News / Archive
09/12/2016
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԳԱԱ-ում ծանոթացավ համակարգի գիտահետազոտական կազմակերպությունների ձեռքբերումներին և առկա խնդիրներին

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացավ համակարգի գիտահետազոտական կազմակերպությունների ձեռքբերումներին և առկա խնդիրներին:
 
Ողջունելով գիտնականներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկեց քննարկումն անցկացնել հետևյալ հարցերի շուրջ` ինչպես կառուցել ՀՀ ԳԱԱ – կառավարություն հարաբերությունները, որպեսզի գիտությունը զարգանա, որպեսզի գիտնականը արժանավայել ապրի և որպեսզի գիտնականը հավելյալ արժեք ստեղծի ՀՆԱ-ի մեջ:

20161209_01.jpg
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ գործունեության արդյունքները, նվաճումներն ու անելիքները:

Մասնավորապես նա նշեց Հայաստանի գիտության դերը միջազգային գիտական շրջանակներում:  ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2015թ. գիտության զեկույցի համաձայն՝ Սևծովյան տարածաշրջանի 10 երկրների շարքում Հայաստանը 10 տարվա ընթացքում կրկնապատկել է գիտական հոդվածների թիվը մեկ միլիոն բնակչի հաշվարկով` 122-ից հասցնելով 215-ի: 2007-2015թթ., ԵՄ ծրագրերին մասնակցելով, Հայաստանի 35 նախագծից 22-ը իրականացրել են ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտները: Ներկայումս ՀՀ ԳԱԱ  ինստիտուտները մասնակցում են  հետազոտությունների և նորարարության ոլորտի խոշորագույն ծրագրին՝ «Հորիզոն 2020»-ին, համագործակցություն ծավալում Ռուսաստանի և ԵՏՄ երկրների գիտական կենտրոնների հետ՝ իրականացնելով համատեղ կիրառական և տեսական բնույթի հետազոտություններ: 

Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի՝ ՀՀ ԳԱԱ-ն մոտակա տարիներին պատրաստվում է՝

- ամրապնդել գիտահետազոտական կազմակերպությունների կարողությունները հիմնարար և կիրառական հետազոտությունների շարունակականության և զարգացման համար
- զարգացնել ենթակառուցվածքներ և e-ենթակառուցվածքներ 
- պատրաստել բարձրորակ գիտական և գիտատեխնիկական կադրեր 
- ներկայացնել կիրառական մշակումների նորարարական առաջարկներ 
- էականորեն ընդլայնել միջազգային համագործակցությունը: 

20161209_02.jpg
Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Աշոտ Սաղյանը, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Պավել Ավետիսյանը,  Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը: Բարձրացվեցին նոր շուկաների նվաճման, հիմնարար գիտության զարգացման, կիրառական արդյունքի ապահովման խնդիրներ:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց. «Յուրաքանչյուրը հասկանում է, որ Ֆունդամենտալ գիտությունը անկախ կիրառական արդյունքից պետք պահպանվի: Բոլոր մնացած ինստիտուտները, որոնք կարող են կիրառական արդյունք ունենալ, պետք է աշխատեն դրա վրա, և այդ կիրառական արդյունքի համար մենք պետք է ձեզ մաքսիմալ կերպով աջակցենք»:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09.12.2016թ.