|
|
|
|
|
Նորություններ
27/03/2018
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2017թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում
|
|
|
|
|
Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 14 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 28 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր: 2017թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են 2 մենագրություն, որոնցից 2-ը` արտերկրում, միջազգային 2 գիտաժողովների ժողովածու, 3 ուսումական ձեռնարկ, 226 հոդված, որոնցից 91-ը` արտերկրում: Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 2 միջազգային գիտաժողով: Հրատարակվել են` «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա» (4 համար), «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը (2 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն` «Կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար): Ժողովածուն հրատարակվում է 1964թ-ից: Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը:
Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
- «Ֆուրյեի շարքերի ուժեղ գումարման խնդրի մասին», զեկուցող` Ֆ.-մ. գ.դ. Գ.Ա. Կարագուլյան
- «Ֆիզիկական և/կամ կառուցվածքային անհամասեռություններովէլեկտրաառաձգական ալիքատարներ», զեկուցող` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա.Ս.Ավետիսյան
- «Դինամիկ կայուն կոոպերացիա» զեկուցող`ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Լեոն Պետրոսյան (ՌԴ)
- «Ազատ եզրով խնդիրներ, ակնարկ» զեկուցող`ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հենրիկ Շահղուլյան (Շվեդիա)
- «Ամպային հաշվարկների հնարավորությունները և մարտահրավերները» զեկուցող`տ.գ.թ Հ.Վ. Ասցատրյան
- «Ադապտիվ սպեկտրոէլիպսոմետրիկ տեխնոլոգիա ջրային էկոհամակարգերի ախտորոշման համար» զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ֆերդինանդ Մկրտչյան (ՌԴ)
Բաժանմունքի հիմնարկների կարևորագույն տեսական-կիրառական արդյունքներ Մաթեմատիկայի ինստիտուտ
- Սահմանվել և հետազոտվել են երկու և ավելի փուլերով քառակուսացվող մակերևույթներ: Ապացուցվել է համապատասխան խնդիրների լուծման գոյությունը, ինչպես նաև ստացվել են ողորկության և որակական նկարագրությանը վերաբերվող արդյունքներ: Ապացուցվել է երեք և ավելի կարգի հանգուցային կետերի առաջացման անհնարինությունը:
- Տվյալ տիրույթում մերոմորֆ ֆունկցիաների համար առաջարկվել է մի նոր մոտեցում, որը հնարավորություն է տալիս ստանալ նրանց ածանցյալների ստորին գնահատականները:
- Ուսումնասիրվել է էներգիա հավանականություն կապը դասական վիճակագրական ֆիզիկայի անվերջ համակարգերի համար:
- Ավարտուն տեսքի է հասցվել փաթեթի ինտեգրալ ու դիսկրետ հավասարումների տեսության մի ուղղություն, որը հիմնված է օպերատորային ֆակտորիզացիայի, ռեդուկցիայի հատուկ մեթոդների և վերջավոր տեպլիցյան օպերատորների շրջման նոր եղանակի վրա:
- Հայտնաբերվել է մի հայտանիշ, որը թույլ է տալիս ստանալ համարժեք դիֆերենցելիության բազիսների լայն դասեր:
- Ուսումնասիրվել են կիսաառանցքի և ամբողջ առանցքի վրա ոչ կոմպակտ օպերատորներով փաթեթի տիպի ոչ գծային ինտեգրալ հավասարումների որոշ դասերի լուծման գոյության և կառուցվող լուծումների ասիմտոտիկ վարքի ուսումնասիրության հարցերը:
Մեխանիկայի ինստիտուտ
- Որպեսզի նվազագույնի հասցվի արտաքին գործոնների ազդեցությունը Երկրագնդի լիտոսֆերային սալերի և նրա առանձին հատվածների ներսում ընթացող պրոցեսների գնահատման ճշտության վրա, սեյսմոլոգիայում, որպես կանոն, չափիչ սարքերը (թեքաչափեր, դեֆորմոգրաֆներ) աշխատում են տեղադրել արտաքին մակերևույթից որոշ խորության վրա: Շերտավոր սալ-փաթեթի համար լուծվել է առաձգականության տեսության համապատասխան տարածական խնդիրը, երբ չափիչ տվյալները վերցրված են փաթեթի K-րդ շերտի մակերևույթի կետերից:
- Չօգտագործելով որևէ տեսակի պլաստիֆիկատոր` ՀՀ տարածքում տարածված կարբոնատային կազմով սուֆուզիոն անկայուն սպիտակահողերի հիման վրա մշակվել է բաղադրությունում մինչև 10% պորտլանդ ցեմենտ պարունակող 10ՄՊա ամրությամբ օժտված ցեմենտագրուն -տե կոմպոզիտների ստացման տեխնոլոգիա: Այն կարող է կիրառվել շինարարական որոշ արտադրատեսակների` շինությունների հիմքերում օգտագործվող մեծաղյուսների, ինչպես նաև միջնորմային սալերի, սնամեջ մեծաղյուսների արտադրման նպատակով:
- Ուսումնասիրվել է ակուստիկ ալիքների տարածումը առաձգական հարթ շերտալիքատարում՝ Կոսերայի միջավայրի պարզեցված մոդելի հաշվառմամբ: Ցույց է տրված, որ հարթ դեֆորմացիայի ալիքային ազդանշանի դեպքում միկրոպոլյար հատկությունը կարող է բերել նոր տիպի տեղայնացված ալիքի տարածման:
- Արտածված է մագնիսաստրիկցիոն կիսատարածությունում սահքի մակերևույթային ալիքի տարածման արագության որոշման բանաձև, երբ միջավայրը գտնվում է շարժման հարթությանն ուղղահայաց մագնիսական դաշտում:
- Ուսումնասիրվել է հավասար հաստությամբ երկու տարասեռ շերտերի հաջորդաբար միացումից ստացված կտոր առ կտոր համասեռ հարթության հարթ դեֆորմացիոն վիճակը, երբ այն՝ շերտերի միջին գծերի վրա պարունակում է ներքին ճաքերի երկպարբերական համակարգ: Ստացվել են պարզ հաշվարկային բանաձևեր ճաքերի ծայրակետերում քայքայող լարումների ինտենսիվության գործակիցների համար:
- Առաջարկված է մատակարարման պրոցեսի մաթեմատիկական մոդել, որի հիմնական տարրը հանդիսանում է ղեկավարվող բազմօղակ մանիպուլյատորը, որն ավտոմատ կերպով ապահովում է օբյեկտների անընդհատ աշխատանքը, կախված մատակարարման պրոցեսի նշանակությունից:
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ
- Նկարագրվել են հավասարակշռված երկմասնյա զույգ համացիկլիկ բոլոր կողմնորոշված գրաֆները տրված պայմանների դեպքում:
- Ստեղծվել է բջջային ավտոմատը մոդելավորող բազմաօգտատեր ծրագրային փաթեթ երկչափ և եռաչափ արտապատկերման հնարավորությամբ, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին աշխատել ինչպես առանձին, այնպես էլ միևնույն մոդելի վրա միևնույն պահին՝ անկախ աշխարհագրական դիրքից:
- Մշակվել է բաց բանալիով ծածկագրական համակարգ հիմնված պրիմիտիվ և տեղադրության բազմանդամների վրա: Կառուցվել են նաև կոդավորման և ապակոդավորման ալգորիթմներ ավելի մեծ այբուբենների վրա կառուցված կոդերի համար (ղեկ.՝ ակադ. Գ.Խաչատրյան):
- Մշակվել են պատկերների ավտոմատացված ճանաչման մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է որոշ տիպի ֆիզիկական օբյեկտների համար կատարել նրանց ճանաչման և դասակարգման գործողությունները:
- Ապացուցվել է այնպիսի հիպերպարզ, միթոտիկ (ըստ աղյուսակային հանգեցման) բազմության գոյությունը, որը չունի միթոտիկ (ըստ սահմանափակ աղյուսակային հանգեցման) տրոհում:
- Մշակվել է քանակական ասոցիատիվ կանոնների պեղման մոդել մոնոտոնության հատկությամբ օժտված ատրիբուտների համար: Կիրառման տիրույթը ներառում է LOG ֆայլերի պեղում ցանցային ներխուժումների հայտնաբերման համար, տեքստային հաղորդագրությունների քանակական պեղում առաջարկ-պահանջարկ համապատասխանության բացահայտման համար:
- Ուսումնասիրվել է ստոխաստիկ բլոկ մոդելի և ինֆորմացիայի տեսության միջև կապը: Ստոխաստիկ բլոկ մոդելի օգնությամբ ստեղծվել են պատահական ցանցեր՝ համեմատելու ալգորիթմներն ըստ մոդուլյարության չափի, հայտնաբերման ժամանակի և ցանցի մեծության:
- Մշակվել է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) օգնությամբ տեղանքի պատկերահանման միջոցով օբյեկտների հայտնաբերման ալգորիթմ: Կատարելագործվել է աղավաղված պատկերների բնութագրերի վերլուծության և երևակայական վերականգնման` նախկինում մշակված համակարգը: Մասնավորապես, այն կիրառելի է նաև գունավոր պատկերների մշակման համար:
- Մեծ հաշվարկներ պահանջող գիտական խնդիրների լուծման համար մշակվել են ամպային և մետատվյալների ղեկավարման միջավայրեր, այդ թվում ֆոտոնային խառնաշփոթ համակարգերի (համիլտոնյան հավասարումների) թվային հաշվարկների և վիզուալիզացիայի, աստղագիտական տվյալների վերլուծության IVOA հիմնօրինակների հենքի վրա, կենսաբանական տվյալների վերլուծության PID (RDA Persistent Identifier) հենքի վրա համակարգեր:
- Մշակվել է բազմաֆունկցիոնալ տեղեկատվական UNIMail համակարգը` ցանցային և sms տեխնոլոգիաների (MailInformer, Websms, Mail2sms) հիման վրա։ Այն նախատեսված է ներկայում գործածվող ASNET-AM համակարգչային ցանցի մի շարք առանձին տեղեկատվական ծառայությունների փոխարինման համար: Uտեղծվել է համակարգի կիրառական ծրագրային ապահովումը և կատարվում է UNIMail-ի առաջնային տարբերակի փորձարկումը: UNIMail համակարգը ներկայանում է որպես ինքնուրույն ցանցային բազմաֆունկցիոնալ, տեղեկատվական ռեսուրս` նախատեսված էլեկտրոնային փոստի օգտատերերին մուտքային նամակների մասին sms ծանուցում ուղարկելու համար, ինչպես նաև էլեկտրոնային փոստի կիրառմամբ sms հաղորդագրությունների ուղարկման և մի շարք այլ ծառայությունների տրամադրման համար, որոնք կիրառելի են այն տարածաշրջանում, որտեղ տեղակայված է սերվերային համակարգիչը։
- Մշակվել է վարորդի ուղղորդման ավտոմատ համակարգ, որն իր մեջ ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ (1) ճանապարհային գծանշումների հայտնաբերում; (2) ավտոմեքենայի դիրքի գնահատում տեսախցիկի տեսադաշտում երևացող գծերի համեմատ; (3) զգուշացում վարորդին մի երթևեկելի գծից մյուսին անցման ժամանակ; (4) ավտոմեքենան երթևեկելի գոտում ֆիքսելու ավտոմատացված համակարգ; (5) երթևեկելի գոտու արտապատկերման ուղղում ճանապարհի երթևեկելի հատվածի մասին իրական պատկերացում ստանալու և ճշգրիտ չափումներ կատարելու նպատակով։
- Կատարելագործվել է աղավաղված պատկերների բնութագրերի վերլուծության և երևակայական վերականգնման` նախկինում մշակված համակարգը: Ստեղծվել է համակարգի շարժական մոդել` ռոբոտի և սմարթֆոնի կիրառմամբ:
- Մշակվել է ծրագրային փաթեթ RDF ֆորմատով ներկայացված սեմանտիկ տվյալների քլաուդ միջավայրում ներմուծման և էֆեկտիվ օգտագործման համար։
- Մշակվել և իրականացվել են վեբ կայքերի և վեբ սերվերների համար լրացուցիչ պաշտպանության մեխանիզմներ։ Մշակվել և ներդրվել են ASNET-AM ցանցում էլեկտրոնային փոստի (Email) և դոմենային տիրույթների (DNS) ծառայությունների անվտանգության աստիճանը բարձրացնող ծրագրային բարելավումները։ Համակարգում նաև ինտեգրված են այլ ծառայություններ, ինչպիսիք են՝ ASNET-AM Handipum վեբ կոնֆերանս համակարգը (https://handipum.asnet.am) և ASNET-AM Drive ծառայությունը (https://drive.asnet.am):
ՀՀ ԳԱԱ հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին ՓԲԸ
- BBЭР-440 տիպի ատոմային կայանների կոնդենսատային պոմպերում կավիտացիոն երևույթները վերացնելու նպատակով մշակված են կոնդենսատի ճնշման և ծախսի պուլսացիաների կայունացուցիչներ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն 27.03.2018թ. |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
Կայքը հաճախել են 7 156 078
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|