Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Հայկական քիմիական ընկերության V գիտաժողովը` նվիրված հիմնարար և կիրառական քիմիայի արդի խնդիրներին:
Գիտաժողովին ներկայացված են 44 պլենար և բանավոր զեկուցումներ և 47 ստենդային զեկուցումներ, որոնք ընդգրկում են հիմնարար և կիրառական քիմիայի ուղղությունների լայն շրջանակ`
• քիմիական փոխակերպման տեսություն, կինետիկա, տարրական ռեակցիաներ
• բարձր ընտրողական քիմիական պրոցեսներ և դրանց կիրառումը
• միացությունների սինթեզ` օժտված կիրառական կարևոր հատկություններով, նյութաբանություն
• քիմիական տեխնոլոգիա
«Ստենդային զեկուցումները պատրաստվել են հիմնականում երիտասարդ գիտաշխատողների կողմից: Դա շատ ողջունելի է, քանի որ հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ կրկին աճել է»,- ասաց ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:
Գիտաժողովին մասնակցում են 250-ից ավելի գիտնականներ 12 երկրներից` Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Լեհաստանից, Անգլիայից, Իրանից, Իսրայելից, Կանադայից:
Գիտաժողովի կազմակերպիչներն են` Հայկական քիմիական ընկերությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ Գիտության պետական կոմիտեն, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնը, Հայ-Ռուսական համալսարանը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
03.10.2017թ.