News
19/11/2024
«Սառը միաձուլման 50-ամյակը»․ տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի համատեղ միջազգային գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 9:30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), կմեկնարկի ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի համատեղ կազմակերպած «Սառը միաձուլման 50-ամյակը» միջազգային գիտաժողովը։ 

Գիտաժողովը կնախագահեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովը։ Զեկուցմամբ հանդես կգա հայազգի մեծանուն գիտնական, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։ 

1974 թվականին Դուբնայում Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ հայտնաբերվեց ռեակցիաների նոր դաս՝ զանգվածային միջուկների սառը միաձուլման ռեակցիաներ։ Կես դար այս ռեակցիաները համաշխարհային պրակտիկայում օգտագործվում են տրանսակտինիդային տարրերի սինթեզի և հատկությունների ուսումնասիրության համար։ Այս մեթոդը թույլ տվեց Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Գերմանիայի և Ճապոնիայի առաջատար լաբորատորիաներին առաջին անգամ սինթեզել 107-ից մինչև 113 ատոմային թվերով տարրեր։

Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան քիմիական տարրերի սինթեզի և հատկությունների նկարագրության բնագավառի ճանաչված գիտնականներ Բուլղարիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Չինաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից։ 

Գիտաժողովը կընդգրկի մի շարք սեկցիաներ՝ նվիրված գերծանր տարրերի սառը միջուկային միաձուլմանը, ծանր իոններով միջուկային ռեակցիաներին, ֆիզիկական և քիմիական հատկություններին։ Կքննարկվեն սառը միաձուլման ռեակցիայի մեխանիզմները, ժամանակակից աշխարհի առաջատար կենտրոններում գերծանր մետաղների սինթեզի և ուսումնասիրման ժամանակակից վիճակը, այն ռեակցիաների քվանտային-դինամիկ մոդելի ստեղծումը, որոնցում ձևավորվում են գերծանր տարրեր և այլն։ 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ։ Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մուտքն ազատ է։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.11.2024թ․