| ||||||||
Սույն թվականի մարտի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ֆրանսալեզու տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը (17-18-րդ դարեր)» միջոցառումը։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի վարիչ Տիգրան Բաղդասարյանը, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն պետությունների դեսպանների խմբի նախագահ, Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության բաժնի խորհրդականի տեղակալ և կրթության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսը, պետական, գիտական, կրթական և մշակութային կառույցների ներկայացուցիչներ, գրողներ, թարգմանիչներ, ուսանողներ։
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանն իր բացման խոսքում նշեց, որ միջոցառումը նպատակ ունի հանրությանը ներկայացնելու այն հարուստ ֆրանսալեզու տպագիր ժառանգությունը, որը պահպանվում է գրադարանում։ Հանրությանը ներկայացվեց ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի ոսկե ֆոնդում պահվող ֆրանսերեն հնատիպ տպագիր ժառանգության մի մասը, գրքեր, որոնք տպագրվել են եվրոպական տարբեր երկրներում 17-18-րդ դարերում: Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը դեռևս 2004թ-ից, իսկ 2012թ-ից դարձել է կազմակերպության լիիրավ անդամ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնային խնդիրը ֆրանսերեն լեզվի տարածման և մշակութային գործունեության ծավալումն է ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների։ Այս կարևոր նպատակի շուրջ են համախմբվում բոլոր անդամ երկրները՝ յուրաքանչյուրն իր հերթին փորձելով ընդլայնել գործունեության և համագործակցության շրջանակները։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան մեր պետության գիտական կարևորագույն կենտրոնն է։ Ակադեմիան համագործակցում է Ֆրանկոֆոն մի շարք երկրների հետ, պարբերաբար մասնակցում տարաբնույթ միջոցառումների և հանդիպումների, որոնց արդյունքում շահում է գիտնականը և գիտությունը։ Շփման արդյունքում Հայաստանի հետազոտողին հասանելի են դառնում Ֆրանկոֆոն երկրների գիտական նորույթները, իսկ հայ գիտնականները հնարավորություն են ստանում այդ նվաճումները, ձեռքբերումները ներկայացնել կարևոր հարթակներում։ Ողջունում եմ այս կարևոր նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ այսօրվա հանդիպումը կունենա շարունակություն և հիմք կդառնա նոր համագործակցության համար, ինչն այսօր առավել քան երբևէ պահանջված է՝ հաշվի առնելով ստեղծված դժվար աշխարհաքաղաքական իրավիճակը», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ ՀՀ Արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի պետ Տիգրան Բաղդասարյանը նշեց, որ «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի է ունենալու ավելի քան 800 միջոցառում, որոնց ակտիվ մասնակիցներից է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը։ «Հիմնարար գիտական գրադարանը Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև երկխոսության կարևոր օղակներից է իր հարուստ ֆրանսալեզու հավաքածուներով և համագործակցության լայն օրակարգով։ Ուրախ ենք արձանագրել, որ Արտաքին գործերի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Հիմնարար գիտական գրադարանի միջև առկա է արդյունավետ համագործակցություն ինչպես Ֆրանկոֆոնիայի, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի շրջանակներում։ Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցել Գիտությունների ազգային ակադեմիային, այդ թվում` գրադարանին, իր միջազգային գործընկերների ցանցն ընդլայնելու, ինչպես նաև Ֆրանկոֆոն դերակատարների հետ համագործակցությունը խորացնելու գործում», - ասաց Տիգրան Բաղդասարյանը։ Ողջույնի իր խոսքում Հայաստանում Ֆրանկոֆոն պետությունների դեսպանների խմբի նախագահ, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը նշեց․ «Ինձ համար մեծ հաճույք է ներկա գտնվել այսպիսի իրադարձության։ Երբ խոսում ենք Ֆրանկոֆոնիայի մասին, հաճախ մտածում ենք մշակութային և այլ արժեքների մասին, սակայն գիտական գործոնը նույնպես մեծ դեր է կատարում, հատկապես երբ դա երկկողմանի ձևաչափով է արտահայտվում։ Հայաստանը մեծ հաջողություններ է գրանցում գիտության ասպարեզում։ Ֆրանկոֆոնիան կնպաստի երկրի գիտության զարգացմանը», - ասաց Լուկաս Ռոզենկրանցը: Մասնակիցներին ողջունեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ «Ուրախ ենք լինելու Ֆրանկոֆոն մեծ ընտանիքի մասնակից։ Ֆրանկոֆոնիայի կոմիտեն մեզ ընտրել է կազմակերպելու 10-րդ Ֆրանկոֆոն խաղերի անցկացումը Հայաստանում։ Ֆրանկոֆոնիան ոչ միայն լեզու է, այլ շատ ավելին՝ մշակույթ, քաղաքակրթություն՝ այն երկրների, հասարակարգերի, որոնք ունեն նույն արժեքները, նույն մոտեցումները», - ասաց Դանիել Դանիելյանը։
Միջոցառման ժամանակ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը շնորհակալագրեր հանձնեց թարգմանիչներ Նվարդ Վարդանյանին, Գրիգոր Ջանիկյանին, Սամվել Գասպարյանին, Հենրիկ Բախչինյանին, Նազելի Ղարիբյանին, ովքեր մեծ ներդրում ունեն ֆրանսալեզու գրականության տարածման, հանրահռչակման գործում։ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու Գայանե Ամիրաղյանը հանդես եկավ «Կոմիտաս վարդապետը և ֆրանսիական մշակույթը» թեմայով զեկուցմամբ, որում արտացոլված է Կոմիտաս վարդապետի և ֆրանսիական մշակույթի կապը։ Երաժշտական ծրագրով ելույթ ունեցավ Կոմիտասի անվան ազգային քառյակը, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի: |