| ||||||||
Ս/թ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքին նվիրված կենտրոնի բացման արարողությունը։ ԲԱ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանի փաստագրական արժեք հանդիսացող հանրաճանաչ Մարգարյանի շրջահայությանը (գրանցվել է 2011 թվին)։ Այս արժեքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հայկական ընդամենը 14 և փաստագրական 4 արժեքներից մեկն է, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ցանկերում ընդգրկված աշխարհի բոլոր արժեքների մեջ հազվագյուտ գիտական արժեքներից մեկը։ Նրա հիման վրա է ստեղծվել նաև Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ՀՎԱ, ArVO): Հիշեցնենք, որ Մարգարյանի շրջահայությունը (Առաջին բյուրականյան շրջահայություն), ստեղծվել է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) և պարունակում է Բյուրականի աստղադիտարանում հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի և նրա գործընկերների կողմից 1965-1980 իրականացված եզակի աստղագիտական շրջաhայության գրառումները։ Շրջահայությունը ներառում էր Տիեզերքի երբևէ կատարված ամենամեծ աստղագիտական սպեկտրադիտական ուսումնասիրությունը և համարվում է 20-րդ դարի դիտողական աստղագիտության մեծագույն ձեռքբերումներից մեկը։ Այս ուսումնասիրությունները կատարվել են ԲԱ 1մ հայելու տրամագծով Շմիդտի աստղադիտակով։ Դրանք ընդգրկում են ողջ հյուսիսային երկինքը և հարավային երկնքի մի մասը բարձր գալակտիկական լայնություններում, ինչպես նաև Ծիր Կաթնի որոշակի հատված։ Այն թվայնացվել է 2002-2007թթ․ Արեգ Միքայելյանի և իր թիմի կողմից՝ ստեղծելով թվայնացված Առաջին Բյուրականյան շրջահայությունը՝ ցածր դիսպերսիայով սպեկտրեևի քանակով (40 միլիոն սպեկտր) ամենամեծ շտեմարանն է աշխարհում և բոլոր բնագավառներում թվայնացման առաջին նախագիծն է Հայաստանում: |