբյեկտների փոփոխականության վերլուծությունը ցույց է տվել, որ փոփոխականները, որոնք միջինում ունեն ավելի մեծ զանգվածներ, ակրեցիայով ավելի ակտիվ են: Սա հաստատում է, որ ակրեցիան ավելի մեծ զանգված ունեցող օբյեկտների մոտ մարում է ավելի դանդաղ (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ե.Նիկողոսյան):
200-ից ավելի ռենտգենյան գալակտիկաների սպեկտրային տվյալների միջոցով առաջին անգամ որոշվել են դրանց ակտիվության դասերը: Հայտնաբերվել է շուրջ 50 թաքնված ակտիվ գալակտիկական միջուկ, որոնք օպտիկական տիրույթում չունենալով ակտիվության դրսևորումներ, հանդիսանում են հզոր ռենտգենյան աղբյուրներ: Հայտնաբերվել են 149 աստղառաջացման բռնկումով, 42 ակտիվ միջուկներով և 28 բաղադրյալ սպեկտրներով գալակտիկաներ (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ա.Միքայելյան):
Ենթակարմիր աղբյուրների ուսումնասիրության հիման վրա հայտնաբերվել է աստղառաջացման նոր տիրույթ, որում, օգտագործելով բազմալիքային տվյալները, հայտնաբերվել է 240 երիտասարդ աստղային օբյեկտ: Գնահատվել է դրանց տարիքը որպես 0.1-3 մլն տարի (ղեկ.՝ Ն.Ազատյան):
Կիրառական աշխատանքների արդյունքներ
Հայ-ռուսական համատեղ կայանում 230 դիտողական գիշերների ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 450.000 չափում և վերականգնվել 640 ուղեծիր արհեստական արբանյակների համար (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Հ. Հարությունյան):
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ (ՌՖԷԻ)
Կարևոր արդյունքներ
Հետազոտվել են երկչափ դիէլեկտրիկ մետանյութերի էլեկտրադինամիկական հատկությունները: Հաստատվել է, որ տվյալ հաճախականային տիրույթի արգելված գոտու պայմանին բավարարող պարբերականության դեպքում կարելի է իրականացնել բևեռացման հարթության պտտիչ, երբ թիթեղի հաստությունը փոքր է ալիքի երկարությունից (ղեկ.՝ թղթ.անդ. Ա. Հախումյան):
Հայտնաբերվել է ունակայաին կապով «սառը» ռադիոհաճախականային պլազմայի իմպեդանսի կախվածության հիստերեզիսային բնույթը, սնող գեներատորի հզորությունից։ Ուսումնասիրվել են պլազմայում պարպման առաջացման պայմանները և առաջարկվել է որպես պարպման հայտնաբերման չափանիշ օգտագործել պլազմայի էլեկտրական իմպեդանսը (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Տ. Զաքարյան, Ն. Պողոսյան):
Տեսականորեն հետազոտվել է TE ալիքների բևեռացման պտույտը միաչափ նոսր ֆոտոնային բյուրեղներում։ Բացահայտվել է բևեռացման պտույտի ռեզոնանսային բնույթը (ղեկ.՝ թղթ.անդ. Ս.Պետրոսյան):
Կիրառական աշխատանքների արդյունքներ
Երկչափ դիէլեկտրիկ մետանյութերի հիման վրա մշակվել են մեկզոնային ֆրենելյան ոսպնյակներ, որոնցում համատեղվում են ինչպես ինտենսիվության ուժեղացումը ֆոկալ տիրույթում, այնպես էլ բևեռացման կառավարումը (ղեկ.՝ թղթ.անդ. Ա. Հախումյան):
Օպտիմալ տեսքի ընդունիչ մակերեսով երկկորդինատային ֆոտոընդունիչի հիման վրա ստեղծվել է ինֆրակարմիր ճառագայթման աղբյուրի տեղաշարժին հետևող օպտիկա-մեխանիկական համակարգ և ստեղծվել է ինֆրակարմիր ֆոտոընդունիչների գծային շղթա` բաղկացած 6 ընդունիչներից (ղեկ.՝ թղթ.անդ. Ս. Պետրոսյան):
Պաշտպանության նախարարության պատվերով կատարվել են պայմանագրային տարբեր աշխատանքներ:
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
Կարևոր արդյունքներ
Առաջին անգամ ատոմական գոլորշի պարունակող գերնեղ բջջում ստացվել են էլեկտրամագնիսականորեն հարուցված թափանցիկության ռեզոնանսներ՝ մագնիսականորեն հարուցված անցումների վրա: Գրանցվել է հսկայական դիքրոիզմի երևույթը: Ստացված ռեզոնանսները կարող են օգտագործվել լազերային ճառագայթման հաճախության վերալարվող ամրակապման և օպտիկական մագնիսաչափության համար (ղեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Դ.Սարգսյան):
Թույլ լազերային ճառագայթման ազդեցությամբ ֆոտոռեֆրակտիվ բյուրեղում ձևավորվել են կանոնավոր օպտիկական պատկերներ։ Ստացվել է լազերային փնջի միկրոմետրական չափի կորագիծ հետագծով սոլիտոնաձև տարածում, որը բյուրեղում ձևավորում է ղեկավարվող ալիքատարային տարածման ուղի: Արդյունքը հեռանկարային է օպտիկական ինֆորմացիայի հասցեագրված տեղափոխման համար (ղեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Ռ.Դրամփյան):
Կիրառական աշխատանքների արդյունքներ
Ըստ շառավղի քառակուսային թողանցմամբ զտիչի հիման վրա մշակվել է օբյեկտների օպտիկական մշտադիտարկման նոր եղանակ` հեռավոր օբյեկտների օպտիկական մշտադիտարկման համար, որը չի պահանջում լույսի մատրիցական դետեկտորների օգտագործում։ Մեթոդը կիրառվել է հողածածկ մանրակերտի վրա խոտածածքի տարածման և արհեստական ձյան մակերեսի նվազման հեռահար չափումների համար (ղեկ.՝ ակ. Ռ.Կոստանյան, ֆ.-մ.գ.դ. Ա.Մարտիրոսյան):
Ցինկի օքսիդի թաղանթի դոնորային և ակցեպտորային խառնուկներով լոկալ դիֆուզիոն լեգիրման տեխնոլոգիայով ստեղծվել են ոչ գծային էլեկտրոնիկայի օպտիկապես թափանցիկ տարրեր, մասնավորապես՝ դաշտային տրանզիստոր, որոնք կարող են օգտագործվել թափանցիկ էլեկտրոնիկայի սարքերի մշակման համար (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ռ. Հովսեփյան):
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Կարևոր արդյունքներ
Առաջին անգամ ցույց է տրվել էլեկտրոնների թանձրուկի բնութագրերի կառավարման հնարավորությունը արտաքին ազդակների միջոցով:
Ցույց է տրվել վերջավոր չափերի շերտավոր դիէլեկտրիկ պարունակող ալիքատարի առանցքով հավասարաչափ շարժվող լիցքավորված մասնիկների թանձրուկի ճառագայթման ինտենսիվության աճի հնարավորությունը: Առաջարկվել է ակնառու մոդել, որը բացատրում է ուժեղացման մեխանիզմը և հնարավորություն է տալիս որոշել ինքնաուժեղացման գործակիցը (ղեկ.՝ ակ. Ա. Մկրտչյան):
Առաջին անգամ ակուստապլազմայում դիտվել է էլեկտրոնների էներգիայի աննախադեպ աճ` 106 և ավելի անգամ (ղեկ.՝ թղթ.անդ. Ա. Մկրտչյան):
Կիրառական աշխատանքների արդյունքներ
Մշակվել ու ստեղծվել են տարրական մասնիկների (ալֆա մասնիկ, էլեկտրոն, պոզիտրոն, նեյտրոն) նոր դասի գերարագագործ ու գերզգայուն գրանցիչ փոխակերպիչների լաբորատոր նմուշներ:
Կատարելագործվել են ինստիտուտում մշակված գերթույլ ակուստիկական և էլեկտրամագնիսական ալիքների գրանցիչ փոխակերպիչ սարքավորումները (ղեկ.՝ թղթ.անդ. Ա.Մկրտչյան):
Փորձնականորեն ցույց է տրվել, որ ռենտգենյան միկրոտոմոգրաֆիայում բարդ տեսքով ֆիլտրերի կիրառման դեպքում առնվազն երկու անգամ մեծանում է երկրաբանական նմուշների ազդանշան-աղմուկ հարաբերությունը:
Մշակվել և պատրաստվել է 1÷10 ՄՀց տիրույթի էլեկտրամագնիսական ազդանշանների ուժեղացուցիչ, որը ապահովում է 1÷200Վ ելքային լարում (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Վ.Քոչարյան):
Սիլիցիումի և ալյումինե բարձրաստիճան կարգավորված մատրիցաների բազայի վրա սինթեզվել են AIIBIV խմբի քիմիական միացություններով ու մետաղական օքսիդներով հարստացված կոմպոզիցիոն տարբեր հարաբերական խտության նոր միջավայրեր (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Վ.Նալբանդյան):
ԻԿՐԱՆԵՏ ՄԿ
Կարևոր արդյունքներ
Գրանցվել է GRB 190114C գամմա բռնկումից առաջին անգամ գերբարձ էներգիաների (ԳԲԷ) գամմա-ճառագայթում MAGIC դիտակների համակարգով: GRB 190114C-ից ԳԲԷ-երի ֆոտոնները գրանցվել են 0.2-1 ՏԷՎ տիրույթում գամմա-բռկման առաջացումից մեկ րոպե հետո: Բազմահաճախային տիրույթում (5x10-6 մինչև 1012 էլեկտրոն-վոլտ) GRB 190114C-ի դիտումները ցույց են տվել, որ ՏԷՎ տիրույթում ճառագայթումը առանձին բաղադրիչ է, որի լուսատվությունը ցածր տիրույթում ճառագայթման բաղադրիչի լուսատվության կարգի է (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ն.Սահակյան)։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
18.05.2020թ.