News
08/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց գրական ուղղություններին և դպրոցներին նվիրված միջազգային գիտաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականության և ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը։ «Հայ գրականությունը համընթաց է շարժվել համաշխարհային պրոցեսներին, յուրացրել ուղղություններն ու հոսանքները, որոնց սկզբունքները, ընդհանրություններն ու տարբերությունները հանգամանորեն լուսաբանվել են հետազոտողների աշխատություններում։ Սակայն խնդիրն այն է, որ գրական ուղղությունների պատմությունը միագիծ չէ․ երբեմն զուգահեռ են ընթացել, երբեմն՝ փոխլրացրել մեկը մյուսին, անցել են զարգացման մի քանի փուլեր։ Տարբեր երկրներում ձևավորված նույն ուղղությունը երբեք չի եղել մեխանիկական կրկնություն։ Ուստիև, դեռևս

արժեքների վերագնահատման խնդիրներ կան, առաջ քաշված տեսակետերի վերանայման խնդիրներ, տվյալ ազգային գրականության մեջ տվյալ ուղղության և դպրոցի սահմանների ճշգրտման խնդիրներ՝ սոցիալական, քաղաքական, կենցաղային, հոգևոր իրականության իմացությամբ, անհատի և հասարակության ճակատագրերի, կյանքի ներքին շարժումների վերլուծությամբ։ Այդ է վկայում նաև գիտաժողովի հարցադրման հանդեպ մասնագիտական լայն հետաքրքրությունը․ ավելի քան 34 զեկուցում, տարբեր երկրների գիտնականների մասնակցություն՝ խորքային և մասնակի հարցերի քննությամբ»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Հերիքնազ Որսկանյանը։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասաց․ «Այս գիտաժողովն, իմ կարծիքով, ունի երկու կարևոր առանձնահատկություն։ Առաջին հերթին այն, որ գիտաժողովի թեման գրականության տեսության կարևորագույն հիմնախնդիրներից է, և փորձ է արվելու  դիտարկել գրական զարգացման ընթացքն ըստ գրական ուղղությունների։ Գիտաժողովի մյուս առանձնահատկությունն այն է, որ բոլոր զեկուցողներն այս կամ այն ձևով անդրադարձել են գրական դպրոցներին, ստեղծագործական մտածողության զանազան ձևերին նաև ըստ գրական ժանրերի։ Ես կարծում եմ, որ գիտաժողովը ոչ միայն պետք է ամփոփի, ընդհանրացնի գրական կյանքի զարգացման ընթացքը երկարատև ժամանակահատվածում, այլ նաև պիտի որոշակի խթան հանդիսանա գրական կյանքի աշխուժացման, զարգացման համար»։

Մասնակիցներին ողջույնի ուղերձ հղեց նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, ՌԳԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Պիոտրովսկին՝ կարևորելով երկու երկրների գիտական և կրթական հաստատությունների համագործակցությունը և համատեղ գիտաժողովների անցկացումը։   

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 10-ը՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, 3-րդ հարկ)։ 

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՌԳԱ Ա․ Մ․ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Վենետիկի Մխիթարյան միաբանությունը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոﬕտեի աջակցությամբ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08․10.2024թ.