News
12/11/2024
Միջազգային գիտաժողով՝ նվիրված արևմտահայերենի խնդիրներին

Սույն թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում անցկացվեց «Արևմտահայերենը 21-րդ դարում․ մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովը։

«Արևմտահայերենը հայերենի՝ ՀՀ պետական լեզվի լիիրավ և լիարժեք բաղադրիչն է, որ ձևավորվելով բնական զարգացման ճանապարհով՝ լեզվական մեծ հարստություն է ու կարիք ունի պետական հոգածության և գիտակրթական անհրաժեշտ վերաբերմունքի»,- բացման խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը կարևորեց արևմտահայերենի մարտահրավերների քննությանը նվիրված գիտաժողովի կազմակերպումը, հույս հայտնեց, որ զեկուցումներում ոչ միայն կներկայացվեն խնդիրներ, այլ նաև կառաջադրվեն դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլեր և միջոցառումներ։ Նա անդրադարձավ նաև հայերենի երկու ճյուղերի համընթաց զարգացման, մերձեցման ու փոխներթափանցման խնդիրներին՝ կարևորելով հայոց լեզվի միասնականության հարցը։ 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի վարիչ Սուսաննա Տիոյանը։

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» Սփյուռքի բաժնի, «Յառաջ» արևմտահայերենի կենտրոնի, Հայաստանի հանրային ռադիոյի և Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ, նաև մտավորականներ ԱՄՆ-ից, Լիբանանից, Կանադայից և Կիպրոսից։

Գիտաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում էին արևմտահայերենի կիրառության, պահպանության և ուսուցման խնդիրներն ինչպես արտերկրում, այնպես էլ հայրենիքում։ Զեկուցողներն անդրադարձան նաև զուտ լեզվական խնդիրների՝ առաջնահերթություն համարելով գրական արևմտահայերենի կանոնարկումը։ Առաջարկվեց ձևավորել Արևմտահայերենի պաշտպանության հայաստանյան խորհուրդ, կազմակերպել գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ՝ վեր հանված մարտահրավերներին դիմակայելու, եղած խնդիրների վերաբերյալ լուծումներ առաջարկելու ուղղվածությամբ։

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, ԵՊՀ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետները։

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
12․11․2024թ․