News
21/11/2024
Գիտության և կրթության ներկայացուցիչները քննարկեցին հայոց լեզվի զարգացման միտումները և դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում

Սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայոց լեզու. նրա զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը, որին մասնակցեց ավելի քան 100 ուսուցիչ Հայաստանի տարբեր մարզերից։ 

Համաժողովի նպատակն էր ներկայացնել և քննարկել լեզվամտածողության, հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության, շարահյուսության հարցեր։  

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Ես բարձր եմ գնահատում ձեր առաքելությունը, քանի որ դուք եք սովորեցնում ուղղագրություն և ուղղախոսություն։ Լեզուն անընդհատ հարստանում է, նոր տերմիններ են առաջանում։ ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ ստեղծվել է տերմինաշինության մասնագիտական խորհուրդ, որում ընդգրկված են մեր հանրապետության լավագույն լեզվաբանները։ Ձեր խնդիրն է աճող սերնդին հասկացնել, որ չնայած տեխնիկական հնարավորությունների աճին, արհեստական բանականության հնարավորություններին, մարդը պետք է կարողանա ճիշտ գրել և ճիշտ խոսել իր լեզվով։ Լեզվին տիրապետելու համար պետք է շատ կարդալ գրական գործեր և անընդհատ լինել լեզու սովորելու ընթացքի մեջ», - ասաց ակադեմիկոս Սուվարյանը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման վարչության պետ Կամո Աթայանը նշեց․ «Մեր լեզուն հետաքրքիր ու հարուստ է, բայց հասարակական զարգացումները նրա առաջ ևս դնում են խնդիրներ՝ հնարավորինս հղկել, զարգացնել հայերենով ուսուցման լեզուն ու գտնել բարդ գիտությունը յուրաքանչյուրի հնարավորություններին ու ընդունակություններին համապատասխան, հանրամատչելի ներկայացնելու ուղիներ։ Ձեր ստանձնած առաքելությունը բարդ ու պատասխանատու է։ Այն հաջողված կլինի միայն անհատական գիտական հետաքրքրությունները մշտապես լրացնելու դեպքում»։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտքարտուղար, Լեզվաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Մերի Սարգսյանը նշեց, որ գիտատեխնիկական զարգացման դարաշրջանում գերխնդիր է կրթության և գիտության շաղկապումը։ «Այս չափանիշը կրթության որակի ապահովման համաեվրոպական չափանիշներից մեկն է, և հենց սա է մեր կենտրոնի ռազմավարության հիմքում։ Այսօր հաճախ ենք տարբեր հարթակներից լսում, որ հայոց լեզուն կորցրել է իր դերակատարումը, որ չունի այն մեծ ազդեցությունը, որն ունեցել է նախկինում։ Բայց բավական է` մուտք գործենք գիտության և տեխնիկայի խաչմերուկներից հանդիսացող Ինժեներական քաղաք, կտեսնենք հայագիտությունը ներկայացնող գրառումներ, իսկ Գիտության և տեխնիկայի թանգարանում կտեսնենք հայագիտության հսկաներին։ Միավորենք մեր ուժերը, ստեղծենք ակադեմիա-բուհ-դպրոց էկոհամակարգի առողջ փոխգործակցություն՝ մեր ուժերը ծառայեցնելու գիտության և կրթության հետագա զարգացմանը», - ասաց Մերի Սարգսյանը։

Համաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.11.2024թ․