Մարտի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախարարներին, ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներին, գիտնականներին, հյուրերին:
Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2018թ. կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Էդուարդ Խաչիկյանի, Սերգեյ Համբարձումյանի, Միսակ Դավթյանի, թղթակից անդամ Սարգիս Հարությունյանի հիշատակը:
2018թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
«2018 թվականը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կյանքում կհիշատակվի որպես գիտակազմակերպական կարևոր և մասշտաբային միջոցառումների տարի: ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպմամբ Երևանում անցկացվեց ԱՊՀ երկրների գիտնականների երկրորդ ֆորումը, որի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ երկրներում գիտության զարգացման խնդիրները: Գիտնականների ֆորումի օրերին ԳԱԱ-ում տեղի ունեցավ նախկին Խորհրդային Միության Արևելյան Եվրոպայի և ասիական մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների ընկերակցության նիստը:
2018թ. հանրապետության գիտական հանրությունը նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի հիմնադրման 75-ամյակը: Ամբողջ տարվա ընթացքում համակարգի կազմակերպություններն անցկացրեցին գիտական բնույթի բազմաթիվ միջոցառումներ: Ակադեմիայի հոբելյանական միջոցառումները մեծ արձագանք ստացան միջազգային գիտական հանրության կողմից: Ակադեմիայի 75-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստին ALLEA-ի (եվրոպական 58 ակադեմիաների ընկերակցության) փոխնախագահ պրոֆեսոր Քեյ Գրահամն իր ելույթում նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ն արժանի է կոչվել ALLEA-ում ճանաչված և բարձրարժեք ակադեմիաներից մեկը»,- ասաց ՀՀ ԳԱԱ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ 2018 թվականին գիտական ստորաբաժանումներում պահպանվել է հիմնարար հետազոտությունների գիտական բարձր մակարդակը: Այդ են վկայում արտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում հրատարակված աշխատանքները՝ 953 գիտական հոդված և 22 մենագրություն:
Ռադիկ Մարտիրոսյանը թվարկեց ՀՀ ԳԱԱ-ի կարևորագույն գիտական արդյունքները, այդ թվում կիրառական նշանակության գիտական աշխատանքները:
Անդրադառնալով ՀՀ ԳԱԱ-ի միջազգային համագործակցությանը` Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Հաշվետու տարում կնքվել և վերակնքվել են մի շարք պայմանագրեր, հուշագրեր և համաձայնագրեր:
Պեկինում (Չինաստան) տեղի է ունեցել Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ՄԳԿԴ-ANSO) ստեղծմանը նվիրված առաջին գլխավոր ասամբլեան, որի ընթացքում դաշինքի համահիմնադիրները ստորագրել են ՄԳԿԴ-ի ստեղծման համաձայնագիր, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Համահիմնադիր է դարձել նաև ՀՀ ԳԱԱ-ն:
ՀՀ ԳԱԱ-ի և Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի միջև ստորագրվել է գիտատեխնիկական համագործակցության զարգացման նոր համաձայնագիր:
Համագործակցությունն ամրապնդելու և շարունակականությունն ապահովելու համար 2018թ. Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում ԳԱԱ-ն և Ֆրանսիայի Թուլուզի դաշնային, Պոլ Սաբատիեի անվան Թուլուզ III համալսարաններն ու Թուլուզի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտը համաձայնության արձանագրություն են ստորագրել ֆրանսիական ԲՈՒՀ-երի կողմից ԳԱԱ-ին նվիրաբերվող գերհամակարգչի վերաբերյալ: Նախատեսվում է Հայաստանում ստեղծել բարձր արտադրողականությամբ հաշվարկների կենտրոն, հնարավորություն ստեղծել հայ օգտագործողների համար` օգտվելու Թուլուզի համալսարանների զանազան հաստատությունների` բարձր արտադրողականությամբ հաշվարկների փորձից:
ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ճարտարագիտության ակադեմիայի միջև ստորագրվել է հուշագիր ճարտարագիտության և տեխնիկական գիտությունների ոլորտներում համագործակցության մասին:
ՀՀ ԳԱԱ-ի և Սլովենիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Միջպետական և միջգերատեսչական համագործակցություններից են տնտեսական միջկառավարական հանձնաժողովի կողմից իրականացվող հայ-լիտվական, հայ-լատվիական, հայ-թուրքմենական, հայ-հնդկական, հայ-չեխական, հայ-չինական, հայ-եգիպտական, հայ-տաջիկական համագործակցությունները: Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական համագործակցության շրջանակներում շարունակվել է Բյուրականի աստղադիտարանի և ՌԴ «Ռոսկոսմոսի» հետ տիեզերական տարածության հետազոտման և խաղաղ նպատակներով օգտագործման ասպարեզում համագործակցությունը»:
Ռադիկ Մարտիրոսյանը հատուկ ուշադրություն դարձրեց միջազգային ծրագրերում երիտասարդ գիտնականների մասնակցությանը: «ԳԱԱ-ն ապահովում է երիտասարդ գիտնականների մասնակցությունը գիտության տարբեր ոլորտներում իրականացվող միջազգային հանդիպումներին և միջոցառումներին: ԳԱԱ-ն շարունակում է իրականացնել տարբեր միջազգային գիտական ծրագրեր, այդ թվում` Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC), Եվրոպական VII շրջանակային (FP7), Հորիզոն 2020, համալսարանական կրթության ՏԵՄՊՈՒՍ, Սևծովյան տնտեսական համագործակցության (BSEC) և այլն: ԳԱԱ կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են նաև ԱՄՆ ծրագրերին` Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների (CRDF Global), ՆԱՏՕ-ի (NATO), և այլ եվրոպական ծրագրերին: Ընդհանուր առմամբ հաշվետու տարում համակարգի կառույցների՝ 42 միջազգային տարբեր ծրագրերով կատարված աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 665 միլիոն դրամ»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
ՀՀ ԳԱԱ-ն ակտիվորեն աշխատում է արտասահմանյան անդամների հետ հատկապես մասնագետների պատրաստման, համատեղ գիտական աշխատությունների հրատարակման, գիտական փորձաքննությունների անցկացման գործում:
Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձավ նաև սոցիալական հարցերին: Նա նշեց, որ համակարգի աշխատողների միջին ամսական աշխատավարձը բյուջետային մուտքերից, որի մեջ հաշվի են առնված բոլոր տիպի մուտքերը, կազմում է 100 հազար դրամ: Սոցիալական բնույթի բազմակողմանի գործունեություն է ցուցաբերել ակադեմիայի «Գիտության զարգացման հիմնադրամը»: Ռադիկ Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ այս տարի կսկսվի բնակելի նոր շենքի շինարարությունը, որի սկիզբն անընդհատ երկարաձգվել է տարբեր պատճառներով:
«Սոցիալական բնույթի խնդիրներից է աշխատանքային պայմանների բարելավման հարցը: Կարևոր է համակարգի անշարժ գույքի շահագործման և պահպանման հարցը: Նորից ուզում եմ հիշեցնել, որ ամբողջ անշարժ գույքը գտնվում է Պետական գույքի վարչության հաշվեկշռում, սակայն նշված ծախսերի համար ոչ մի դրամ չի հատկացվում: Ոչ մի աջակցություն ինստիտուտները չեն ստացել նույնիսկ բնական աղետների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակների դեպքում:
ԳԱԱ համակարգի գիտական հենքը կապված է ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների հետ, որոնք գտնվում են վատթար վիճակում, իսկ դրանց արդիականացումը կապված է լրացուցիչ, մեծածավալ ֆինանսական ներդրումների հետ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:
Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ 2012-2016 թթ. համակարգի կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման վերաբերյալ կատարվել են քննարկումներ և կազմվել է միջոցառումների պլան:
ՀՀ ԳԱԱ համակարգում 2016թ. համեմատությամբ տեղի է ունեցել ընդհանուր համակարգի աշխատակիցների թվի նվազեցում մինչև 456-ի, իսկ գիտական աշխատակիցների թվի նվազեցում՝ մինչև 340-ի: Կատարվել են ինստիտուտների կառուցվածքների բարելավումներ:
Որոշ ինստիտուտներում երիտասարդ հեռանկարային գիտաշխատողների աշխատանքի խթանման և արդյունավետության բարձրացման համար ստեղծվել են աջակցության ֆոնդեր արտաբյուջետային միջոցների հաշվին:
Գիտական աշխատանքների տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեից 2018թ. կազմել է 6 միլիարդ դրամ: Հատկացված ֆինանսավորման 70 տոկոսն աշխատավարձի բաժինն է: Արտաբյուջետային ֆինանսավորումը հաշվետու տարում կազմել է 2,2 միլիարդ դրամ: Այն 200 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Արտաբյուջետային միջոցների 655 միլիոն դրամը համակարգի աշխատողները ստացել են մոտ 43 մեծ ու փոքր դրամաշնորհային ծրագրերից:
Առ 01.01.2019թ. ԳԱԱ կազմում ընդգրկված են 46 ակադեմիկոս, 56 թղթակից և 123 արտասահմանյան անդամներ: 22 ակադեմիկոս և 26 թղթակից անդամ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս:
Առ 01.01.2019թ. ԳԱԱ համակարգում աշխատում է 3585 մարդ, որոնցից 2206-ը գիտական աշխատողներ են` 326-ը գիտության դոկտորներ, 1029-ը գիտության թեկնածուներ, 851-ը գիտական աշխատողներ առանց գիտական աստիճանի: Հաշվետու տարում ԳԱԱ համակարգում աշխատանքի է ընդունվել 101 երիտասարդ մասնագետ:
ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես ասաց. «Երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրից, ըստ էության, տեղի է ունենում այս բանավեճը, թե ի՞նչ է ուզում պետությունը գիտությունից, և ի՞նչ է ուզում գիտությունը պետությունից, և ի՞նչ կարող են տալ նրանք ընդհանրապես իրար։ Կարծում եմ, որ այս հարցերի պատասխանը գտնելն է այն կարևոր առաջին կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտության հետագա զարգացումը:
Մենք Հայաստանը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական պոտենցիալը, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիան, ողջ թափով կսպասարկեն քաղաքական այս տեսլականը»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Առաջինը, որի վրա պետք է միասին աշխատենք, «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծն է: Արձանագրել ենք, որ հիմնականում գիտահետազոտությունը դուրս է համալսարանից կամ բավարար մակարդակի չէ և դրա համար ունենք լուծումներ: Մեզ շատ հաճախ ասում են, որ առայժմ կրթության և գիտության զարգացման ռազմավարությունը չեք ներկայացնում: Մենք մեզ համար խնդիր ենք դրել դաշտի բոլոր խաղացողներին ճանաչել, որպեսզի ռազմավարությունն իրական կյանքի հետ առնչություն ունենա: Մենք շատ ենք ուզում, որ այն բոլոր փաստաթղթերը, որ մենք կներկայացնենք, լինեն կենսունակ:
Գիտությունը նաև պետք է սպասարկի մեր տնտեսությունը, և այդ ուղղությամբ էլ պետք է աշխատանք տանենք:
Սուպերկոմպյուտերի հետ կապված մենք քննարկումներ ունեցել ենք, երևի թե առաջիկա շաբաթ վերջնական լուծում կունենանք»:
Տարեկան ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ 2018թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց «Հայ ժողովրդի գենետիկա» գիտական զեկուցումը: Ելույթներով հանդես եկան` ՀՀ ակադեմիկոսներ Գևորգ Պողոսյանը, Յուրի Ալեքսանյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Պավել Ավետիսյանը, Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սերգեևը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը, Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
26.03.2019թ.