|
|
|
|
|
Նորություններ
02/03/2018
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ
|
|
|
|
|
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի բարձրագույն պարգևը՝ Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալը 2017թ-ի համար: Որոշումը կայացվել է սույն թվականի փետրվարի 27-ին` ՌԴ Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում:
Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի Գ. Ն. Ֆլերովի անվան Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանն այս պարգևին արժանացել է «բարդ միջուկների փոխազդեցության ոլորտում հիմնարար հետազոտությունների և գերծանր տարրերի «Կայունության կղզիների» գոյության հիպոթեզի էքսպերիմենտալ հաստատման համար»:
ՌԳԱ նախագահության նիստում ներկայացնելով Յուրի Հովհաննիսյանի գիտական նվաճումները` ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Օսիպովն ասել է.«ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը միջուկային ֆիզիկայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական է: Նա հայտնի է համաշխարհային գիտական հանրությանը Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակի նոր տարրերի սինթեզի և հատկությունների ուսումնասիրության վերաբերյալ էքսպերիմենտալ հետազոտություններով: Ակադեմիկոս Գ.Ն. Ֆլերովի հետ համատեղ մեր երկրում Յուրի Հովհաննիսյանը նոր գիտական ուղղության` ծանր իոնների ֆիզիկայի գիտատեխնիկական և էքսպերիմենտալ բազայի ստեղծողն է: Այս ոլորտում կատարած հետազոտությունների համար նա ավելի վաղ արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական պարգևի:
Ինչպես հայտնի է, բնական գիտության հիմնարար խնդիրներից մեկը կապված է միջուկների զանգվածների սահմանների որոշման հետ: Իր հերթին, քիմիական տարրերի գոյության սահմանները, ըստ ժամանակակից տեսակետների, որոշվում են ատոմային միջուկի անկայունությամբ: Այս առումով, բարդ միջուկների փոխգործակցության մեխանիզմի, ծանր իոնների հզոր արագացուցիչների ստեղծման, միջուկային փոխակերպումների հազվադեպ գործընթացների ուսումնասիրման յուրահատուկ մեթոդի մշակման վերաբերյալ Յուրի Հովհաննիսյանի հետազոտությունները հանգեցրել են խոշոր արդյունքների: Դրանց թվում հարկ է նշել` մեծ ամպլիտուդայի միջուկների կոլեկտիվ շարժման վրա, ինչպիսիք են միաձուլումը և բաժանումը, միջուկային մատերիայի կառուցվածքի ազդեցության էքսպերիմենտալ ապացույցը, նոր դասի ռեակցիաների բացահայտումը` զանգվածային միջուկների սառը միաձուլումը, որը համաշխարհային պրակտիկայում օգտագործվում է շուրջ 40 տարի 107-113 ատոմային համարներով ամենածանր տարրերի սինթեզման և հատկությունների ուսումնասիրման համար:
Կալցիում-48 հազվադեպ իզոտոպի իոնների փնջի գործողության ներքո տաք միաձուլման ռեակցիաներում գերծանր միջուկների ոլորտում բեկումը հանգեցրեց 114,115,116,117 և 118 ատոմային համարներով ծանր տարրերի սինթեզմանը: 2000-2010 թթ-ին գերծանր տարրերի մի ամբողջ ընտանիքի բացահայտումը, այդ ընտանիքի անդամների` 52 նոր նեյտրոնաավելցուկային նուկլիդների ատոմային հատկությունների մանրամասն որոշումը դարձան միջուկների քարտեզում «Կայունության կղզիների» գոյության առաջին և ուղղակի էքսպերիմենտալ ապացույցը, ինչը տեսականորեն կանխատեսվել էր մոտ 50 տարի առաջ: Ֆիզիկայի և քիմիայի միջազգային միությունների (IUPAP, IUPAC) որոշմամբ նոր տարրերը ներառված են Դ.Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում: Ծանր միջուկների և ատոմների հետազոտություններում Յուրի Հովհաննիսյանի ունեցած մեծ ներդրման համար 118 ատոմային համարի ամենածանր տարրը կոչվեց «Օգանեսոն»:
Յուրի Հովհաննիսյանի գաղափարի հիման վրա աշխարհի այլ երկրների միջազգային գիտական դպրոցներում ստեղծվում են նոր միջուկային ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներ և մշակվում են կայունության սահմաններում միջուկների ուսումնասիրության վերաբերյալ լայնածավալ աշխատանքների ծրագրեր: Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտում ավարտին է մոտենում աշխարհում առաջին «Գերծանր տարրերի ֆաբրիկայի»` յուրահատում արագացուցիչ համալիրի ստեղծումը, որը կդառնա ծանր տարրերի ուսումնասիրման կենտրոն: Բացի այն, որ դա բոլոր հետազոտությունները բարձրացնում է նոր մակարդակի վրա, այն ամրապնդում է ռուսական գիտության առաջատարությունը և միջազգային կապերը»:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն 02.03.2018թ. |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
Կայքը հաճախել են 7 157 450
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|