| ||||||||
Սույն թվականի հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը։ Այն նվիրված է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ին ամյակին։ Մենագրությունը հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Աշխատությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիրված առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հեղինակը քննության է առել կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները, նրա առնչությունները 20-րդ դարի համաշխարհային երաժշտությանը, գեղագիտական հայացքները: Հեղինակը կազմել է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկն ու կոմպոզիտորի մասին առկա մատենագիտությունը, գիտական շրջանառության մեջ դրել կոմպոզիտորի անձնական արխիվում պահվող կարևոր վավերագրեր և լուսանկարներ։ Աշխատության խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Լևոն Հակոբյանը, գրախոսներն են արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն ու արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։ |