News
13/02/2025
Տեղի կունենա «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» թեմայով Գիտուժի համաժողովը

Սույն թվականի փետրվարի 14-15-ը` ժամը 11։00-ից 18։00-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանում (Մարշալ Բաղրամյան 40, Մանուգեան դահլիճ) տեղի կունենա «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» թեմայով «Գիտուժ» նախաձեռնության համաժողովը։ Նպատակն է քննարկել Հայաստանի մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները` տեխնոլոգիաների և ֆորմալ, բնական, հումանիտար և հասարակական գիտությունների ստեղծած արդյունքների միջոցով։

Համաժողովի առաջին օրը նվիրված է հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտին։ Խոսնակները կքննարկեն Հայաստանի մարտահրավերները և զարգացման տեսլականը, գիտական քաղաքականության ու միջազգայնացման հարցեր։ Երկրորդ օրը նվիրված է ֆորմալ և բնական գիտություններին և տեխնոլոգիային։ Կքննարկվեն այս ոլորտներում ռազմավարական նպատակները և դրանց իրականացման ճանապարհները, ինստիտուտների, համալսարանների և մասնավոր հատվածի դերը, ինչպես նաև պաշտպանական անվտանգության հարցեր։ 

Համաժողովին հանդես կգան գործադիր և օրենսդիր մարմինների պաշտոնյաներ, գիտական և կրթական կառույցների ղեկավարներ, գիտնականներ, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ։ 

Մուտքն ազատ է` պարտադիր գրանցումով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13.02.2025թ․