Սույն թվականի հուլիսի 3-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների հետ: Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ-ի դերը Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը մեջբերեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքի դրույթը, որի համաձայն ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության հիմնադրած հատուկ կարգավիճակ ունեցող ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպությունն է: Այն անմիջականորեն ենթարկվում է ՀՀ կառավարությանը: Ակադեմիան գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է, որի առաջակությունները քննարկում են կառավարությունը և պետական համապատասխան մարմինները:
«Գիտությունների ազգային ակադեմիան հիմնադրման օրից նվիրված է եղել մեր երկրի, մեր ժողովրդի զարգացմանը և աշխարհում ունի շատ բարձր հեղինակություն: Այն հիմնարար գիտության զարգացման բնագավառում աշխարհում ունի իր տեղը»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա ներկայացրեց ՀՀ ԳԱԱ գիտական և գիտակազմակերպական գործունեությունը, արդյունքները, ֆինանսական վիճակը, խնդիրները: Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն, Սևծովյան տարածաշրջանի 10 երկրների շարքում 2013թ-ին Հայաստանը, կրկնապատկելով գիտական հոդվածների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով, զբաղեցրել է 4-րդ տեղը` զիջելով Իսրայելին, Իրանին և Թուրքիային: Անդրադառնալով ակադեմիայի ինստիտուտների իրականացրած միջազգային ծրագրերին` Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ միայն 2017թ-ին ֆինանսավորմամբ իրականացվել է 82 միջազգային ծրագիր: Մասնավորապես «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում հանրապետությունում ֆինանսավորում ստացած 19 կազմակերպությունների ծրագրերից 12-ը` 1,1 միլիոն եվրո արժողությամբ, եղել են ակադեմիայի ինստիտուտներից (ընդհանուր 19 ծրագրերի ֆինանսավորումը կազմել է 1.6 միլիոն եվրո):
Անդրադառնալով կադրային հարցերին` Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ աշխատողների 30 տոկոսը երիտասարդներ են: Այդ ցուցանիշը պահպանվել է խորհրդային տարիներից, սակայն խնդիրն այն է, որ այդ տոկոսն անընդհատ չի վերարտադրվում: «30 տոկոսը գալիս, դառնում են լավ մասնագետ, սակայն քանի որ գիտության ոլորտում վարձատրումը ցածր է, հետագայում տեղափոխվում են այլ աշխատանքի»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:
Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ 2017թ-ին իրականացվել է ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատում: «Արդյունքում բացահայտվել են ոլորտի թույլ և ուժեղ կողմերը, նշվել են այն միջոցառումները, որոնք մենք պետք է իրականացնենք: Այդ միջոցառումներից են` գիտական ուղղությունների և թեմաների արդիականացումը, ներքին և արտաքին կառուցվածքային բարեփոխումները, օպտիմալացումը, միջազգային ծրագրերի ձևավորումը, կիրառական աշխատանքների ավելացումը, գիտական արդյունքների առևտրայնացմանն ուղղված հարցեր, լաբորատոր սարքավորումների և տեխնիկական միջոցների ձեռքբերում: Այսօր դժվար է գտնել մի երկիր, որը գիտությանը տրամադրում է ավելի քիչ գումար` ՀՆԱ-ի 0.27 տոկոսը: Այսպիսի պայմաններում ունենք բավական լավ արդյունքներ և պատրաստ ենք ավելին անելու, եթե լինի համապատասխան աջակցություն և բարոյական խրախուսանք: Ամենից կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ մեր գիտական արդյունքը պահանջարկ չունի երկրի ներսում: Պետական պատվեր պետք է ձևավորվի»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշեց. «Մեր ոլորտի ամենագլխավոր հարցերից մեկն է Գիտությունների ազգային ակադեմիան, և մենք միասին պետք է քննարկենք ոլորտի զարգացման առաջիկա անելիքները: Ակադեմիայի զարգացման հետ կապված, լինել չլինելու հետ կապված անընդհատ կարծիքներ են հնչել, բայց ակադեմիայի փակելը կամ բացելը, կամ հետագա անելիքները մեր կարծիքով ինքնանպատակ չպետք է լինի: Մենք պետք է ելնենք այն դիրքորոշումից, թե որքանով է ակադեմիան նպաստում մեր գիտության հետագա զարգացմանը: Կրթության և գիտության նախարարության նոր ղեկավարությունն այս առումով առայժմ որոշումներ չունի: Մենք միասին պետք է որոշումներին հանգենք ձեր օրենքի հետ կապված, ակադեմիայի և գիտության կոմիտեի հետ միասին»: Անդրադառնալով ֆինանսավորման խնդրին` նախարարն ասաց. «Վերջերս կառավարությունում քննարկում է եղել: Տրամադրվածությունն այնպիսին է, որ թե կրթության, թե գիտությանը հատկացվելիք գումարներն ավելանալու են, ընդ որում, որոշ դեպքերում այդ ավելացումը կարող է զգալի լինել: Բայց կառավարության անդամների հարցադրումն այնպիսին է, որ դրանք լինեն շատ կոնկրետ ծրագրերի համար, և դրանց արդյունավետությունն ապացուցելի լինի: Հիմա մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի ի մի բերենք այդ առաջարկները, և հաջորդ տարվա բյուջեն քննարկելու ժամանակ ես այդ առաջարկություններով զինված գնամ կառավարություն` դրանց արդյունավետ լինելը ապացուցելու և դրա դիմաց գումար պահանջելու համար»:
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյան նշեց, որ ակադեմիան մեր ազգային արժեքն է և այն պետք է պահպանել: Նա բերեց Վրաստանի օրինակը, երբ բոլոր ինստիտուտները տվեցին համալսարաններին, և նրանք այսօր զրկվեցին իրենց մաթեմատիկայի, մեխանիկայի համաշխարհային դպրոցներից և ընդհանրապես կորցրեցին գրեթե բոլոր գիտական դպրոցները:
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Թոփուզյանը բարձրացրեց սարքավորումների խնդիրը: «Համեմատաբար էժան և միջին արժեքով սարքերի դեպքում ՀՀ ԳԱԱ-ն և Գիտության կոմիտեն կարողանում են մեզ օգտակար լինել, սակայն երբ մտնում ենք թանկարժեք գիտական սարքերի դաշտը, ցավոք, հանրապետությունում անգամ մեխանիզմ չկա դրանք ձեռք բերելու: Օրգանական քիմիայի ամբողջ համակարգի համար 1993 թ-ին ձեռք բերված շատ կարևոր մի սարք այսօր արդեն դժվարությամբ ենք պահում, սպասում ենք, որ ամեն վարկյան շարքից դուրս կգա, իսկ առանց այդ սարքի օրգանական քիմիան իմաստ չունի պահել: Մագնիսամիջուկային ռեզոնանսի սարքի մասին է խոսքը, որի արժեքը միջինից բարձր է»,- ասաց Վիգեն Թոփուզյանը: Նա նշեց, որ այդ սարքի վերաբերյալ ծրագիրը պատրաստ է և դեռևս անցած տարի ուղարկվել է ՀՀ կառավարություն:
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրեց Գնումների մասին օրենքի և գնումների ընթացակարգերի հետ կապված խնդիրները` նշելով, որ օրենքի դրույթների պատճառով կորցնում են պատվերներ, կրճատվում է թանկարժեք նյութերի արտադրությունը, կամ կրկնակի թանկ գնով են ձեռք բերում արտադրվող դեղերի համար նախատեսված տարրանները: «Առաջարկս է, որ հարցը բարձրացնեք, գոնե արտաբյուջետային մասով գիտությունը ազատվի «Գնումների մասին» օրենքի արգելքներից: Գումար չեմ ուզում, միայն տվեք ազատություն, որպեսզի բիզնես դաշտում մասնավորի հետ մենք լինենք հավասար պայմաններում»,- ասաց Աշոտ Սաղյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարն արձագանքեց. «Ռեկտորների հետ հանդիպման ժամանակ այս հարցը նույնպես հնչել է: Հիմա հանձնարարված է նախարարության իրավաբանական վարչությանը, որ փոփոխությունների առաջարկություններ ներկայացնեն, և առաջիկայում կառավարությանը կներկայացվի նշված խնդիրը: Այն մտահոգությունները, որ ֆինանսիստների կողմից են հնչում, նույնպես որոշ չափով հիմնավոր են: Բայց փորձենք միջանկյալ տարբերակ գտնել»:
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը բարձրացրեց գիտական կազմակերպություններին պետական պատվերով ապահովելու հարցը: «Նախարարությունները չունեն գիտական խումբ, որը կարողանա, մեզ հետ աշխատելով, ձևակերպի այն խնդիրները, որոնք այսօր շատ արդիական են: Հայաստանի տրանսպորտի խնդրի լուծման համար մենք առաջարկ ենք ներկայացրել Երևանի քաղաքապետարան և նախարարություններին, սակայն դա արձագանք չի ստացել: Մենք կիսապատերազմական վիճակում ենք գտնվում և մեր տարածքների և սահմանների մշտադիտարկման խնդիրները պետք է լուծվեն: Եթե մենք ունենանք բազմասպեկտրալ արբանյակային պատկերներ, մենք կարող ենք տարածքի մոնիտորնգը կազմակերպել այսօր: Դրա համար պետք է կարողանանք ձևավորել նման պատվեր: Սրա հիմքում ընկած է կոմպյուտերային մոդելավորումը, այդ պատկերների ճանաչման ալգորիթմները: Այսօր մենք կարող ենք այդ խնդիրները լուծել: Հայսատանը պետք է մտնի թվային տնտեսության դաշտ: Այդ խնդիրները եթե այսօր ձևակերպվի, մենք կարող ենք մեր տարբեր ինստիտուտների մասնագետների հետ բոլոր ոլորտներում ներդնել այդ միջավայրը»: Վլադիմիր Սահակյանը նշեց, որ ֆրանսիացի գործընկերները պատրաստ են ՀՀ ԳԱԱ-ին նվիրել 4,5 միլիոն դոլլար արժողությամբ խոշոր սուպերկոմպյուտերային կենտրոն, որի տեղադրմամբ Հայաստանում կստեղծվի ամպային միջավայր, տվյալների պահպանման հարթակ: Սակայն այդ կենտրոնի տեղադրումն ու սպասարկումը մեծ ծախսերի հետ է կապված: Նախարարն առաջարկեց, իրեն գրավոր ներկայացնել այդ սուպերկոմպյուտերային կենտրոնի տեղափոխման և սպասարկման հետ կապված բոլոր մանրամասները:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների մասով գիտության և պետական մարմիների միջև համագործակցություն չկա: «Հայաստանում միակ ոլորտը, որը զարգացնում է իր կապերը գիտության հետ, մեր ռազմարդյունաբերությունն է: Շատ հետաքրքիր կապ է առաջացել, հետաքրքիր խնդիրներ են առաջ քաշում և ստանում են համապատասխան լուծումներ: Այսօր կիրառության մեջ են մտնում մեր մշակած ռադարները, լազերային համակարգերը: Բայց մնացած ուղղություններով չկան այդ կապերը: Ակադեմիան գիտահետազոտական միակ ընդհանրացված համալիրն է, որտեղ կան միաձուլված ֆիզիկա, քիմիա, երկրաբանություն, ինֆորմատիկա և այլն, ուրիշ այլընտրանք մենք չունենք, ուրեմն պետք մտածենք արդյունավետության մասին: Եթե մենք ռազմարդյունաբերության հետ ունեցած համագործակցության մոդելը տարածենք մյուս ուղղությունների վրա, մենք կհասնենք մեծ հաջողությունների»,- ասաց Արսեն Հախումյանը:
ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կնյազյանը հարց բարձրացրեց, թե ինչու ակադեմիան ներգրավված չէ այն փորձաքննություններում, որոնք վերաբերում են նոր գործարանների և հանքերի բացմանը և շահագործմանը: Կնյազյանն առաջարկեց, որ ակադեմիայի համապատասխան ինստիտուտներ ներգրավված լինեն և գիտական եզրակացություն տրամադրեն գործարանների, հանքերի բացման վերաբերյալ:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը նշեց, որ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ազգային արժեքների մի հսկա համախումբ թանգարաններին տալիս է անվճար: «Դրանց գնահատման սկզբունքը բացակայում է: Չկա շարժական մշակութային արժեքների ռեեստր: Ես միլիոնների արժեքներ եմ վերադարձնում թանգարաններին, բայց դրանք ոչ մի կերպ փաստաթղթերում չեն երևում»,- ասաց Պավել Ավետիսյանը: Անդրադառնալով տուրիզմի հարցերին`Պավել Ավետիսյանը նշեց. «Տուրիզմի հիմքերում պետք է անպայման լինի գիտական կոմպոնենտը, պոտենցիալը, ուղղությունները: Մեր զբոսաշրջային կազմակերպությունները երբեք չեն դիմում գիտական հաստատություններին: Կոնցեպտուալ մակարդակով, պոտենցիալը որոշելու մակարդակով, ուղղությունները որոշելու մակարդակով որևէ լուրջ համագործակցության առաջարկ չենք ստանում»:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանն անդրադարձավ միջին սերնդի գիտնականների բացակայության հարցը: Նա նշեց, որ երիտասարդները չեն համալրում միջին սերունդը: Արամ Պապոյանը խնդիր համարեց վերջին տարիներին ընդունված օրենքները մասնավորապես գնումների վերաբերյալ, կամ տարեկետման վերաբերյալ` նշելով, որ երկարաժամկետ կտրվածքով այդ օրենքները գիտության համար ունենալու են բացասական հետևանք:
ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի պետ Վանյա Բարսեղյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ն համակարգված կերպով համագործակցում է գիտական Սփյուռքի հետ` ունենալով արտասահմանյան անդամի ինստիտուտ: «17 երկրից ունենք արտասահմանյան անդամ: Իրականացվել է մեծ ծավալի համագործակցություն, կադրերի վերապատրաստման, նոր ուղղությունների ներդրման, համատեղ հետազոտությունների իրականացման միջոցով, ինչը նպաստում է Հայաստանի գիտության միջազգայնացմանը»,- ասաց նա:
ՀՀ ԳԱԱ Վ.Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը բարձրաձայնեց հասարակության մեջ գիտնականի դերի բարձրացման անհրաժեշտության հարցը:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը առաջարկեց Հայոց պատմության ակադեմիական հատորների 1000 օրինակ փոխանցել Կրթության և գիտության նախարարությանը ԲՈՒՀ-երին և դպրոցներին հատկացնելու համար: Նախարարին Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները նվիրեց Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարն առաջարկեց հանդիպումները դարձնել հաճախակի ոլորտի հարցերը ավելի մանրամասն քննարկելու նպատակով: Հաջորդ հանդիպումը նախատեսված է օգոստոս ամսին:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
06.07.2018թ.