News / Archive
01/10/2021
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի «Գենետիկա XXI» կլոր սեղանը

    Ս.թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) ՀՀ ԳԱԱ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը կազմակերպում են «Գենետիկա XXI» կլոր սեղանը Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակներում: Կլոր սեղանի թեմաները ներառում են էկոլոգիական գենետիկայի, մոլեկուլային գենետիկայի և բիոինֆորմատիկայի, հայ ժողովրդի գենետիկայի, ռադիոբիոլոգիայի, պրոտեոմիկայի,  բույսերի գենետիկայի հետ կապված հարցերը: Կլոր սեղանին կմասնակցեն նաև համաշխարհային ճանաչում ունեցող կենսաբան-գենետիկ Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկուն նվիրված 5-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցները: 

    Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը: Գիտական զեկույցներով հանդես կգան Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ելենա Խլյոստկինան, նույն ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսեյ Զավարզինը, ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանության լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր  Յուրի Չերնովը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Գենետիկայի և բջջաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Իռմա Մոսսեն և Ռուսաստանի Դաշնության Բուռնազյանի անվան պետական բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի պրոֆեսոր Անատոլի Օսիպովը: Հայկական կողմից գիտական զեկույցներ կներկայացնեն ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ-ի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Ռուս-հայկական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

    Պրոֆեսոր Անատոլի Օսիպովը կներկայացնի ռադիացիոն գենետիկայի ասպարեզում գիտական արդյունքները, որոնք ստացվել են Ռուսաստանի գիտության ֆոնդի ծրագրի շրջանակներում՝ հայ գիտնականների հետ համատեղ:

    Կլոր սեղանի անցկացմանն աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն և ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը:


01.10.2021թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն