News
28/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Պետրոս Ալահայտոյան-90» հոբելյանական գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Պետրոս Ալահայտոյան-90» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված երաժշտագետ, բանահավաք, խմբավար ու հասարակական գործիչ Պետրոս Ալահայտոյանի ծննդյան 90-ամյակին։

Պետրոս Ալահայտոյանը եղել է Կոմիտասի սան Բարսեղ Կանաչյանի աշակերտը։ Ցեղասպանության 70-րդ և Կոմիտասի մահվան 50-րդ տարելիցների կապակցությամբ նա լծվել է ազգանպաստ մնայուն աշխատանքի. 1985 թվականից այցելել է Եվրոպայի, Արևելքի և ԱՄՆ-ի հայկական համայնքներ, ծերանոցներ՝ ձայնագրելով կարևոր ազգագրական և փաստագրական նյութեր: 2022 թվականին իր բացառիկ հավաքածուն՝ 430 տուփ մագնիտոֆոնային ձայնագրություն և 125 տուփ մագնիտոֆոնային ժապավեն, Պետրոս Ալահայտոյանը նվիրաբերել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտին։ 

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Անի Հակոբյանը և ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարիաննա Տիգրանյանը։

Ժողովրդական երգերի կատարումներով հանդես կգան Լուսին Օրդուխանյանն ու Աբել Աբելյանը։

Հոբելյանական գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.11.2024թ․