| ||||||||
Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 1-6-ն անցկացվեց համազգային Գիտության շաբաթը, որը միավորեց ՀՀ գիտական, կրթական և տեխնոլոգիական կառույցների և գիտաշխատողների։ Հայաստանում առաջին անգամ անցկացված համազգային Գիտության շաբաթվա նպատակն էր մոտեցնել գիտությունը հասարակությանը։ Հոկտեմբերի 1-2-ին «Գիտությունն ամենուրեք է» խորագրով միջոցառումների շրջանակում երիտասարդները, դպրոցականները և պարզապես գիտությամբ հետաքրքրվողները գիտնականների հետ իրականացրին գիտափորձեր, անցկացրին քննարկումներ, լսեցին դասախոսություններ տարբեր թեմաներով։ Հոկտեմբերի 3-4-ին անցկացվեցին «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականները» խորագրով միջոցառումներ։ Դպրոցականներն հարցեր ուղղեցին գիտնականներին, ծանոթացան գիտության աշխարհի գաղտնիքներին։ Հոկտեմբերի 5-6-ին անցկացվող միջոցառումները նվիրված էին «Գիտական ֆանտաստիկա. երևակայի՜ր» թեմային։ Անցկացվեցին հետաքրքիր մրցույթներ։ Գիտության շաբաթը կազմակերպել էին «Գիտուժ» նախաձեռնությունը և Գիտությունների ազգային ակադեմիան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին |