Diaspora Department presents
Aleksandr Chubaryan

Dr., Professor

   ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայում անվանի պրոֆեսորի, գրադարանագիտության  ոլորտում հայտնի մասնագետի՝ Օհան Ստեփանի Չուբարյանի ընտանիքում:
Ա. Չուբարյանը, 1950 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվում է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետ: Նա շատ հետաքրքրված էր միջազգային հարաբերությունների պատմությամբ:
   1953թ. Մոսկվայի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտելով՝ նա ընդունվում է ասպիրանտուրա: Այստեղ նա հանդիպում է պատմության ֆակուլտետի իր նախկին դասախոսներին և պրոֆեսորներին: ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ Ի. Մ. Մայսկին ստեղծել էր Իսպանիայի և Պորտուգալիայի պատմության հետազոտական խումբ:  Ա. Չուբարյանին 1958-ին՝ նախքան ասպիրանտական ժամկետի ավարտը, ընդունում են աշխատանքի: Շուտով նա հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը՝ «ԽՍՀՄ արտաքին քաղաքականության սկզբունքները» թեմայով: ​​
   1968-ին ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտը բաժանվում է երկու մասի, և ձևավորվում է ԽՍՀՄ ԳԱ համընդհանուր պատմության ինստիտուտը, որը ղեկավարում էր ակադեմիկոս Եվ. Մ. Ժուկովը` արդի ժամանակների միջազգային հարաբերությունների, պատմական հետազոտության մեթոդաբանության ամենահայտնի մասնագետներից մեկը: Նրա հետ համատեղ աշխատանքը մեծ դպրոց էր երիտասարդ Ա. Չուբարյանի համար: Պատմական գիտությունների թեկնածու Ա. Չուբարյանը շարունակում է աշխատանքը՝ մասնագիտանալով միջազգային հարաբերությունների և քսաներորդ դարի արտաքին քաղաքականության մեջ: Այդ աշխատանքի արդյունքներից  է նրա «Брестский мир. 1918 г.» (Մոսկվա 1963) մենագրությունը:
   1966թ. մինչև 197 թ. Ա. Չուբարյանը եղել է ԽՍՀՄ ԳԱ պատմության բաժանմունքի գիտական ​​քարտուղար: Միևնույն ժամանակ (1966-1976 թ.) նա դասավանդում է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիայիում: Մեծ հետաքրքրություն է առաջացրել Ա. Չուբարյանի «Тайное становится явным. Об издании секретных договоров царского и временного правительств» (Մոսկվա, 1970) մենագրությունը: Գրքում լուսաբանվում են Խորհրդային Ռուսաստանի իշխանությունների կողմից 1917-1918թթ. կնքված գաղտնի պայմանագրերը և դրանց միջազգային արձագանքը: 1973թ.-ին Ա. Չուբարյանը ընտրվում է Եվրոպայի ժամանակակից պատմության միջազգային ասոցիացիայի փոխնախագահ:     
    Քառասնամյա Ա. Չուբարյանը ավարտում է դոկտորական ատենախոսությունը և մեկ տարի անց հաջողությամբ պաշտպանում այն:  Նրա գիտական ​​աշխատանքի հիմնական ուղղություններն են դառնում Եվրոպայի պատմությունը և Եվրոպական գաղափարները Ռուսաստանում, միջազգային հարաբերությունների պատմությունը և արտաքին քաղաքականությունը XX դարում: 1973-ին պատմական գիտությունների երիտասարդ դոկտոր Ա. Չուբարյանը դառնում է սեկտորի ղեկավար, ապա ԽՍՀՄ ԳԱ համընդանուր պատմության ինստիտուտի բաժիններից մեկի պետ: Այդ ժամանակ տպագրվում է «Համաշխարհային պատմություն» XI հատորը, որի համահեղինակ և պատասխանատու խմբագիրն է եղել Ա. Չուբարյանը: 1979թ.-ին նա ստանում է պրոֆեսորի կոչում:
    1983 թվականին Ա. Չուբարյանը տպագրում է «Европейская идея в истории. Взгляд из Москвы» (Մոսկվա, 1983) մենագրությունը, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն մասնագիտական շրջանակում` պատմաբանների և փիլիսոփանների մեջ, այլև՝ լայն հասարակության շրջանակում՝ ինչպես ԽՍՀՄ տարածքում, այնպես էլ արտասահմանում:
    1988թ.-ին նա ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ համընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն: Պահպանել ինստիտուտը 90-ականներին չափազանց դժվար էր: Անհրաժեշտ էր պահպանել առաջատար գիտնականների կազմը մի միջավայրում, ուր պահանջվում էին կրճատումներ: Խորհրդակցելով գիտխորհրդի հետ՝ Ա. Չուբարյանը ընդունում է հեռատես որոշում, որը թույլ է տալիս պահպանել ինստիտուտի հմուտ աշխատակազմը և սերնդափոխությունը կատարել` ընտրելով «լավագույներից լավագույնին» :            
   1990թ.-ին Ա. Չուբարյանը ընտրվում է պատմական գիտությունների միջազգային կոնգրեսի բյուրոյի անդամ, ապա 1994թ.՝ ՌԳԱ թղթակից անդամ: 1996թ. նրան շնորհվում է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամի կոչում: 1996թ. ստեղծվում է Հումանիտար գիտությունների պետական ​​համալսարանը, որը ղեկավարում է Ա. Չուբարյանը: Դառնալով ռեկտոր՝ նա պաշտոնը համատեղում է պատմության ֆակուլտետի դեկանի պարտականությունների հետ: Նա կարծում էր, որ սա է միակ հնարավոր ճանապարհը պատրաստել երիտասարդ գիտնականներ՝ սկսած ուսանողական տարիներից:
   2000թ.-ին Ա. Չուբարյանն ընտրվում է ՌԳԱ իսկական անդամ (ակադեմիկոս): Նրա հատուկ զեկույցը` «Գնահատական. XX դարի արժեքը համաշխարհային պատմության մեջ», լսվում է ՌԳԱ նախագահության նիստում:
Եվրոպական գաղափարների ու Եվրոպայի պատմության ուսումնասիրությունը դարձել էին նոր ուղղություն ռուսական պատմագիտության մեջ, որն ստեղծել է ակադեմիկոս Ա. Չուբարյանը: Նա «Ռուսաստանն ու Եվրոպան XIX-XX դդ.» թեմայի ուսումնասիրության առաջատարներից է: Չուբարյանը Եվրոպայի պատմության (1992-2000թթ.) բազմահատորյակի խմբագիրն է և որպես գլխավոր խմբագիր մի քանի առաջատար հրապարակումների հեղինակ է: Ակադեմիկոս Ա. Չուբարյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Երկրորդ համաշխարհային պատերազմի զարգացման խնդրահարույց պատճառներին, և այս թեմային է նվիրված 2008թ. տպագրված նրա մենագրությունը «Канун трагедии. Сталин и международный кризис. Сентябрь 1939 – июнь 1941 года» (М., 2008):
Ա. Չուբարյանը «Միջազգային հարաբերությունների պատմությունը XX դարում» գիտական ​​ուղղության առաջատարներից  մեկն է: Ի դեպ, նա է առաջինը դիտարկել «Սառը պատերազմի ավարտը» խնդիրը «Սառը պատերազմի 1945 - 1963 տարիները. պատմական հետհայաց» (М., 2003) գրքում:
2009թ. տպագրվում է Ա. Չուբարյանի մենագրությունը «20-րդ դար. պատմաբանի տեսանկյուն» խորագրով:
   Միևնույն ժամանակ Ա. Չուբարյանը պատասխանատու խմբագիրն էր մի շարք պարբերականների` «Եվրոպական ալմանախ», «Ռուսաստանը և Բալթյան երկրները», «Քաղաքակրթություն», Միջազգային հասարակական գիտություններ ամսագրի, միջազգային ամսագրի, «Cold War History» («Սառը պատերազմի պատմություն»): Նա նաև միջազգային ասոցիացիայի՝ ԱՊՀ երկրների պատմական ինստիտուտների ամսագրի` «Պատմական տարածք: ԱՊՀ երկրների պատմության խնդիրները» ամսագրի գլխավոր խմբագիրն էր:
   2007թ. Ա. Չուբարյանն ընդգրկվում է ՌԴ կառավարությանն առընթեր Կրոնական միավորումների հանձնաժողովի կազմում: Միևնույն ժամանակ նա ՌԳԱ նախագահության անդամ էր, ՌԴ նախագահությանն առընթեր Գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների խորհրդի անդամ, ՌԴ նախագահին  առընթեր Պատմության կեղծման դեմ հանձնաժողովի անդամ: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների միջազգային ասոցիացիան, որի նախագահն էր: Մեծ է նրա ներդրումը ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների հետ համագործակցության զարգացման գործում` այդ թվում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ:
Ա. Չուբարյանը ՌԴ կրթության և գիտության նախարարության պատմության գծով գիտական և մեթոդական խորհրդի նախագահն է: Նա է ղեկավարել հեղինակային խմբերի աշխատանքը` մի շարք դասագրքերի և ուսումնական նյութերի պատրաստման աշխատանքները: Չուբարյանը համահեղինակ և պատասխանատու խմբագիրն է XX-XXI դարի սկզբի ազգային պատմության դասագրքի և մեթոդական ձեռնարկի, որը նախատեսված է միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի համար:
   Ակադեմիկոս Ա. Չուբարյանը հասարակական մի շարք կազմակերպությունների անդամ է և ղեկավար: 1995-2005թթ. նա գլխավորել է «Ռուսական պատմաբանների և արխիվիստների միությունը» և համակարգել է պատվավոր նախագահներից մեկի և կենտրոնական խորհրդի անդամի աշխատանքները:
2011թ.-ին Ա. Չուբարյանի նախաձեռնությամբ անց է կացվել պատմության ուսուցիչների բուհական  և դպրոցական  համառուսական առաջին համաժողովը, որի շրջանակում ստեղծվել է «Պատմության և հասարակագիտության ուսուցիչների ասոցիացիա» համառուսական հասարակական կազմակերպությունը:
   Ակադեմիկոս Ա. Չուբարյանը ավելի քան 300 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է: Ա. Չուբարյանը պարգևատրվել է Ռուսաստանի պետական մրցանակներով և շքանշաններով` «հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի (2006թ.) և III աստիճանի (2011), Պատվո նշան մեդալով (1999թ): Նա Պատվո լեգեոնի ասպետ է (Ֆրանսիա), պարգևատրվել է Գրիգոր VI մեդալով (Վատիկան): Ա. Չուբարյանը արժանացել է Գիտության և տեխնիկայի բնագավառում ՌԴ պետական մրցանակի, 2016թ. արժանացել է «հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի, իսկ բոլորովին վերջերս՝ 2021թ. պարգրատրվել է «հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանով: Չուբարյանն այժմ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համընդհանուր պատմության ինստիտուտի գիտական ղեկավարն է:
Հաշվի առնելով Ալեքսանդր Չուբարյանի գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան 2000 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
 
   Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ., դոցենտ,
   ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար