ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական կենտրոնի տնօրեն ՌԳԱ թղթակից անդամ Անատոլի Սոլովյովը օրերս այցելեցին ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում գտնվող Երկրի մագնիսական դաշտի մշտադիտարկում իրականացնող փորձարարական բազա: Փորձարարական բազան ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական կենտրոնի համագործակցության արդյունքում:
Այցի ընթացքում քննարկվեցին համագործակցության նոր ծրագրեր, որոնք մոտ շրջանում կներկայացվեն 2 երկրների պետական լիազոր մարմիններին:Փորձարարական բազայում, որը կառուցված է բացառապես մագնիսական հատկություններ չունեցող կոմպոզիցիոն նյութերից և մագնիսական դաշտ չունեցող փայտից, տեղադրված է սարքավորում, որն իրականացնում է Երկրի մագնիսական դաշտի փոփոխությունների գերզգայուն ճշգրիտ չափումներ: Դրանց շնորհիվ հնարավոր է բացահայտել և հաստատել Երկրի մագնիսական դաշտի (Real-time) փոփոխությունների և երկրաշարժի նախապատրաստման միջև պատճառահետևանքային կապերը, որպես հնարավոր երկրաշարժի առաջացման նախանշան, հետագայում լուծելու երկրաշարժի կանխագուշակման հիմնարար պրոբլեմը:
Ստացված արդյունքները համալրում են միջազգային տվյալների բազան՝ հետագա մշակման, նոր խնդիրների ձևավորման համար:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
29.11.2019թ.