News
02/12/2024
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սուրեն Մխիթարյանը

Սույն թվականի նոյեմբերի 30-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Մանուկի Մխիթարյանը:

Սուրեն Մխթարյանը ծնվել է 1939թ․ Կարճաղբյուր գյուղում։ 1963թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1991թ․ ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1992թ․՝ պրոֆեսորի կոչում։ 2010թ․ ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։

Սուրեն Մխիթարյանի գիտական հետազոտությունները վերաբերել են առաձգականության մաթեմատիկական տեսության և առաձգամածուցիկության տեսության կոնտակտային և խառը եզրային խնդիրների, դրանց ուսումնադիրության արդյունքների կիրառություններին, հիպերսինգուլյար ինտեգրալ հավասարումների արդյունավետ լուծմամբ մաթեմատիկական մեթոդների մշակմանը։ 

Նա եղել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի «Առաձգական և առաձգամածուցիկ մարմինների» բաժնի վարիչ, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի «Բարձրագույն մաթեմատիկայի» ամբիոնի վարիչ: Ստեղծել է գիտական դպրոց: Սուրեն Մխիթարյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 25-ից ավելի ատենախոսություն: Հեղինակել է շուրջ 185 գիտական հոդված և աշխատություն։ 

Հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն ու վաստակաշատ զավակներից մեկին: Խորապես ցավակցում ենք նրա ընտանիքին, աշակերտներին, գործընկերներին:

Անմար հիշատակ Սուրեն Մանուկի Մխիթարյանին:

ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ
02․12․2024թ․