| ||||||||
Սույն թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գրականագետ Սերգեյ Սարինյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը։ Սերգեյ Սարինյանի աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին։ Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրություններ ու հոդվածներ։ Իր աշխատությունների համար ակադեմիկոս Սարինյանն արժանացել է բազմաթիվ պարգևների և պատվավոր կոչումների։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց․ «Սարինյանը ֆենոմենալ գրականագետ էր։ Նա կարևորում էր գրական գործի ստեղծման գրականագիտական-գեղագիտական կարևոր սկզբունքները, նաև այն, որ գրական երկը պետք է ուղղորդի կյանքը և ունենա գաղափարական հենք։ Նրա գիտական ժառանգությունը վիթխարի է, և մենք պետք է գնահատենք և արժևորենք այն»։ Սերգեյ Սարինյանը 1952 թվականից աշխատել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, իսկ 1960 թվականից մինչև իր կյանքի ավարտը ղեկավարել է Հայ նոր գրականության բաժինը։ Սարինյանի ղեկավարությամբ լույս են տեսել «Հայ նոր գրականության պատմության» 5 հատորները, որոնց համար նա ստացել է ՀՍԽՀ պետական մրցանակ: «Այդ տասնյակ տարիների ընթացքում Սարինյանը ստեղծել է ավանդույթներ, որոնք պետք է պահպանվեն», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Իր հարցազրույցներում Սերգեյ Սարինյանը նշել է, որ Գրականության ինստիտուտը կարևոր դեր է կատարել գրականագիտական մտքի զարգացման գործում: Անշուշտ, այդ հարցում մեծ է նաև բազմավաստակ գիտնականի ներդրումը: 50-ականների սկզբից նա մտավոր-գրական կյանքի ոլորտում էր, մշտապես ուսումնասիրում էր հայ և համաշխարհային գրականությունը, յուրացնում տարբեր ուսմունքներ: Գրականությունը հոգեբանական, փիլիսոփայական լայն պարագծերում դիտարկելը հնարավորություն էր տալիս գիտնականին վերագնահատել մեր հոգևոր արժեքները, իսկ հետազոտողից պահանջել գիտական խորագույն, հմուտ ու նրբանկատ վերլուծություն, զգաստ գրելաոճ, գեղարվեստական ճաշակ, հայացքի ուղղություն, անհատական դրոշմ, տեսական գիտելիքներ», - ասաց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը։ Նա նշեց, որ գիտաժողովը հնարավորություն է մեկ անգամ ևս գնահատելու Սերգեյ Սարինյանի գիտական ժառանգությունը, հայագիտության զարգացման գործում նրա ունեցած դերը, ստեղծած գրականագիտական դպրոցը։ Այն հարթակ է նաև անդրադառնալու գրականագիտության արդիական հիմնախնդիրներին։ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը նշեց, որ Սերգեյ Սարինյանի գիտական աշխատությունները սերունդներ են կրթել և ուղենիշային են ապագա մասնագետների համար։ Գիտաժողովի ժամանակ ցուցադրվեց ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի պատրաստած ֆիլմն ակադեմիկոս Սարինյանի կյանքի ու գործունեության մասին։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 15-ը՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Այս օրերին կրթական և գիտական հաստատությունների մասնագետները կներկայացնեն Սերգեյ Սարինյանի գրականագիտական ժառանգությանը նվիրված զեկուցումներ։ |