News
05/11/2024
«Գամմա ճառագայթները որպես տիեզերքի ամենաբարձր էներգիաների սուրհանդակներ» թեմայով զեկուցում՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում «Գամմա ճառագայթները որպես տիեզերքի ամենաբարձր էներգիաների սուրհանդակներ» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել Գերմանիայի Մաքս-Պլանկի Ֆիզիկայի ինստիտուտի MAGIC խմբի ղեկավար Ռազմիկ Միրզոյանը: Նա ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ինստիտուտների գիտաշխատողներին ներկայացրել է գամմա աստղաֆիզիկայի պատմությունը՝ սկսած առաջին գործիքներից մինչև վերջին առաջադեմ դիտակները, ներառյալ՝ Large High Altitude Air Shower Observatory (LHASSO) դիտակը, ինչպես նաև Կանարյան կղզիների Լա Պալմա կղզում տեղակայված երկու 17-մետրանոց MAGIC դիտակների համակարգը։ 

Ռազմիկ Միրզոյանը ներկայացրել է տարբեր դասի աղբյուրների գամմա տիրույթում դիտարկումների արդյունքները՝ ընդգծելով  այդ տիրույթում դիտումների կարևոր դերը բարձր էներգիաներով աստղաֆիզիկական երևույթների ուսումնասիրության աշխատանքներում:

ՀՀ ԳԱԱ գիտաշխատողների հետ Ռազմիկ Միրզոյանի հանդիպումը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի և ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնի կողմից «Արտասահմանյան երկրների մասնագետների կողմից գիտական զեկույցներ» միջոցառումների շարքի շրջանակներում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05․11.2024թ․