Սույն թվականի մարտի 31-ին՝ ժամը 09:20-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կլոր դահլիճում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» («Low dose radiation risks: present research and future perspectives») խորագրով միջազգային գիտաժողովը։ Միջոցառումը կազմակերպվում է ՄքՄասթեր համալսարանի (Կանադա) և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի նախաձեռնությամբ և իրականացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի աջակցությամբ։

Գիտաժողովի հիմնական նպատակն է հավաքագրել գիտական տվյալներ, մշակել հնարավոր ուղիներ ռիսկերի գնահատման, կանխարգելման և նվազեցման համար։ Սա հնարավորություն կտա ձևավորել առավել հստակ մոտեցումներ ճառագայթային պաշտպանության ոլորտում։
Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝
- Ցածր դոզայով ճառագայթահարման կենսաբանական ազդեցությունը
- Ռադիոէկոլոգիա
- Էկոթունաբանության և կենսամարկերների դերը ռիսկերի գնահատման մեջ
- Ճառագայթային պաշտպանության ժամանակակից մոտեցումները
- Կարգավորող մարմինների և գիտական համայնքի փոխգործակցության հեռանկարները։
Գիտական զեկուցումներով հանդես կգան առաջատար գիտնականներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Կանադայից, Հայաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 2-ը ներառյալ։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28․03․2025թ․