News
03/10/2017
«Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» մենագրության շնորհանդեսը` ՀՀ ԳԱԱ-ում

   Հոկտեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» մենագրության շնորհանդեսը: Մենագրությունը նկարագրում է հայկական Սփյուռքը տարբեր կողմերից` կրթություն, գիտություն, հայապահպանություն, պատմություն:
   Աշխատության ուսումնասիրության առարկան Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ընթացքն է, արդյունքները և հեռանկարները: Ընդհանրական կերպով ներկայացվել  է հայկական Սփյուռքի ծագման, ձևավորման, զարգացման պատմության փուլերը, արդի վիճակը, առանձնահատկությունները:

20171002-01.jpg
   «Մենագրությունն ի մի է բերում Սփյուռքի պատմությունը, աշխարհագրությունը և, ամենակարևորը, թե ինչ ժառանգություն են մեր նախնիները թողել Սփյուռքում, որի տերը պետք լինի հայ ժողովուրդը»,- ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, մենագրության խմբագիր ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:
   Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը, Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, պետական և հասարակական գործիչներ, գիտնականներ:
   Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և ՀՀ սփյուռքի նախարարությունը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   03.10.2017թ.