News
06/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ՌՖԷԻ-ի և ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնի տնօրենները

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմակերպությունների հերթական հանդիպումը «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շարքի շրջանակներում։ Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը։ Նա նշեց, որ բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպությունների գործունեության և հետազոտություններին նվիրված հանդիպումների շարքի նպատակն է նպաստել բաժանմունքի ինստիտուտների միջև համագործակցության խորացմանը։

Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի (ՌՖԷԻ) տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը և ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Նարեկ Սահակյանը։ 

«Ցրման արդյունավետ մակերևույթի գնահատման ծախսարդյունավետ մեթոդ» թեմայով զեկուցմամբ Տիգրան Զաքարյանը ներկայացրեց օբյեկտների ռադարային ցրման արդյունավետ մակերևույթի (ՑԱՄ) չափման ծախսարդյունավետ մեթոդը, որը չի ներառում թանկարժեք անարձագանք խցերի օգտագործումը՝ օտար առարկաներից անդրադարձումները ճնշելու համար: «Մեթոդը հիմնված է շարժվող թիրախների ընտրության (ՇԹԸ) սկզբունքի վրա, որը հնարավորություն է տալիս արդյունավետորեն մեկուսացնել հավասարաչափ շարժվող թիրախի օգտակար ազդանշանը։ Հայտնի է, որ ռադիոտեղորոշիչի ելքային պարբերական ռադիոազդանշանն ունի գծավոր սպեկտր և շարժվող օբյեկտից անդրադառնալիս ունենում է զուգահեռ դոպլերային տեղաշարժ դեպի աջ կամ ձախ՝

կախված ռադիալ շարժման ուղղությունից։ Եթե նման անդրադարձած ազդանշանն անցնում է համապատասխան պարբերական հաճախականային բնութագրով ֆիլտրի միջով, ապա հնարավոր է դառնում ճնշել անշարժ օբյեկտներից անդրադարձները, որոնց հաճախականությունը համապատասխանում է այս ֆիլտրի ամպլիտուդա-հաճախականային բնութագրի մինիմումներին: Տեղակայելով չափվող օբյեկտը որոշակի հավասարաչափ արագությամբ շարժվող հարթակի վրա, հնարավոր է վերացնել անշարժ առարկաներից անդրադարձումները: Ավելի բարձր կարգի ՇԹԸ ֆիլտրերի կիրառումը (մինչև երրորդը) կարող է ճնշել անշարժ օբյեկտներից անցանկալի անդրադարձումները մինչև 45 դեցիբել»,- ասաց Տիգրան Զաքարյանը:

«Բազմաալիքային աստղաֆիզիկա. ներկա հետազոտություններ և ապագա ծրագրեր» թեմայով զեկուցմամբ եկավ Նարեկ Սահակյանը ներկայացրեց բլազարների բազմաալիքային տիրույթում վերջին դիտումների արդյունքները՝ ներառյալ այն տվյալները, որոնք ներկայում վերլուծվում են ԻԿՐԱՆԵՏ կենտրոնում։ Այդ տվյալները օգտագործվել են Markarian Multiwavelength Data Center (MMDC) տվյալների կենտրոնի ստեղծման համար։ «Այս տվյալների կենտրոնը ծառայում է որպես հարթակ, որտեղ տարբեր գիտնականներ կարող են մուտք գործել և ներբեռնել

բլազարների բազմաալիքային տիրույթում դիտումներից ստացված տվյալները»,- ասաց Նարեկ Սահակյանը։ Նա նշեց, որ նման տվյալների կենտրոններ գոյություն ունեն տարբեր երկրներում և աստղաֆիզիկական հետազոտությունների կարևոր մասն են։ Ըստ Նարեկ Սահակյանի ներկայացրած վիճակագրական տվյալների՝ MMDC տվյալների կենտրոնը լայնորեն օգտագործում են տարբեր երկրների գիտնականեր, այդ թվում՝ Հայաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից։

Նարեկ Սահակյանն անդրադարձավ նաև բլազարների շիթերում տեղի ունեցող պրոցեսների տեսական մոդելավորման վերջին արդյունքներին՝ ներկայացնելով նեյրոնային ցանցերի վրա հիմնված նոր մեթոդ, որն օգտագործվում է ԻԿՐԱՆԵՏ կենտրոնում բլազարների դիտումների ստացված տվյալները արդյունավետ մոդելավորելու համար։ «Այս մեթոդը տեսական մոդելավորման մեջ զգալի առաջընթաց է և կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում։ Բացի այդ, նեյրոնային ցանցի վրա հիմնված մոդելավորումը հասանելի է MMDC տվյալների կենտրոնում, որը հնարավորություն է տալիս տարբեր գիտնակաների ներբեռնել իրենց տվյալները և իրականացնել տվյալների մոդելավորում»,- ասաց Նարեկ Սահակյանը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․11․2024թ․